Բայց զգո՞ւմ եք, թե ինչ պրիմիտիվ, բայց, ցավոք, դեռ որոշ ազդեցություն ունեցող գիծ են բռնել մեր իշխանությունները: Հենց երկրում հասունանում են լուրջ քաղաքական գործընթացներ, իսկ բոլոր ոլորտներում ձախողված իշխանությունները հայտնվում են ժողովրդի ուշադրության կենտրոնում, հրապարակ է նետվում ինչ-որ անհեթեթ գաղափար, որի նպատակն է շեղել մարդկանց ուշադրությունն իրական խնդիրներից: Եվ շատերը սկսում են քննարկել այդ «ֆանտոմ խնդիրը»՝ մոռանալով իրական խնդիրների մասին: Ես ընդհանրապես առաջարկում եմ ուշադրություն չդարձնել նման անհեթեթություններին, նամանավանդ, եթե այդ անհեթեթ մտքերը հնչեցվում են տարբեր տիպի աշոտյանների ու շարմազանովների կողմից: Պատկերացրե՛ք, որ ձեր տունն այրվում է, և երբ դուք զբաղված եք կրակը մարելով, ձեր բակում հանկարծ հայտնվում է մի լարախաղաց, ով ձեր ուշադրությունը շեղում է առաջնային գործից: Եվ մինչև դուք վայելում եք լարախաղացի «անհավանական» ելույթը, ձեր տունը շարունակում է այրվել, ու վերջում դրանից ոչինչ չի մնում: Եվ այդ դեպքում մեղավորը ոչ թե լարախաղացն է, այլ հենց դուք, քանի որ մոռացել եք առաջնային գործի մասին: Այնպես որ, պետք չէ շեղվել տարբեր տիպի լարախաղացներով. եկեք կրակը մարենք, որ մեր տունը փրկենք:
Պետք չէ շեղվել տարբեր տիպի լարախաղացներով