Լրահոս

22.01.2014 01:40


«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ. «Հայաստանին պետք է իշխանափոխություն, և այս շարժումը պետք է շարունակական բնույթ ունենա»

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ.  «Հայաստանին պետք է իշխանափոխություն, և այս շարժումը պետք է շարունակական բնույթ ունենա»

Հարցազրույց «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ՏՏ ոլորտի մասնագետ Տիգրան Բադալյանի հետ

–Որոշ կարծիքներ են հնչում, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ սկսված պայքարը չպետք է քաղաքականացնել։ Ձեր կարծիքով առանց քաղաքական ուժերի աջակցության՝ քաղաքացիական հասարակությունը կարո՞ղ է հասնել այս օրենքի պարտադիր բաղադրիչի կասեցմանը։

–Կարծում եմ, որ այս պայքարը միանշանակ պետք է ստանա քաղաքական ընթացք, քանի որ եթե չքաղաքականացվի, ապա առաջընթաց չի ունենա: 4 ոչիշխանական ուժերի աջակցությունը շատ կարևոր է քաղաքացիական հասարակության համար, և միայն համախմբված ու միասնական պայքարով կարող ենք հասնել այդ օրենքի կասեցմանը:

–Պատահակա՞ն եք համարում, որ ոչիշխանական ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» հետ չհամագործակցելու կոչերը հատկապես ակտիվացան հունվարի 18–ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բազմամարդ հավաք–երթից հետո։

–Ո՛չ, որովհետև իշխանությունները միշտ էլ վախեցել են և վախենում են ժողովրդի համախմբումից ու միասնական գործելուց:

–Չե՞ք կարծում, որ այդ պայքարը չքաղաքականացնելու և ոչիշխանական 4 խմբակցությունների հետ չհամագործակցելու կոչերն իրականում ուղղորդված են իշխանության կողմից, և միմիայն իշխանությանն են ձեռնտու։

Հունվարի 18-ին կայացած հզոր հավաք-երթը ապացուցեց իշխանություններին, որ ժողովուրդը համախմբված է ու գործում է միասնական 4 ոչիշխանական ուժերի հետ: Չքաղաքականացնելը և ոչիշխանական 4 խմբակցությունների հետ չհամագործակցելը ուղղորդվում է Բաղրամյան 26-ից:

–Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության միջև մտցվող այս պառակտումը։

–Իշխանության անհանգստությունը պարզ է՝ միայն միասնական ուժերով կարող ենք հասնել ոչ միայն այս, այլև բոլոր տիպի հարցերի լուծմանը, և ունենալ ամենակարևորը՝ լեգիտիմ իշխանություն:

–Հնարավո՞ր է, որ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի սկսված այս շարժումն ավելի լայն ընդգրկում ստանա, և սկսի պայքարել իշխանափոխության համար։ Ու ընդհանրապես, արդյոք Հայաստանին պե՞տք է իշխանափոխություն։

–Միանշանա՛կ Հայաստանին պետք է իշխանափոխություն, և այս շարժումը պետք է շարունակական բնույթ ունենա: Ոչ միայն պետք է պայքարենք կուտակայինի պարտադիր բաղադրիչի դեմ, այլև գնանք մինչև իշխանափոխություն, որովհետև միայն իշխանափոխությունով երկիրը կարող ենք փրկել կործանումից: Շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը