Մեկնաբանություն

22.01.2014 18:16


Սերժ Սարգսյանը կորցրել է Հայաստանը

Սերժ Սարգսյանը կորցրել է Հայաստանը

Արտաքին գործերի նախկին նախարար, ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում ամենևին էլ ոչ հռետորական հարցադրմամբ է հանդես եկել։

Ինչպես հայտնի է, Սիրիայի հարցում 39 երկիր է ներգրավվել բանակցություններում, սակայն Հայաստանն այդ ցանկում չկա։ Մինչդեռ, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, մեր պետությունն անպայման պետք է ներկա լիներ Ժնևում։ Պետք է լիներ, բայց չկա։ Եվ ահա Օսկանյանը տարակուսանք և մտահոգություն է հայտնում այդ կապակցությամբ։

Նախկին արտգործնախարարն, անշուշտ, գիտե իր իսկ կողմից բարձրացրած հարցի պատասխանը, բայց դիվանագետներին ներհատուկ պոլիտկոռեկտությամբ այլ կերպ է տալիս այդ պատասխանը։

Մենք ավելի «քյասար» պատասխան կտանք Օսկանյանի առաջ քաշած հարցադրմանը։

Հայաստանը Ժնևում չի մասնակցել Սիրիայի հարցում քննարկմանը, քանզի 2008–ից հետո մեր երկրի արտաքին քաղաքականությունը դարձել է «նախաձեռնողական»։

Սերժ Սարգսյանը, այդ «նախաձեռնողականության» շրջանակներում, սկզբում «Ֆուտբոլ» խաղաց թուրքերի հետ՝ գրանցելով խայտառակ արդյունքներ։ Հետո նա դարձավ խիստ «արևմտամետ», բայց վերջում մտավ Մաքսային միություն՝ հընթացս հավատարմության երդում տալով Գյուլիստանի պայմանագրին։ Հայաստանն այդ ընթացքում, բնականաբար, վերածվեց ֆուտբոլի գնդակի, իսկ Սերժ Սարգսյանը՝ աշխարհաքաղաքական թափառաշրջիկի։

Նմանատիպ «նախաձեռնողականության» արդյունքում Հայաստանը գործնականում հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ։ Հայաստանին հիմա չեն վստահում Արևմուտքում և չեն հարգում Ռուսաստանում։ Այս պայմաններում բնական է, որ Սիրիայի ու մյուս հարցերով մեզ չեն ներգրավել քննարկումների գործընթացի մեջ։ Համոզված եմ, որ Հայաստանից նույնիսկ փորձ էլ չի արվել մասնակցել այդ քննարկումներին։

Թշիկները սոլանաներին դեմ տված արտգործնախարար Էդիկ Նալբանդյանն ավելի լուրջ գործով է զբաղված՝ պետության հաշվին «տժժալով» պանամաներում ու կուբաներում։

Դե իսկ Սերժ Սարգսյանին սեփական աթոռից բացի այլ բան չի հետաքրքրում։ Այնպես որ Սիրիայի հարցով Հայաստանի չմասնակցությունն ամբողջությամբ տեղավորվում է սաստիկ «նախաձեռնողական» քաղաքականության շրջանակներում։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Սիրիայի հարցով քննարկումներին չմասնակցելը դեռ կես դժբախտությունն է։ Շատ ավելի սարսափելի կլինի, երբ Հայաստանը չմասնակցի Ղարաբաղի հարցով քննարկումներին։

Դատելով ամենից՝ դեպքերը հենց նման սցենարով էլ զարգանում են։ Հո՞ պատահական չէ Սերժ Սարգսյանը պալատական «ծովահեն» Զորի Գայկովիչին «մեյդան» հանել ու Գյուլիստանի պայմանագրի միջոցով քծնում Պուտինին։ Նպատակն այն է, որ ինքն այստեղ նշանակովի գուբերնատոր աշխատի, իսկ Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության հարցերով զբաղվեն Կրեմլում։

Այս խորագրի վերջին նյութերը