Լրահոս

27.01.2014 11:15


«Դ!եմ եմ» նախաձեռնության կոչը գործատուներին և աշխատողներին

«Դ!եմ եմ» նախաձեռնության կոչը գործատուներին և աշխատողներին

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է ուղղել գործատուներին և աշխատողներին, որում ասված է.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
ՀՀ Սահմանադրական դատարանը, առաջնորդվելով մարդու և քաղաքացու իրավունքի գերակայության սկզբունքներով, կասեցնելով հայտնի օրենքի երկու հոդվածների գործողությունները, իր աշխատակարգային որոշմամբ հնարավորություն տվեց մեզ ՏԵՐ կանգնել սեփական աշխատավարձը տնօրինելու իրավունքին, հետևաբար մենք ինքներս մեր գործողություններով պետք է կյանքի կոչենք ՀՀ բարձրագույն դատարանի այս որոշումը, ձեռնպահ մնալով հետևյալ գործողություններ կատարելուց.

Հարգելի՛ աշխատողներ,
- Մի՛ կատարեք կենսաթոշակային ֆոնդերի և կառավարչի ընտրություն
- Ձեռնպահ մնացե՛ք այս ուղղությամբ որևէ գործողություն կատարելուց, ՍԴ որոշումը տալիս է ձեզ այդ հնարավորությունը
- Պահանջե՛ք ձեր գործատուներից, որ ձեր աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ չկատարեն և չփոխանցեն
- Յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ գործատուներից պահանջեք, որպեսզի տեղյակ պահեն ձեզ և ստանան ձեր գրավոր համաձայնությունը
- Հիշե՛ք այս հարցում ընտրությունը քոնն է, դու ես տնօրինում քո աշխատավարձը
- Առանց ձեր գիտության և համաձայնության որևէ փոխանցում կամ վճարում ձեր աշխատավարձից որևէ մեկը կամ որևէ այլ կառույց չի կարող կատարել, դա կդիտվի՝ ինքնիրավչություն, պաշտոնական դիրքի և լիազորությունների չարաշահում:
- Տեր կանգնե՛ք ձեր իրավունքներին, որոնք գերակա են և երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով
- ՀՀ սահմանադրությամբ՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, իսկ ՍԴ որոշումը, որպես իրավաբանական ավելի բարձր ուժով օժտված իրավական ակտ, ենթակա է պարտադիր կատարման
Հարգելի՛ արհմիություններ,
- Պաշտպանե՛ք ձեր աշխատակիցների ու անդամների շահերը, դա ձեր պարտականությունն է
- Թույլ մի տվե՛ք, որ գործատուն կատարի գործողություններ, որոնք կհանգեցնեն աշխատողների իրավունքների խախտման
Հարգելի՛ գործատուներ,
- Մի կատարե՛ք ձեր աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ
- ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ (24,01,2013թ. ՍԴԱՈ-3) դուք որպես հարկային գործակալներ ազատվում եք վարչական պատասխանատվությունից
- Մի՛ փոխանցեք ձեր աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ՝ առանց նրա գիտության և համաձայնության
- Մի՛ տարածեք ձեր խուճապը ձեր աշխատողների նկատմամբ
- Ձեռնպահ մնացե՛ք գաղտնի գործարքներից և աշխատողների նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում գործադրելուց
- Մի՛ ենթարկվեք հարկային և ֆինանսական այլ կառույցների օրենքներին և այդ կիրառվող մեթոդներին
Հարգելի՛ հաշվապահներ,
- Մի՛ ընկեք խուճապի և խառնաշփոթի մեջ
- Մի՛ պահանջեք պարզաբանումներ հարկային կամ ֆինանսական այլ մարմնից, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանի, ինչպես նաև նրա աշխատակարգային որոշումները նրանք պարզաբանելու իրավունքով օժտված չեն թե՛ ՀՀ սահմանադրությամբ, թե՛ ՀՀ օրենքներով
- Նրանց կողմից տրված պարզաբանումներն ու մեկնաբանությունները լինելու են սուբյեկտիվ (յուրովի) և էլ ավելի են ձեզ և հազարավոր աշխատողներիս գցելու անորոշության և թյուրիմացության մեջ
Լրացուցիչ՝
- Եթե պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարի վճարման կամ փոխանցման հետ կապված անհամաձայնություն կամ վեճ կծագի ձեր և գործատուի մեջ, ապա անհապաղ կարող եք դիմել մեզ՝ նախաձեռնության անդամներիս, համատեղ ուժերով ձեր խախտված իրավունքները պաշտպանելու նպատակով
- Այս հարցում պետք է լինենք միասնական և մեր միասնականությամբ պետք է պարտադրենք, որ ՍԴ որոշումը անմիջականորեն և միատեսակ կիրառվի բոլորի համար»։

Այս խորագրի վերջին նյութերը