Լրահոս

23.01.2014 11:16


Թուրքագետ. «Կաթողիկոսը, վարչապետը պետք է այդքան հասանելի չլինեին թուրք շարքային ազգայնամոլների համար»

Թուրքագետ. «Կաթողիկոսը, վարչապետը պետք է այդքան հասանելի չլինեին թուրք շարքային ազգայնամոլների համար»

«Հայերի, Հայաստանի խոցելիությունն է, որ ինչ–որ մի թուրք շարքային ազգայնամոլ գա հանդիպի Հայաստանի հոգևոր առաջնորդին, վարչապետին»,–այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ամբիոնի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով թուրք ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամ Հաքան Օքթայի հետ սկանդալային պատմությանը, երբ Հայաստանից Թուրքիա վերադառնալուց հետո սոցցանցում հրապարակել էր իր «խմբակային լուսանկարները»:

«Եվ եթե զուգահեռ տանենք, ես չեմ կարծում, որ նման տարբերակ կարող էր լինել Թուրքիայում: Օրինակ՝ հայ ազգայնականներ գնան Թուրքիա և միանգամից հանդիպեն իրենց վարչապետի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նկարվեն եռագույնով իրենց գլխավոր մզկիթի մոտ, և այլն, և այլն»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Նա բերեց իր օրինակը, երբ որպես թուրքագետ և գիտական համակարգը ներկայացնող անձ՝ թուրք պատգամավորի հետ հանդիպելու համար բավականին ջանքեր է գործադրել, իսկ վարչապետի կամ իրենց հոգևոր առաջնորդի հետ հանդիպելու մասին անգամ չի էլ մտածել:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը երեկ, ի պատասխան հարցին, թե ինչպես է ստացվել, որ թուրք ազգայնականը հանդիպել ու լուսանկարվել է Վեհափառ հայրապետի հետ, պարզաբանել էր, թե Վեհափառ հայրապետը լուսանկարում պատկերված անձնավորությանը չի ճանաչում, և, հավանաբար, նա այն հազարավոր մարդկանցից է, ովքեր մոտենում են Վեհափառին և խնդրում լուսանկարվել նրա հետ և օրհնություն ստանալ։

Ի պատասխան՝ Ռուբեն Մելքոնյանը հակադարձեց, որ համապատասխան կառույցները պետք է նախապես ճշտեին, ուսումնասիրեին, թե ովքեր են այցելում և ցանկանում հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների, մեր հոգևոր առաջնորդի հետ:

Մանրամասները՝ Tert.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը