Խմբագրական

05.08.2009 14:12


Արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ

Արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ

Սերժ  Սարգսյանը, հավանաբար, փոշմանած կլինի, որ առաջարկել  էր Թուրքիայի իր պաշտոնակցին՝ օժանդակել Արցախի խնդրի կարգավորման գործում։ «Հեղափոխական»  այն օրերին մեր դիվանագիտությունն այնքան «նախաձեռնողական» էր դարձել և այնպես էր «ֆուտբոլ» խաղում, որ զարմացրել էր ոչ միայն ինքն իրեն (Սարգսյանն իրեն Ադենաուերի ձեռքը սեղմող Դը Գոլի տեղն էր պատկերացնում կամ առնվազն՝ Անվար Սադաթի), այլ նաև թուրքական կողմին («էս ի~նչ նախաձեռնող հարևան ունենք» թեմայով)։  Գյուլն  ընդունեց  Ս. Սարգսյանի «մարտահրավերը»  և լրջագույն ակտիվություն ցուցաբերեց Արցախի հարցում։

 Ի սկզբանե էլ պարզ  էր, որ «ֆուտբոլային» դիվանագիտության արձանագրվող ընթացքն իրար էր շաղկապելու հայ-թուրքական հարաբերությունների և Արցախի հարցի կարգավորումը, սակայն ոմանք դա չտեսնելու էին տալիս, իսկ  ոմանք էլ  դրական տարրեր էին տեսնում այդ ամենի մեջ։ Այն ժամանակ իշխանությունն,  ի դեմս Սերժ Սարգսյանի, գտնվում էր «յոթերորդ երկնքում»՝ գոհ իր «խոդ կանյոմ»-ից,  իսկ հակառակ կողմը ներքին նախանձով էր հետևում «գյուլապատումին» և փորձում  մաս դառնալ «խրախճանքին»՝ «Օբաման լավ տղա դուրս եկավ ու կմիջնորդի հայ-թուրքական գրկախառնմանը» ծրագրի շրջանակներում։

Հետո եղավ այն, ինչի մասին ահազանգ էր հնչեցվում, բայց չէր ընդունվում։ Այդ հիմա են ամենքն ու յուրաքանչյուրն սկսել կուրծք ծեծել և քննադատել «ֆուտբոլային» դիվանագիտությունն ու «հայրենասիրական» ճառեր արտասանել  փողոցներում, մամուլի ակումբներում  ու պետական գրասենյակներում։  Հիմա վիճակն այլ է. Սերժ Սարգսյանն առիթը բաց չի թողնում Թուրքիային մեղադրելու համար՝ ասելով, որ Թուրքիան չի կատարում ձեռքբերված պայմանավորվածությունները (հետաքրքիր կլիներ իմանալ, թե ի՞նչ էին, օրինակ, պայմանավորվել ՀՀ և Թուրքիայի իշխանությունները ապրիլի 22-ին ստորագրված տխրահռչակ փաստաթղթից առաջ)։

Սարգսյանը հիմա որ երկրի նախագահի հետ հանդիպում է, սկսում է Գյուլից «բամբասել», թե՝ բա չեք ասի՝ էսպես, էսպես, ես «ֆուտբոլ» էի ուզում խաղալ, բայց նրանք «նագլի» ձևով  էդ «ֆուտբոլը» նաև Արցախի դաշտում սկսեցին խաղալ։ Սարգսյանն արդեն «մոռացել» է,  որ Թուրքիային հենց ի՛նքն է հրավիրել «ֆուտբոլ» խաղալու ոչ միայն Երևանում, այլև Ստեփանակերտում, ու նրանք էլ սիրով ընդունել են «հրավիրատոմսը»։ Ուրիշ բան, որ այժմ ՀՀ  դիվանագիտությունն ընդունել է  իր  կարճատեսությունն ու Թուրքիային է «քլնգում»՝ «քցված» առևտրականի «վառվածությամբ»։

Գանք տերպետրոսյանական ընդդիմությանը. ՀԱԿ-ում էլ են հիմա «մոռացել», որ ժամանակին, ըստ էության,  ողջունել են Ս. Սարգսյանի քայլերը  և «փողոցից» գնացել «տուն»՝ «Турецкий марш»-ին չխանգարելու նպատակով։  Նույնիսկ խոսվում էր Նոբելյան մրցանակների մասին...

Շատ քիչ ժամանակ պետք եղավ, որ բոլորի համար էլ պարզ դառնա, թե հայ-թուրքական հարաբերությունների շուտափույտ և գլխապատառ արագությամբ կարգավորումը, միայն սահմանների բացման  պարզունակ հարցի առաջ քաշմամբ,  ոչ միայն դատապարտված է ձախողման, այլև հղի է լուրջ վտանգներով։ Եթե հայկական կողմը, առանց հստակ ռազմավարության, արտահայտվում է հայ-թուրքական  հարաբերությունների շուտափույթ կարգավորման օգտին, ապա Թուրքիան, օգտվելով առիթից, Արցախի հարցում դառնում է ակտիվ խաղացող։ Պատահական չէ, որ երևանյան այցից հետո պաշտոնական Անկարան ներկայացնող դեմքերը Մոսկվայից մինչև Բրյուսել հնարավորություն ստացան քննարկել  Արցախի հարցը։ Մինչ այդ Թուրքիան նման շանս չի ունեցել երբեք։ Այսինքն, «ֆուտբոլային» դիվանագիտության եփած  «բորշչն» էր դարձել Արցախի շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումների պատճառը, և այդ ամենը տեսնելով՝ Հայաստանում  այժմ քաղաքական ուժ գրեթե չի մնացել,  որ հետ  չքաշվի «ֆուտբոլից»։  Միայն ՕԵԿ-ն  է առայժմ թուրքական «մուղամը» քաշում. դա կա՛մ Սերժ Սարգսյանի՝ նախկինում տված ցուցումների իներցիայի պահպանման արդյունքն է,  կա՛մ ՕԵԿ-ն է բացահայտված և իրական միակ քիրվայական կուսակցությունը Հայաստանում։ Ասեմ, որ հիմա անգամ քիրվայականության տեսաբաններն են հրաժարվել «շուտափույթի» գաղափարից,  իսկ եթե չեն հրաժարվել, ապա գոնե լռում են։ Իսկ ՕԵԿ-ն անդրդվելի  է.  թուրքական նաղլն է անում կոմսոմոլական էնտուզիազմով։   

Իհա՛րկե, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է  կարգավորվեն, և ՀՀ-ն իր բոլոր հարևանների հետ պետք է ունենա բարիդրացիական հարաբերություններ, բայց ոչ այս ձևով ու ոչ ամեն գնով։ Ներկա «ռասկլադով»՝  այդ գինը  կարող է լինել ընդհուպ մինչև պետականության կորուստը, եթե առանց հաշվարկների չափից շատ «նախաձեռնողականություն» ցուցաբերվի, և չափից շատ արագ  փորձ արվի կարգավորում իրականացնելու։   

Առաջարկներիս ոչ ամբողջական տեսքն այս առումով հետևյալն է.

1. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է   հստակ տարանջատել Արցախի հարցից։ Սա պետք է  լինի նախապայման Թուրքիայի հետ շփումների ժամանակ։ Այսինքն, պետք է հրաժարվել «Մենք  պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների» բանաձևից։ Կյանքը ցույց տվեց, որ դա  չաշխատող բանաձև է։ Թուրքիան ձևականորեն ընդունում է այդ բանաձևը, բայց դա չի խանգարում նրան ակտիվանալ Արցախի մասով։ Ուստի հայ-թուրքական հարաբերությունների հիմքում պետք է  լինի հստակ նախապայման.  Թուրքիան պաշտոնապես պետք է հայտարարի, որ չեզոք է լինելու Արցախի հարցում և որևէ ձևով չի խառնվելու բանակցային գործընթացին, իսկ ՀՀ-ն կարող է դրա դիմաց  հայտարարել, որ հայ-թուրքական բանակցությունների սեղանին չի դրվի Թուրքիային հողային պահանջ ներկայացնելու խնդիր, որը չի նշանակում, թե ցեղասպանության հարցը պետք է դուրս մղվի օրակարգից։ Եթե դա չի արվում, ապա անիմաստ է խոսել սահմանների բացման մասին, քանի որ, միևնույն է, Թուրքիան սահմանները չի բացի, սակայն կօգտվի սահմանների բացման գործընթացից՝ «բանակցություններ հանուն բանակցությունների»  տարբերակով, որի արդյունքում մենք   ոչինչ չենք շահի (Էլ չենք խոսում դիվանագիտական կորուստների մասին)։

2. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը  պետք է դրվի ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգ։ Սա շատ պրագմատիկ և ոչ թե զգացական մոտեցում է։ Այդ մասին ավելի մանրամասն կանդրադառնամ մեկ այլ առիթով։

Փորձը ցույց է տվել, որ, երբ ՀՀ իշխանությունները փաստացի դուրս են թողնում ցեղասպանության հարցը դիվանագիտական օրակարգից և «տակից» են փորձում դա առաջ  տանել կամ ընդհանրապես հրաժարվել այդ հարցից,  ապա, միևնույն է,  Թուրքիան ոչ մի կերպ դրան չի արձագանքում. ո՛չ սահմանն է բացում, ո՛չ էլ հարաբերություն է հաստատում մեզ հետ։ Ավելին, հօգուտ Ադրբեջանի, ակտիվանում է Արցախի հարցում։ Խնդրեմ, Սերժ Սարգսյանի գլխավորած  իշխանությունն այժմ  փաստացի հանել է Հայոց ցեղասպանության  ճանաչման հարցը արտաքին քաղաքական օրակարգից.  դրա  փաստաթղթային վավերացումը տեղի ունեցավ  այս տարվա ապրիլի 22-ին։ Եվ ի՞նչ։ Թուրքիան փոխվե՞ց։ Իհարկե ո՛չ։ Ընդհակառակը... Ուրեմն մեր նախաձեռնողականությունը պետք է լինի լրիվ հակառակ ուղղությամբ և ոչ թե այժմյան մոդելով։

Նույն տրամաբանությունը պետք է գործի նաև Ադրբեջանի պարագայում։ Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին պետք է նույնը հակադրել, որ Ալիևը չափը ճանաչի ու հանգիստ նստի բանակցային սեղանին։ Իսկ եթե մենք այստեղ առավոտից երեկո ելույթներ ունենանք ու ինքներս մեզ քարոզենք, թե մինչև Արցախի հարցը չլուծվի՝ Հայաստանը չի  զարգանա,  թե մենք չենք ուզում պատերազմ լինի, քանի որ Ադրբեջանը հարստացել է նավթով ու մենք լավ վիճակում չենք, ապա, այդպիսով,  նախ չենք լուծի Արցախի հարցը, և,  բացի այդ, կմեծացնենք պատերազմի վերսկսման հավանականությունը։

Եթե Ադրբեջանին ասում ենք, թե մենք վախենում ենք պատերազմից, ապա դրանով խաղաղության հաստատ չենք հասնում։ Էլ ավելի ենք հեռանում իրական խաղաղությունից այն դեպքում, երբ մեզ մոտ մրցավազք է սկսվում քաղաքական ուժերի մոտ՝ «Ով ավելի շատ հող կհանձնի» կարգախոսով։ Ավելին, այդ դեպքում Ալիևը կարող է ասել (և ասում է), որ մեր փոխզիջումն այն է, որ պատերազմ չենք սկսի, ու դրա համար հիմա հայերդ ոչ միայն ազատագրված, այլև բուն Ղարաբաղն էլ կտաք, իսկ հետո կտեսնենք, թե Սյունիքի հետ ինչպես կարելի է վարվել։ Սրա՛ն  է հանգեցնելու մեր «խաղաղասերների» նշած ճանապարհը։ Նման զարգացումների դեպքում, այո, խաղաղություն կլինի, բայց Հայաստան չի լինի։ Կդառնանք թուրքական ծայրագավառ ու, իրոք, «խաղաղ» կապրենք. այսինքն այնպես, ինչպես «ապրում էին»  հայերը օսմանյան կայսրության մեջ։ Թուրքական բանակ մեզ չեն վերցնի, քանի որ չեն վստահի լուրջ գործեր և, այդպիսով, կիրականանա բազում հայ ընտանիքների երազանքը՝ տղային բանակից ազատելու մասով։

Նկարագրածս տարբերակը շատ մոտ կարող է լինել իրականությանը (այլ հարց է, թե արդյոք ոմանք գիտակցո՞ւմ են, որ իրենց այսօրվա մտածողության վերջը դա է, թե՞ ոչ)։ Բայց դա ճանապարհ չէ, և համոզված եմ, որ այդպես երբեք չի լինի։ Պարզապես ցավալի է, որ այդօրինակ «խաղաղասիրության» գաղափարակիրներ մեզանում դեռ կան։  Դա արդեն մտածողության՝ դարերի ընթացքում թուրքական լծի տակ արմատացած կղերապահպանողական մտածողության հետևանք է, որից պետք է ձերբազատվել, քանի որ անկախ պետականություն  ունեցող ազգն արդեն չի կարող  պետականության բացակայության պայմաններում ձևավորված մտածելակերպով առաջնորդվել։

 Անդրանիկ   Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը