Մեկնաբանություն

21.01.2014 13:55


ՀՀԿ–ի հետագիծը

ՀՀԿ–ի հետագիծը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը ՀՀԿ–ն անվանեց օպորտունիստների կուսակցություն։ Ավելի դիպուկ բնորոշում դժվար է գտնելը։

ՀՀԿ–ում, իհարկե, չգիտեն, որ իրենք տառապում են օպորտունիզմով։ Պատճառը «տեխնիկական» է. այդ տերմինին հանրապետականների ճնշող մեծամասնությունը պարզապես ծանոթ չէ։ Բայց դա չի խանգարում իրենց լինել օպորտունիստ։

Ի տարբերություն Տեր–Պետրոսյանի՝ ՀՀԿ ներկայիս ղեկավար Սերժ Սարգսյանը սխալվեց սեփական կուսակցությանը գնահատական տալիս։ Նա ասում էր, թե կուսակցությունը ոհմակ չէ։ ՀՀԿ–ականներն իրենց վարքուբարքով հերքում են Սերժ Սարգսյանի ասածները։

Այնպես է ստացվել, որ ՀՀԿ–ի պատմությունն ինչ–որ առումով դարձել է Հայաստանի Հանրապետության պատմությունը։ Աշոտ Նավասարդյանի հիմնադրած «մի Զապոռոժեցի» այդ կուսակցությունը սկզբում հանգրվանեց «Հանրապետություն» բլոկում և ՀՀՇ–ի թևի տակ 1995–ին մտավ խորհրդարան։ Հետո եկավ ՀՀՇ–ից երկրապահ դառնալու և Լևոն Տեր–Պետրոսյանից Վազգեն Սարգսյանի տակ մտնելու փուլը։

1999–ի հոկտեմբերի 27ից հետո ՀՀԿ–ն մի պահ թունդ ընդդիմացավ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Նրանք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ ակնարկելով, որ նա խոչընդոտում է սպանության բացահայտումը։ Շատ չանցած, սակայն, ՀՀԿ–ն դարձավ Ռոբերտ Քոչարյանի հենարաններից մեկը՝ Սերժի հրաժարականի պահանջը փոխարինելով պաշտոնների հետ (Սերժի հրաժարականի պահանջի ու պաշտոններ ստանալու արանքում ՀՀԿ–ն հասցրեց նույնիսկ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ վարչապետ նշանակված Արամ Սարգսյանի տակ մտնել)։

2003-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն ՀՀԿ համամասնական ցուցակում 2–րդ համարն էր։ ՀՀԿ–ականները հետագայում կուսակցական նոր պաշտոն հորինեցին, որպեսզի կարողանան բավարարել Սերժի պահանջները։

2007ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հանկարծամահ եղավ նորաթուխ ՀՀԿ–ական վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից այսօր կատաղի քննադատության առարկա դարձած Անդրանիկ Մարգարյանը։ Այդ մահը բոլոր առումներով շահեկան դարձավ Սերժ Սարգսյանի համար, քանզի նա հնարավորություն ստացավ նստել Մարգարյանի երկու աթոռների վրա՝ դառնալով վարչապետ և ՀՀԿ նախագահ։

ՀՀԿ–ականները հիմա ծառայում են Սերժ Սարգսյանին այնպես, ինչպես ծառայել են Լևոն Տեր–Պետրոսյանին, Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Անդրանիկ Մարգարյանին։ Իսկ դա նշանակում է, որ շուտով գալու է Սերժ Սարգսյանի վրա ոհմակով կամ, ավելի ճիշտ, երիտոհմակով հարձակվելու ժամանակը։ Խոստանում ենք, որ այդ ժամանակ կպաշտպանենք Սերժին իր այսօրվա ոհմակից, եթե, իհարկե, ՀՀԿ ղեկավարն այնքան խելք և հեռատեսություն ունենա, որ հեռանա առանց ցնցումների։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ ՀՀԿ–ի կայքում ներկայացված է այդ կուսակցության պատմությունը։

«Անդրանիկ Մարգարյանի վարչապետության տարիներին ոչ միայն զգալի դրական տեղաշարժեր արձանագրվեցին երկրի տնտեսական ու պետական կառավարման համակարգերում, այլեւ էական աշխատանք տարվեց ազգային գաղափարախոսության կշիռը հասարակական-քաղաքական եւ պետական կյանքում մեծացնելու ուղղությամբ»,– կարդում ենք «hhk.am»–ում:

Այսօր ՀՀԿ–ական վարչապետ Տիգրան Սարգսյանը «փուչիկ» է համարում «տնտեսական համակարգում արձանագրված դրական տեղաշարժերը»։ ՀՀԿ–ականները, սակայն, չեն քննադատում «միջազգային կենտրոնների» և օֆշորային գործարքների սիրահար վարչապետին ու չեն պաշտպանում իրենց հին ընկեր Անդրանիկ Մարգարյանին։ Անգամ Անդրանիկի որդի Տարոնը ծպտուն չի հանում և գերադասում է Երևանի քաղաքապետի «ատկատաբեր» աթոռը չկորցնելը, քան մահացած հոր պատիվը պահելը։

Պատկերացնում եմ, թե ինչ է լինելու Տիգրան Սարգսյանի հետ, երբ նա կհեռանա կամ կհեռացվի պետական պաշտոնից։ Այ նրան, ինչպես ասում են՝ «պռի լյուբիխ ռասկլադախ», հաստատ չենք խոստանում պաշտպանել ՀՀԿ–ական ոհմակից։

Այս խորագրի վերջին նյութերը