Լրահոս

25.11.2010 14:26


Լիբանանում Հայաստանի դեսպանությունը հանդիպում է կազմակերպել լիբանանահայ արվեստագետների հետ

Նոյեմբերի 23-ին Լիբանանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում լիբանանահայ արվեստագետների, քանդակագործների, գեղանկարիչների, դիզայներների եւ ցուցասրահների տնօրենների հետ:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա կարեւորեց Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման եւ ընդլայնման գործընթացը, նշեց, որ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները կարող են հաղթահարվել միասնաբար եւ համատեղ ջանքերով' համերաշխության եւ նվիրվածության սկզբունքների հիման վրա: Դեսպանը ներկաներին տեղեկացրեց, որ  Հայկական խաչքարի արվեստը. Խաչքարի խորհուրդը եւ խաչքարագործությունը ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մեջ: Նա ընդգծեց, որ դա հնարավոր դարձավ նաեւ աշխարհասփյուռ' մասնավորապես Լիբանանի հայ համայնքի ներգրավվածության եւ աջակցության շնորհիվ:

Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում կայացած «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» խորագրով կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի արդյունքների, ընդունված որոշումների եւ առաջարկությունների մասին զեկուցեցին Բեյրութի  «Նոյան Տապան» ցուցասրահի տնօրեն Մովսես Հերգելյանը եւ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն դոկտոր - պրոֆեսոր Արարատ Աղասյանը: Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման, հայ արվեստագետների համախմբման եւ հետագա գործողությունների ծրագրի մշակման վերաբերյալ:  Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր ճարտարարպետ, դոկտոր-պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը: 

Այս խորագրի վերջին նյութերը