Մեկնաբանություն

24.01.2014 12:10


Ինչն է ձեռնտու Սերժ Սարգսյանին ու իր նեղ շրջապատին

Ինչն է ձեռնտու Սերժ Սարգսյանին ու իր նեղ շրջապատին

Կուսակցությունները կամ քաղաքական ուժերը քաղաքացիական հանրության կայուն զարգացման երաշխիքն են: Առանց կուսակցությունների քաղաքացիական հանրությունը չի կարող զարգանալ, քանի որ այն կդառնա իշխանությունների թիրախը:

Լինելով ոչ կազմակերպված ու բազմաշերտ՝ քաղաքացիական հանրությունը չի կարող միայնակ պայքարել իշխանությունների կամայականությունների դեմ: Կուսակցությունների բացակայության դեպքում քաղաքացիական հանրությունը կկորցնի ձևավորվելու ու զարգանալու բոլոր հնարավորությունները:

Այդ իսկ պատճառով ավտորիտար ռեժիմները աշխատում են նախևառաջ կուսակցություններին դաշտից հեռացնել կամ սահմանափակում են կուսակցությունների հնարավորությունները:

Օրինակ՝ Չինաստանում միակուսակցական համակարգը սահմանափակում է այլ կուսակցություններ ստեղծելու հնարավորությունը: Կուսակցությունների բացակայության պատճառով Չինաստանում ուժեղ քաղաքացիական հանրություն չի ձևավորվում: Նույն խնդիրը կար նաև Խորհրդային Միությունում: Կուսակցությունների բացակայությունը թույլ չէր տալիս, որ քաղաքացիական հանրություն ձևավորվի այդ երկրներում:

Ընդհանրապես կուսակցությունները բուֆերի դեր են կատարում քաղաքացիական հանրության և իշխանության միջև և զարգանալու հնարավորություններ են ստեղծում քաղաքացիական հանրության համար:

Բազմակուսակցական համակարգի թուլությունը բխում է ավտորիտար ռեժիմ ունեցող իշխանությունների շահից: Այդ է պատճառը, որ ավտորիտար ռեժիմները միշտ փորձում են թուլացնել բազմակուսակցական համակարգը, քանի որ կուսակցությունները ամենամոբիլիզացված ինստիտուտներն են և կարող են մարտահրավեր հանդիսանալ իշխող ուժի համար: Այդ նպատակին հասնելու համար ռեժիմները հաճախ սահմանափակում են կուսակցությունների հնարավորությունները:

Քանի որ Հայաստանը ևս ավտորիտար ռեժիմ է, իշխող Հանրապետական կուսակցությունը նույնպես ամեն ինչ անում է կուսակցությունների հնարավորությունները սահմանափակելու համար:

Օրինակ՝ Հանրապետական կուսակցությունը Ազգային Ժողովում վերցրել է պատգամավորական տեղերի մեծամասնությունը և սահմանափակել մնացած կուսակցություններին որևիցե որոշման վրա օրինական ազդեցություն ունենալու հնարավորությունը: Նույնը կատարել է տեղական ինքնակառավարման մարմիններում, կառավարությունում և պետական այլ մարմիններում:

Դա է պատճառը, որ իշխանական քարոզչամեքենան «գաղափար» է շրջանառության մեջ դնում, ըստ որի՝ անհրաժեշտ է ոչ կուսակցական պայքար, իսկ կուսակցությունները պետք է դաշտից հեռանան:

Հասկանալի է, որ կուսակցությունները հաճախ հանրային պահանջներին համապատասխանող քայլեր չեն կատարել, սակայն կուսակցությունների հեռանալը ամենավտանգավոր զարգացումը կլինի Հայաստանի համար: Կուսակցությունների բացակայության դեպքում նախ քաղաքացիական հանրությունը անմիջական թիրախ կդառնա իշխանության համար, հետո՝ քաղաքացիական հանրության բազմաշերտ լինելու և չկազմակերպված լինելու պատճառով այն շատ արագ հայտնվելու է գոյության պահպանման վտանգի առաջ:

Միանշանակ է, որ քաղաքացիական հանրության շահերից է բխում կուսակցությունների հզորացումը, քանի որ վերջիններս բուֆերային դեր ունեն քաղաքացիական հանրության զարգացման համար: Իրականում ոչ թե կուսակցությունների հեռացման խնդիր պետք է դրվի, այլ՝ պատասխանատու լինելու: Քաղաքացիական հանրությունը միայնակ չի կարող պայքարել իշխանության դեմ, քանի որ չունի այդքան ներուժ, իսկ այդ ներուժը պահելու համար անհրաժեշտ են բուֆերային ուժեր, որի հիմնական դերը ստանձնում են կուսակցությունները:

Կուսակցությունների դաշտից հեռացումը միայն բխում է Սերժ Սարգսյանի ու իր նեղ շրջապատի շահերից։ Մնացած բոլոր սուբյեկտների շահերին հակասում է այս թեզը: Քաղաքացիական հանրությունը միայնակ մնալով իշխանությունների դեմ պայքարում շատ կարճ կյանք կունենա:

Հետևաբար՝ արհեստածին ու հակահասարակական են քաղաքականի ու քաղաքացիականի հակադրումները։ Քաղաքականն ու քաղաքացիականը միմյանց փոխլրացնող են։ Զարգացած ժողովրդավարական երկրներում այդպես է։ Հակառակը պնդողները պարզապես դեմագոգիայով են զբաղված։

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը