Լրահոս

16.01.2014 14:39


Լրամշակվել է կրթօջախների ֆինանսավորման բանաձևը

Լրամշակվել է կրթօջախների ֆինանսավորման բանաձևը

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխման արդյունքում առաջացել է Կապանի դպրոցների անհամաչափ ծանրաբեռնվածություն, կան ազատ, չօգտագործվող տարածքներ: Կառավարության որոշմամբ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը մանկապարտեզ հիմնելու նպատակով տրամադրվել է քաղաքային համայնքին:

Նախկինում ընդունված մեկ այլ որոշման փոփոխությամբ լրամշակվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բանաձևը, որը ներառում է նաև հաստատության պահպանման ծախսի նվազագույն գումարը: Մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատության համար 2014թ. այն կազմում է մոտ 17 մլն դրամ, իսկ 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցողի համար այդ գումարը բաժանվում է 2 մասի` հաստատության պահպանման ծախսի և, աշակերտների թվաքանակից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդի:
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954թ. մայիսի 14-ի կոնվենցիայի, դրան կից 1999թ. մարտի 26-ի երկրորդ արձանագրության կիրարկման վերաբերյալ ՀՀ պարբերական զեկույցին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով: Չորս տարին մեկ պետությունը զեկույց է ներկայացնում նշված կոնվենցիայի և արձանագրության իրականացման վերաբերյալ:
ՀՀ կառավարությունը հաստատել է պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը: Որոշման ընդունումը թելադրված է «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքով, որի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողը պարտադիր կուտակային բաղադրիչի կամավոր մասնակիցների մասին անմիջապես տեղեկացնում է հարկային մարմնին, վերջինս` գործատուին: Գործատուն կամավոր կերպով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած անձի կողմից կենսաթոշակային հաշիվ բացելուն հաջորդող ամսվա բազային եկամտից պարտավոր է հաշվարկել և վճարել կուտակային վճարը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 1-ից:

Այս խորագրի վերջին նյութերը