Մեկնաբանություն

21.01.2014 03:15


Կավե ոտքերով հսկաները

Կավե ոտքերով հսկաները

«Մենք մեզ շատ ուժեղ ենք զգում», «Մենք վստահ ենք մեր ուժերի վրա», «Իշխող քաղաքական մեծամասնությունը բավականին լուրջ դիրքեր ունի»։

Վերջին օրերին այս եւ նման հայտարարություններ հաճախ ենք լսում իշխանական ճամբարից:

Հարց է առաջանում՝ բա որ ձեզ «շատ ուժեղ» եք զգում, ինչո՞ւ եք իրար խառնվել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներից, ինչո՞ւ եք անհանգստացել շաբաթ օրը տեղի ունեցած «Դեմ եմ»–ի շարժման հանրահավաքից ու երթից, որին մասնակցում էին նաեւ ոչիշխանական քաղաքական ուժերը: Եվ այն էլ այնքան ջղաձիգ եք արձագանքում, որ «շատ ուժեղությունից» բան չի մնում:

Եթե վստահ եք ձեր ուժերի վրա եւ եթե բավականին լուրջ դիրքեր ունեք, ապա ինչու եք կորցրել ձեր անդորրն ու քունը եւ օրական մի քանի անգամ նետվում եք առաջ, որպեսզի մի հատ է, էլի մի հատ էլ էլի ու էլի «հարվածեք» ոչիշխանական ուժերին:

Հանրության շրջանում վստահություն ունեցող, ժողովրդի աչքում գոնե տանելի կառավարություն ընկալվելու պարագայում՝ հազիվ թե որեւէ իշխանություն իրեն թույլ տար այդքան նյարդային արձագանքել ու ամեն կերպ սեւացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ միասնական գործողություններ իրականացնող ոչիշխանական ուժերին, որոնք ընդամենը աջակցում են «Դեմ ենք» շարժմանը:

Կամ եթե երկրորդ նախագահի կառավարությանն ուղղված քննադատություններն անհիմն են, ապա ինչու եք ոտքի հանել կառավարության անդամներին՝ պարտադրելով վերջիններիս «հակահարցազրույցներ» տալ: Այնպիսի «հակահարցազրույցներ», որոնք ավելի են բարդացնում կառավարության եւ նրա ղեկավարի առանց այն էլ ոչ նախանձելի վիճակը:

Վեց տարի մատը մատին չեն խփել, ինչի հետեւանքով երկիրը հայտնվել է նեխահոտ ճահճի մեջ, եւ հիմա փաստորեն, կառավարությունը վերջապես սկսել է «աշխատել»: Կաբինետներում նստած, հավանաբար գիշերներ են լուսացնում, որ հակադարձեն երկրորդ նախագահին: «Գործ» են անում։

Ինչ վերաբերում է հանրահավաքին ու երթին, ապա իրեն «վստահ եւ ուժեղ» զգացող իշխանությունը շատ լավ գիտի, թե այսօր ինչպիսին է ժողովրդի սոցիալական վիճակը: Անաչառ ու անկախ մասնագետները իրավիճակը գնահատում են պայթյունավտանգ: Տիրող ապատիան իբր քիչ է, այժմ էլ մարդիկ գրեթե խելակուրույս վիճակի մեջ են հայտնվել՝ իմանալով կոմունալ վարձերի մասին:

Դե հա թող իշխանությունն ասի՝ «Մենք մեզ վստահ եւ ուժեղ ենք զգում» ու «տակառ գլորի» պայքարողների ուղղությամբ: Դրանից ինչ-որ բա՞ն Է փոխվելու:

Իհարկե, ոչ:

Կամ՝ եթե իշխանությունը ամեն կերպ փորձում է փոխել պայքարի բնույթը՝ շարունակ շեշտելով, թե հիմա ոչ թե «քաղաքական», այլ «քաղաքացիական» պայքարի ժամանակներ են՝ դրանից որեւէ կերպ փոխվո՞ւմ է երկրի ու ժողովրդի վիճակը:

Իրականությունը մեկն է՝ ժողովրդի համբերության բաժակն լցվել է եւ նա այլեւս չի ցանկանում այսպես ապրել:

Ցասումն ու բողոքը «քաղաքացիականի» հուն տեղափոխելով՝ կախարդական փայտի՞կ է հայտնվելու կառավարության ձեռքին եւ նա լուծելո՞ւ է տարիներով կուտակված խնդիրները: Բնականաբար, ո՛չ:

Դե՛հ, թող իշխանությունը դարձյալ շարունակի ինքն իրեն հավատացնել, որ «շատ ուժեղ» է: Բայցև՝ նա իր այդքան վստահ կեցվածքով անպայման թող սպասի իրենից ավելի ուժեղի՝ ժողովրդի հարվածին, որը մինչեւ կոկորդը կուշտ ու զզված ամեն ինչից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը