Լրահոս

23.01.2014 15:43


Թուրքագետ. «Վեհափառն էլ իրան հո իրա Մայր Աթոռո՞ւմ չի ընդունել»

Թուրքագետ. «Վեհափառն էլ իրան հո իրա Մայր Աթոռո՞ւմ չի ընդունել»

Այսօրվա ասուլիսին թուրքագետ Հակոբ Չաքրյանն, անդրադառնալով թուրք ազգայնական Հասան Օքթայի այցին ու մամուլում հայտնված աղմկահարույց լուսանկարներին, ասել է.

«Վեհափառն ու վարչապետը նրա հետ չեն հանդիպել... կարծեմ»։

«Լուսանկարներ են առկա...»,–ասել է լրագրողը։

«Վարչապետի հետ ինչ–որ մի հավաքույթի ժամանակ գնացել կպել, նկարվել է։ Վեհափառն էլ իրան հո իրա Մայր Աթոռո՞ւմ չի ընդունել»,–պատասխանել է թուրքագետը։

Հարցին՝ որտեղ են հանդիպել, բանախոսն ասել է. «Չգիտեմ... բայց վարչապետինը գիտեմ, որ ինչ–որ ամռանն է նկարվել։ Նա վարչապետին չի հանդիպել։ Ուղղակի կողքը կցվել, նկարվել է։

Չաքրյանի կարծիքով «կցվելու» նպատակն Անկարայում ապացուցելն է, որ ինքը կարևոր անձնավորություն է, լավ կապեր ունի Հայաստանում։ Դրա շնորհիվ էլ դարձել է Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն։

Հարցին՝ արդյոք դա չի՞ նշանակում, որ թուրքերը մեզանից առավել են պատրաստվում Հայոց ցեղասպանության 100–ամյակին, թուրքագետն ասել է. «Չեմ կարծում՝ Թուրքիայում ֆեյսբուքյան այդ նկարները որևէ արձագանք գտնեն։ Համենայնդեպս, ես չեմ տեսել։ Հիմա Թուրքիայի վիճակը գիտեք. ներքաղաքական կյանքը վերին աստիճանի սրվել է...»։

Չաքրյանի խոսքերով՝ հարևանների հետ առկա խնդիրները զրոյականացնելու հարցում Թուրքիան կատարյալ ձախողվել է։ Տարածաշրջանի երեք երկրներում՝ Եգիպտոսում, Իսրայելում, Սիրիայում, դեսպան չունի, Իրաքի հետ շատ վատ են հարաբերությունները։

Չնայած, ըստ բանախոսի, Հայաստանի գործելու հնարավորություններն էլ այդքան շատ չեն. տարածաշրջանում ամենուրեք արյունահեղություն է, միջազգային հանրության ուշադրությունն էլ բոլորովին այլ խնդիրների վրա է։

Չաքրյանի կարծիքով Հայաստանի կողմից արձանագրությունները հետ կանչելն ուղղակի կուրախացնի թուրքերին. ձախողման պատասխանատվությունը Հայաստանն վրա կվերցնի։

Այս հարցում թուրքագետը կարևորել է հատկապես միջազգային հանրության կարծիքը. «Հիլարի Քլինթոնն ու Ջոն Քերին այլևս չեն ասի, թե «գնդակը թուրքերի դաշտում է»։ ԱՄՆ–ն էլ միակ լիարժեք գերտերությունն է։ Ինչքա՞ն կազդի, եթե Վաշինգտոնը ոչ բարենպաստ հայտարարություն անի։ Պատկերացնո՞ւմ եք՝ հակադրվենք, ու ինքը Ղարաբաղի առնչությամբ ոչ բարենպաստ մի հայտարարություն անի»,–ասել է Չաքրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը