Լրահոս

23.01.2014 10:42


ԼՂՀ դատախազության պարզաբանումը Վիտալի Բալասանյանի հայտարարության կապակցությամբ

ԼՂՀ դատախազության պարզաբանումը Վիտալի Բալասանյանի հայտարարության կապակցությամբ

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը, 2013 թ. դեկտեմբերի 29-ին իր հանդեպ կատարված մահափորձի առնչությամբ, հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես դժգոհություն է արտահայտում ԼՂՀ դատախազության կայքում մահափորձի վերաբերյալ 05.01.2014թ. տեղադրված հաղորդագրության առթիվ:

Դատախազությունը ԼՂՀ Սահմանադրությամբ և «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն իրականացնելով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, հիմք ընդունելով մահափորձի առնչությամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև ապահովելով դատախազության թափանցիկ գործելաոճը, ԼՂՀ Քրեական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի /Նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը/ պահանջների լիարժեք պահպանմամբ, հանրային իրազեկման է ներկայացրել համապատասխան հաղորդագրություն` նույն տեքստում միաժամանակ ծանուցելով, որ հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` ուժի մեջ մտած դատավճռով:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ վերոհիշյալ հաղորդագրությունից բացի, ԼՂՀ դատախազության կայքում տեղադրվել են նաև մահափորձի կատարման մեջ կասկածվող անձանց կողմից կատարված այլ հանցագործությունների մասին հաղորդագրություններ:

Վ. Բալասանյանը հայտարարության մեջ մտահոգություն է հայտնում նաև «ժողովրդի մեջ իր անձի վերաբերյալ պտտվող տարբեր վարկաբեկիչ լուրերի» առնչությամբ, որը, սակայն, ոչ մի կապ չունի ԼՂՀ դատախազության վերոհիշյալ հաղորդագրության հետ:

ԼՂՀ դատախազությունը վերահաստատում է իր վճռականությունը` օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում ապահովելու նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը:

ԼՂՀ դատախազություն

Այս խորագրի վերջին նյութերը