Տնտեսական

25.01.2014 11:10


ԿԲ. «Իրենց կենսաթոշակային հիմնադրամն ընտրել են ընդամենը մի քանի հազար քաղաքացիներ»

ԿԲ. «Իրենց կենսաթոշակային հիմնադրամն ընտրել են ընդամենը մի քանի հազար քաղաքացիներ»

Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո իրենց կենսաթոշակային հիմնադրամն ու դրա կառավարչին ընտրել են ընդամենը մի քանի հազար քաղաքացիներ։ Նոր համակարգի մասնակից 250 հազար քաղաքացիներից ընտրություն կատարածների թիվն առայժմ 10 հազարի չի հասնում: Այս մասին հունվարի 24-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

Նրա ասելով՝ կամավոր հիմնադրամ և կառավարիչ ընտրած մարդկանց այդքան փոքր թիվը պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքացիներն առայժմ պատրաստ չեն գիտակցաբար ընտրություն կատարել, քանի որ պատկերացում չունեն երկրում անցկացվող կենսաթոշակային բարեփոխումների և հիմնադրամների մասին:

«Գալով փոստային բաժանմունք կամ բանկեր, որոնք սպասարկում են կենսաթոշակային հաշիվները, մարդիկ խորհուրդ են հարցնում այն մասին, թե որ հիմնադրամն ընտրել: Սակայն, ինչպես հայտնի է, կենսաթոշակային հաշիվների օպերատորներն իրավունք չունեն ազդել քաղաքացիների ընտրության վրա», - նշել է Ա.Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանը կասեցրել է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառությունը:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը