Մեկնաբանություն

18.01.2014 22:45


Իշխանությունը դաշտ է նետել ողջ ռեզերվը

Իշխանությունը դաշտ է նետել ողջ ռեզերվը

Մեկ-մեկ մտածում ես՝ իսկ գուցե Չարենցի պատգամը անե՞ծք Է:

«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Այս պատգամը անեծք է թվում հատկապես այն ժամանակ, երբ կա համախմբման անհրաժեշտություն, օրինակ, երկրի ու ժողովրդի համար կարեւոր ու կենսական խնդիր լուծելու համար: Եվ երբ համախմբումը որոշ չափով տեղի է ունենում՝ հանկարծ այս ու այն ծակից գլուխները դուրս են հանում ու մեր առջեւ ցցվում են ինչ-որ մարդիկ, խմբեր ու խմբավորումներ, «փորձագետների» ու «ստատուսագիրների» ջոկատներ ու սկսում են «կողքից» քննարկել ու գնահատել տեղի ունեցածը:

Այսօրվա հանրահավաքն ու երթը, որ բավական տպավորիչ էր, պարզվում է, նշված խմբերին ու խմբավորումներին՝ տեսեք-տեսեք՝ այնքան էլ չի գոհացրել:

Սրանք երբ էին տեսել, որ հունվար ամսվա կեսին այդքան մարդաշատ լինել հրապարակը: Վերջին անգամ երբ են նման բան տեսել՝ հազիվ թե հիշեն:

Սակայն կոմսոմոլի հրահանգչի պես խասում են՝ «էս ըսենց չպետք ա արվեր, էն ընենց չպետք ա արվեր»: Հետո էլ կորեյկոյական տիպի հաշվապահի նման թվեր են նշում, հանում-գումարում են ու «պարզում», թե որքան մարդ է փողոց դուրս եկել, ինչ նպատակով, ում «ականջներն են երեւում» այս ամենի հետեւում: Վերջը հասան ու դեմ առան Կրեմլին: Նորմալ մարդիկ ծիծաղեցին, բայց քանի որ ֆանտազյոռություն անողները լավ են վարձատրվում՝ շարունակեցին իրենց «հետախուզական աշխատանքները»:

Հասկանալի չէ, այս մարդիկ, որ իրենց «ընդդիմադիր» են համարում, ինչպես կարող են չարախոսել կամ չարախնդալ «Դեմ ենք» նախաձեռնության եւ նրան աջակցող ոչիշխանական չորս ուժերի գործողությունների վրա: Թվում է, թե սրանց պետք է ոգեւորի համախմբումը, այնինչ՝ նստել են համակարգչի առջեւ ու ստանձնելով յոթծովիմերանի դերը «ուշադրություն են հրավիրում» այս կամ այն գործչի ասածների ու արածների վրա, նկարներ են տարածում, թե «իրար ատող մարդիկ ոնց են կանգնել իրար կողքի»: Կամ՝ «գրանտակարների մասնակցությունը արժեզրկեց հանրահավաքն ու երթը»,- անկապ դուրս է տալիս հաջորդ ,,ստատուսագիրը,,:

Պարզապես, նողկալի է:

Նողկալի չէ՝ ողբալի է, երբ, մանավանդ, դրանց շարքում տեսնում ես «ակԾիվիստների», ովքեր առավոտից իրիկուն սոցիալական ցանցերում «համազգային համախմբման կոչեր» են անում, բայց հիմա, երբ տեսնում են կոնկրետ հարցի շուրջ համախմբված պայքար՝ ժամերով ցնդաբանում են՝ փորձելով ամեն կերպ սեւացնել պայքարի կազմակերպիչներին:

Եվ արդեն չես կարողանում լռել ու սրանց չհարցնել՝ «Հիմա դուք ում եք դեմ՝ Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին և նրանց վարած քաղաքականությանը, թե «Դեմ ենք» նախաձեռնությանը»:

Դատելով սրանց պահվածքից, ստացվում է, որ սրանք դեմ են «Դեմ ենք»-ին:

Բայց այս ամենի մեջ լավ բան էլ կա։ Միանգամից բացահայտվում են բոլոր ներդրվածներն ու «պայքարիստները»։ Սա նաև ցույց է տալիս, որ իշխանություններն այնքան են խառնվել իրար, որ դաշտ են նետում ամբողջ ռեզերվը։

Ախր հեչ խելք չունեն։ Մի քիչ էլ վաղվա օրվա մասին մտածեք։ Օգտատերերի ամբողջ ռեզերվը մի՛ օգտագործեք։ Թեև դա էլ օգուտ չի կարող տալ։ Ի վերջո մարդիկ անասունից տարբերվում են բանականությամբ։ Բոլորն էլ ամեն ինչ հասկանում են։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը