Մեկնաբանություն

21.01.2014 12:00


Քաղաքական անկայունությունը

Քաղաքական անկայունությունը

Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի որոշումը՝ Հայաստանը մտցնել Մաքսային միություն, ներքաղաքական նոր իրավիճակ է ստեղծել: Արտաքին և ներքին գործոնները քաղաքական անկայուն իրավիճակ են ստեղծել: Նախ՝ Սերժ Սարգսյանը դարձել է անընդունելի գործիչ միջազգային կարևոր դերակատարների համար: Նրա արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ միջազգային հանրությունը ծայրաստիճան բացասական վերաբերմունք է ցույց տալիս նրա նկատմամբ, որն էլ ազդում է Հայաստանի վարկանիշի վրա:

Ներքին քաղաքական ուժերը ևս սկսել են փոխել իրենց դիրքորոշումը, որն իշխանության համար վտանգներ է սկսել ստեղծել: Այս ամենը բերել է նրան, որ մի շարք գործընթացներ դուրս են եկել իշխանության վերահսկողությունից: Տնտեսական անկայունությունը ևս նպաստել է քաղաքական անկայունության ստեղծմանը, որը բիզնեսին ևս մղել է փոխելու իրենց վերաբերմունքն իշխանության նկատմամբ:

Անկայունությունը ստիպել է քաղաքական սուբյեկտներին քայլեր ձեռնարկել: Հոկտեմբերի վերջին Լևոն Տեր–Պետրոսյանը հրապարակեց իր հոդվածը, որտեղ առաջին նախագահը ներկայացրեց ութ պատճառ, թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա: Ըստ առաջին նախագահի՝ Սերժ Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ նրա ցանկացած քայլ տանում է Հայաստանի անխուսափելի պարտության միջազգային հարաբերություններում:

Ցուգցվանգի մեջ գտնվելու պատճառով է դեկտեմբերին Ազգային ժողովում հայտնվել գազի պայմանագրերը: Եվ իսկապես, նրա ցանկացած քայլ Հայաստանը տանում է պարտության միջազգային հարաբերություններում:

Անկայունթույունը ստիպել է նաև Ռոբերտ Քոչարյանին արտահայտվել ներքաղաքական իրավիճակի մասին: Երկրորդ նախագահը խիստ քննադատության է ենթարկել Տիգրան Սարգսյանի ու նրա թիմի տնտեսական քաղաքականությունը և վարքագիծը: Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ Արմեն Մովսիսյանի հարցազրույցի վերաբերյալ հաղորդագրությունում «Գույք պարտքի դիմաց» գործարքի մասին պարզաբանումներում վերջինիս հիշեցրեց, որ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի բանակցությունները վարում էր Սերժ Սարգսյանը:

Քոչարյանը նաև Արմեն Մովսիսյանին զգուշացրեց, որ հիշողության ընտրողականությունը նենգ բան է, քանի որ դարպասները շփոթելու պատճառ կարող է հանդիսանալ, և նա կարող է ինքնագոլի հեղինակ դառնալ:

Անկայունությունը քաղաքական սուբյեկտների ու երկրի համար վտանգ է ստեղծել: Նրանք հասկանում են, որ ներկայիս քաղաքական կուրսը կործանիչ վտանգ է ստեղծում նրանց համար: Այդ իսկ պատճառով քաղաքական ուժերի միջև համագործակցությունը ռացիոնալ է դարձել: Ճիշտ է, նրանց շահերը ամբողջովին չեն համընկնում, սակայն համընդհանուր վտանգը որոշ հարցերում համագործակցությունը ռացիոնալ է դարձնում:

Այսօր Հայաստանում քաղաքական այնպիսի անկայուն իրավիճակ է, որը կարող է ստիպել քաղաքական ուժերին համախմբվել հանուն իշխանափոխության:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը