Քաղաքական

06.08.2009 14:29


Քաղաքապետարանը մեռելածի՞ն է, կամ ի՞նչ հնարավորություններ ունի ընդդիմությունը

Քաղաքապետարանը մեռելածի՞ն է, կամ ի՞նչ հնարավորություններ ունի ընդդիմությունը

-Եթե կոնգրեսը չի մասնակցում Երևանի ավագանու աշխատանքներին, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր վրա պետք է վերցնի ընդդիմախոսի դերակատարությունը, այլապես այդ մարմինը մեռելածին է դառնալու,-խոսելով ներքաղաքական զարգացումներից, մասնավորապես՝ Երևանի ավագանու կազմում կոալիցիայի աշխատանքներից՝ ասել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը։

Նա կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրության հնարավորություն չի էլ ունեցել. «Եթե նա ավագանիում սկսի աշխատել կոալիցիոն սկզբունքների հիման վրա, ապա առաջիկայում ավագանին կդառնա մեռելածին և կբացահայտի մեռելածին լինելու հանգամանքը»։

Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա, «Քաղաքագետների միության» նախագահի խոսքերով, «խորհրդարանն այսօր քաղաքական մոտեցումների թատերաբեմ չէ»։

-Քաղաքական մոտեցումների թատերաբեմ չլինելով՝ խորհրդարանը կոալիցիային քաղաքական միավորի լիցքեր հաղորդելու կամ «տեսքի բերելու» հնարավորությունից զուրկ է։ Մնում են այդ տխրահռչակ պորտֆելները, որոնք, տեսնում ենք, թե ինչ եղանակով և ում են բաժանվում։

Հ. Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ընդդիմությունը շատ մեծ հնարավորություններ ուներ՝ այսօր ուժեղացնելու իր դիրքերը և ազդեցությունը.

-Ընդդիմությունը կարող էր ավելի շատ ուշադրություն դարձնել մեր ժողովրդին չափազանց հուզող և մտահոգող հիմնական իրավիճակին, երբ կառավարման մեխանիզմները ակնհայտորեն չեն համապատասխանում մարդկանց կողմից ներկայացվող պահանջներին։

Քաղաքագետի համոզմամբ՝ եթե ընդդիմությունն ավելի շատ զբաղվեր սոցիալական խնդիրներով, ապա կարող էր լրջորեն ուժեղացնել իր ազդեցությունը հասարակության վրա։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը