Մեկնաբանություն

28.01.2014 17:00


Մեր բանակի թշնամիները

Մեր բանակի թշնամիները

Հայկական բանակի թշնամիները Թուրքիան ու Ադրբեջանը չեն։ Ավելի ճիշտ՝ Թուրքիան ու Ադրբեջանը մեր ամենավտանգավոր թշնամիները չեն։

Հայաստանի համար վտանգ են ներկայացնում ներսի «թուրքերն» ու «ադրբեջանցիները»։

Երբ երկիրը թուլանում է տնտեսապես, երբ ներքին քաղաքականությունը վերածվում է թամաշայի ու «մուտիլովկայի», երբ արտաքին քաղաքականությունը դառնում է «նախաձեռնողական», երբ աճուրդի է հանվում Հայոց ցեղասպանությունը, երբ Ղարաբաղի վրա ղումար են խաղում, երբ մարդիկ արտագաղթում են, երբ երիտասարդին ստիպում են «կուտակել» վաղվա համար, իսկ իրենք այսօր ծախսում են «չկուտակածը», երբ պետբյուջեն շփոթում են կթու կովի հետ, երբ խառնում են սեփական ու պետական «բուրդը», երբ բանակում ծառայելը հուշում է, որ ծառայողը, որպես կանոն, պատկանում է բանվորագյուղացիական դասակարգին, երբ բիոզուգարանն արդեն արտաքնոցի մոդեռն տարբերակը չէ, այլ փող լվալու գործիք, երբ օֆշորը ոչ միայն օտար բառ է, այլ վարչապետի սիրելի դրախտավայրը, երբ Գյուլիստանը Սերժ Սարգսյանի համար փրկօղակ է, երբ ռուսախոս–արևմտամետները և ղարաբաղցի ռենեգատները Երևանի կենտրոնում «ափաշքարա» թուրք–ադրբեջանական շահերի լոբբինգով են զբաղված, երբ տխրահռչակ Զորի Գայկովիչը դառնում է պետական արարողակարգի ատրիբուտ և նշանակվում երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի բեք–վոկալիստ, և երբ իշխանությունը քաղաքական նեկրոֆիլիայով է տառապում, դրանից հետո նոր միայն գործի են անցնում Թուրքիան ու Ադրբեջանը։

Այնպես որ, եկեք հաղթենք երկրի ներսի «թուրքերին» ու «ադրբեջանիցներին», որից հետո Ալիևին տեղը դնելը կդառնա տեխնիկայի հարց, իսկ թուրքերն իրենց պոչը կքաշեն ու քթները չեն մտցնի Ղարաբաղի մեջ՝ օգտվելով «ֆուտբոլասերների» կոպիտ սխալից։

Հայոց բանակի տոնը միայն այդ դեպքում լիարժեք ուրախության կվերածվի, այլ ոչ թե կմնա որպես բանակում չծառայած, կռվի ամենաթեժ պահերին մոսկվաներում դեգերած ու կռվի վրա փող աշխատած պաշտոնյաների ինքնահաստատման և կենացասածության օր։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը