Աշխարհ

17.01.2014 17:26


Չին միլիոնատիրուհին հավաքարար է աշխատում (տեսանյութ)

Չին միլիոնատիրուհին հավաքարար է աշխատում (տեսանյութ)

Չինական Ուհան քաղաքի 54-ամյա բնակչուհի Յու Յոժենն ամեն օր արթնանում է գիշերվա ժամը 3–ին և գնում փողոց ավլելու։ Նա երկու երեխա ունի, որոնք նույնպես ծանր և ցածրակարգ աշխատանքով են ապրուստի գումար վաստակում։ Եվ սա այն դեպքում, երբ Յոժենի բանկային հաշվին ավելի քան 1մլն դոլար կա։ «Mirror»–ի փոխանցմամբ՝ չինուհին վստահ է՝ փողը չի արդարացնում ծուլությունը։

Իր կյանքի ընթացքում Յոժենն աշխատել է որպես խոհարար, բեռնատարի վարորդ և հավաքարար։ Նրա ֆինանսական վիճակը կտրուկ բարելավվել է 5 տարի առաջ, երբ պետությունը գնել է չինուհուն պատկանող հողատարածքը։ Ստացված գումարը Յոժենը ներդրել է անշարժ գույքի շուկայում և հաջողության հասել։ Այժմ նա 21 շենքի սեփականատեր է, որոնցից յուրաքանչյուրը մեծ եկամուտ է բերում։ Այդուհանդերձ, Յոժենը մտադրված է շարունակել հավաքարար աշխատելը։

«Ես չեմ ցանկանում նստել տանը և ոչինչ չանել՝ երեխաներիս համար վատ օրինակ ծառայելով։ Ծուլությունը հազար տեսակ վատ որակների է հանգեցնում»,–ասել է չին միլիոնատիրուհին։

Յու Յոժանի ղեկավարի խոսքերով՝ 15 տարվա ընթացքում նա երբեք չի ուշացել աշխատանքից, իսկ արձակուրդ վերցրել է ընդամենը 3 անգամ, այն էլ՝ ամեն անգամ մեկ օրով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը