Մեկնաբանություն

27.01.2014 23:25


Հայոց բանակի տոնը, Շուշան Պետրոսյանի մուննաթը և բանակից թռածների կառավարությունը

Հայոց բանակի տոնը, Շուշան Պետրոսյանի մուննաթը և բանակից թռածների կառավարությունը

Վերջին տարիներին Հայոց բանակի օրվան նվիրված տոնական համերգների ժամանակ Օպերայի բեմից «կրակում» են ժողովրդի (հանդիսականների) վրա: Եվ ամեն անգամ այդ պարային բեմադրությունը տեսնելիս ես վեր եմ թռչում:

Ինչպիսի՜ «ստեղծագործական թռիչք». պարողների ձեռքին ավտոմատ են տալիս ու բաց են թողնում բեմ: Աերոբիկա հիշեցնող ինչ-որ պարային համար են ցույց տալիս, որի ընթացքում պարող տղաները մի քանի անգամ այդ զենքը ուղղում են դահլիճ: Չգիտեմ՝ ով է այդ պարային բեմադրության հեղինակը, բայց շատ կուզենայի, որ այս անգամ այդ համարը համերգային ծրագրում չլիներ: Ոչ մի հայ չի կասկածում Հայոց բանակի մարտունակությանը եւ ամենեւին հարկ չկա նման «ռազմահայրենասիրական գրոհային պարով» շեշտել այդ փաստը:

Հավանաբար, իմ այս դիտարկմանը ծանոթանալուց հետո ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում մի նոր ահարկու գրառում կանի: Թող անի: Մի կերպ կդիմանանք: Ինչպես դիմացանք նրա վերջին գրառումը կարդալուց հետո:

Տիկինը, հայտնի ֆիլմի «Մադմուազել Կու-Կու»-ի նման վարժապետական փայտիկը օդում նյարդային թափահարելու պես, ասում է, թե հերի՛ք է, էլի, «նեգատիվ» բաներ գրեք, հետո հեգնանքով նկարագրում է մարդկանց, ովքեր, իրենց իշխանությունը գովելու փոխարեն, շարունակ փնովում են: Մի խոսքով, խստորեն հրահանգելու պես ասում է՝ ինչ պետք է գրել, ինչը՝ ոչ: Որքան հասկանում ենք, Շուշանը ստանձնել է համացանցի գլխավոր գրաքննիչի դերը:

Ինչեւէ, բոլորի վրա մատ թափ տալուց հետո նա իր գրառումն ավարտում է այսպես. «Բայց մի թեմա կա, որի մասին գրելիս ուշադիր եղեք ու զգոն՝ Հայոց բանակը։ Ձեր անգիտակից քայլերով ծառայում եք թշնամուն։ Ես հավատես եմ, դա իրոք անգիտակից քայլ է, հակառակ դեպքում դուք ուղղակի դավաճան եք։ Փառք ու Պատիվ Հայոց Բանակին ու ևս մի բան, երբ հայրենասերի կեցվածքով քարկոծում ու հայոյում եք աջ ու ձախ, ինքներդ ձեզ հարց տվել եք՞, դո'ւք, դուք` ձեր մասով, ինչ՞ եք արել մեր այս տանջված մի բուռ մնացած Հայաստան աշխարհի՛, Հայի՛ համար»:

Պարզվում է, մեր բանակում տեղ գտած թերությունների ու բացթողումների մասին խոսելն ու գրելը «հայհոյել» ու «քարկոծել» է նշանակում:

Անգամ պաշտպանության նախարարն է քանիցս նկատել, որ բանակը հասարակության հայելին է, հետեւաբար, այն չի կարող անթերի լինել:

Եվ եթե Շուշան Պետրոսյանին շատ է մտահոգում այդ թեման, ապա ճիշտ կաներ՝ նախ շուրջը նայեր ու տեսներ, թե իր կուսակիցներից ովքեր չեն ծառայել բանակում, բայց այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում, երբ մանավանդ զայրացած հարցնում է. «Դուք` ձեր մասով, ինչ՞ եք արել մեր այս տանջված մի բուռ մնացած Հայաստան աշխարհի՛, Հայի՛ համար»:

Եթե, ասենք, կառավարության անդամների կեսը բանակում չի ծառայել, կամ ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը ներկայացնող պատգամավորներից առնվազն երկու-երեք տասնյակը բանակում չի ծառայել, ինչի մասին մամուլը հիշեցնում է ամեն անգամ, երբ այդ դասալիքները և բանակից թռածներն այս օրերին Հայոց բանակի կենացն են խմում, ապա ո՞ւմ է հարցնում Շուշանը: Երբ իր կուսակցական ընկերները այդ մասով (էլ չենք խոսում մյուս մասերի մասին) ոչինչ չեն արել «տանջված մի բուռ մնացած Հայաստան աշխարհի համար», Շուշանն իրավունք ունի՞ մուննաթ գալ ուրիշների վրա:

Եվ, ի դեպ, բանակում չեն ծառայել, բայց «գյուռ-գյուռ» շքանշաններ են ստացել («Գարեգին Նժդեհ», «Զորավար Անդրանիկ», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և այլն): Բացի այդ, այսօր Երկրապահ կամավորականների միության անդամ են ոչ միայն Ղարաբաղում չկռվածները, այլ նաև բանակում չծառայածները (դա էլ Մանվել Գրիգորյանի բիզնես–գրասենյակի կողմից տրվող յուրօրինակ «մեդալ» է)։

Գուցե Շուշանին շփոթեցրել է տեսարա՞նը, երբ կառավարության անդամները կամուֆլյաժ հագած հայտնվում են զորամասերում: Տեսնելով դա՝ կարծել է, թե նրանք ժամանակին իրենց պարտքը տվե՞լ են հայրենիքին:

Չէ, Շուշան ջան, ասենք՝ իմանաս՝ չե՛ն ծառայել:

Դե լավ, Հայոց բանակի օրվան նվիրված տոնական համերգին երգելուց առաջ չարժե գցել Շուշանի տրամադրությունը:

Հուսանք, սակայն, որ տոնական համերգից հետո մի ստատուս էլ մեր նշած թեմայով կգրի` կառավարության անդամների և ԱԺ ՀՀԿ–ական խմբակցության մեծ մասի՝ բանակից թռնելու մասին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը