Լրահոս

24.01.2014 20:53


Գլխավոր Քարտուղարի ուղերձը՝ նվիրված Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան

Գլխավոր Քարտուղարի ուղերձը՝ նվիրված  Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան

Ամեն տարի Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման տարեդարձին մենք նշում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակը: Մենք հիշում ենք միլիոնավոր անմեղ մարդկանց զրկանքները եւ ուշադրություն հրավիրում հակասեմիտականության ու ատելության ցանկացած դրսեւորման վտանգի վրա:

Այս տարի մենք ուշադրությունը սեւեռում ենք Հոլոքոստի պատմության քառուղիներով ճամփորդություններին եւ վկայակոչում մեր իսկ վերջերս կայացած ուղեւորությունը:

Անցյալ նոյեմբերին անցա Աուշվից-Բիրկենաուի Arbeit Macht Frei («աշխատանքն ազատություն է շնորհում») գրությամբ տխրահռչակ դարպասով: Երբեք չեմ մոռանա իմ այցելությունը:

Ես տեսա ցեղասպանության մեքենայի սարսափազդու մնացուկները, ինչպես նաեւ 1930-ականների եվրոպացի հրեաների կյանքը պատկերող շարժանկարներ՝ ամուսնություններ, ընտանեկան ճաշկերույթներ, ծեսեր, պարզ առօրյա կյանքի այլ տեսարաններ. այս ամենը ոչնչացվեց մարդկային պատմության մեջ եզակի համակարգված սպանդի միջոցով:

Ես տեսա այն բարաքները, որտեղ հրեաները, գնչուները, սինտիները, հոմոսեքսուալները, այլախոհները, ռազմագերիները եւ հաշմանդամություն ունեցող անձինք ամենավայրագ պայմաններում անցկացրել են իրենց վերջին օրերը:

Միավորված ազգերի կազմակերպությունն ստեղծվել է այսօրինակ որեւէ սարսափի կրկնությունը կանխարգելելու նպատակով: Այդուհանդերձ, ողբերգությունները, որոնք տեղի են ունենում Կամբոջայից մինչեւ Ռուանդա եւ Սրեբրենիցա, ցույց են տալիս, որ ցեղասպանության թույնը շարունակում է իր գործունեությունը:

Մենք պետք է առավել, քան երբեւէ աչալուրջ լինենք մոլեռանդ, ծայրահեղական գաղափարախոսությունների, հասարակական լարումների եւ փոքրամասնությունների հանդեպ խտրականությունների հարցում: Եվ պետք է լավ ուսուցանենք մեր երեխաներին: «Հոլոքոստը եւ Միավորված ազգերի կազմակերպությունը» հանրային իրազեկման ծրագիրը մշակել է կրթական արդյունավետ նյութեր եւ ստեղծել գործընկերային ամուր կապեր, որոնք նպաստում են այս դասերը ողջ աշխարհի սովորողներին փոխանցելուն:

Աուշվիցի դիակիազարանի մոտ կանգնած՝ ես լի էի խոր տխրությամբ այն ամենի պատճառով, ինչ տեղի էր ունեցել այնտեղ: Բայց միաժամանակ՝ ինձ ոգեշնչում էին բոլոր նրանք, ովքեր ազատագրեցին մահվան ճամբարները ողջ մարդկության համար: Եկեք մեկտեղենք ուժերն այսօր՝ հանուն համատեղ ճամփորդության դեպի հավասարության եւ արժանապատվության աշխարհ՝ բոլորի համար:

Այս խորագրի վերջին նյութերը