Մեկնաբանություն

16.01.2014 18:15


Ասա ով է PR–շիկդ, ասեմ ով ես դու

Ասա ով է PR–շիկդ, ասեմ ով ես դու

Տիգրան Սարգսյանին բովանդակային առումով ոչ ոք չի պաշտպանում Ռոբերտ Քոչարյանի քննադատությունից։ Ասելիք չկա։

Ճիշտ է, մարտի են նետվել «գույնզգույն» երիտհանրապետականները, սասունմիքայելյանատիպ հնամաշ հաճախորդներն ու նախագահական ընտրությունների ժամանակ «փող կպցրած» Պարույր Հայրիկյանը, բայց միևնույն է Տիգրան Սարգսյանի պաշտպանությունը կազմակերպել չի հաջողվում. կլիենտն անհույս է։

Բովանդակային առումով ուզեցավ խոսել Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, բայց ստացվեց ինչպես միշտ։

Քննադատելով «Գույք պարտքի դիմացը»՝ Մովսիսյանը պարզապես հարվածեց այդ պայմանագիրը ստորագրած Սերժ Սարգսյանին։ Դժվար է ասել, թե արդյոք պատահականությու՞ն է վարչապետին պաշտպանելու և Քոչարյանին քննադատելու համար ձեռքի հետ նաև ուղիղ Սերժին հարվածելը, թե՞ ոչ։ Ամեն դեպքում անհարմար բան ստացվեց։

Այսօր «Տիգրան Սարգսյանի պաշտպանության կոմիտեի» մեկ այլ անդամ բացեց բերանն ու բացահայտեց վարչապետի ծրագրերը։ Պարզվում է, որ խայտառակ ձախողումների ենթարկված վարչապետը նախագահ դառնալու հավակնություններ ունի։

«Քննադատում են այն մարդուն, ով փորձում է գործ անել, ով տիրապետում է համաշխարհային քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացումներին, ով ունի առաջադեմ մտածողություն և այդ ուղղությամբ քայլեր է անում: Բոլորի համար ակնհայտ է, որ մենք ունենք կիրթ, գրագետ, ներկայանալի վարչապետ, ով տարբեր երկրների ղեկավարների մոտ կարող է մեր պետությունը ներկայացնել ու դա անել բարձր մակարդակով: Այստեղ բոլորը հասկանում են, որ մեր վարչապետը ապագա ունեցող գործիչ է, դրա համար էլ քննադատության թիրախը նրան են ուղղել»,– Տիգրան Սարգսյանի համար «օֆշորային» փաստաբանի դեր կատարող «1in.am»–ի հետ զրույցում հայտարարել է սեփական անդեմության շնորհիվ մի կարճ ժամանակահատված ԱԺ նախագահ աշխատած Սամվել Նիկոյանը։

Միայն Հայաստանում է, թերևս, նման բան հնարավոր, որ տնտեսական ճգնաժամ չկանխատեսած, իր քայլերով ճգնաժամը խորացրած, մեր երկիրը հետ շպրտած ու աղքատության մակարդակը բարձրացրած մարդուն ներկայացնեն որպես համաշխարհային քաղաքական, տնտեսական ու սոցիալական զարգացումներին տիրապետող գործիչ ու դեռ մի բան էլ պայծառ ապագա կանխատեսեն նրա համար։

Մեկ հարցում Նիկոյանի հետ կարելի է համաձայնել։ Տիգրան Սարգսյանն, իրոք, կարող է տարբեր երկրների ղեկավարների մոտ մեր պետությունը ներկայացնել։ «Սառը» պատերազմի մեջ գտնվող Հայաստանի տնտեսությանն այսպիսի շեշտակի հարվածներ հասցրած վարչապետը, իրոք, կարող է այլ երկրների ղեկավարների մոտ ներկայանալ բարձր մակարդակով, եթե, իհարկե, խոսքը վերաբերում է Թուրքիային ու Ադրբեջանին։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը