Մեկնաբանություն

29.01.2014 12:40


Օբամայի երկու երեսը

Օբամայի երկու երեսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին և ժողովրդին ուղղված ուղերձում մասնավորապես նշել է. «Թունիսից մինչև Մյանմա ԱՄՆ-ը սատարում է բոլոր նրանց, ովքեր ժողովրդավարության կառուցման բարդ ճանապարհին են»։

Օբաման այդ խոսքերն արտասանել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին անդրադառնալիս։

Նկատենք, որ ԱՄՆ նախագահն այնքան էլ անկեղծ չէ, երբ հայտարարում է, թե ամենուրեք իրենք աջակցում են ժողովրդավարության հաստատմանը։ Աջակցելն աջակցում են, բայց այնքանով, որքանով ժողովրդավարությունն իր տեղը չի զիջում նավթին ու աշխարհաքաղաքականությանը։ Դա, անշու՛շտ, իրենց գործն է։ ԱՄՆ–ը շատ լավ հասկանում է, թե որտեղ է սկսվում իր շահը և որտեղ ավարտվում ժողովրդավարության արտահանումը։ Մեղադրելու չի, բայց թող ձևեր չթափեն ու կեղծավորությամբ չզբաղվեն, քանզի համամարդկային արժեքները որպես քողածածկույթ օգտագործելու դեպքում արժեզրկվում են ժողովրդավարական գաղափարները։

Վաղուց հայտնի բան է, որ Արևմուտքն իր «սահմաններից» դուրս երկակի ստանդարտներով է առաջնորդվում և յուրօրինակ ռասիստական մոտեցում ցուցաբերում այդ «սահմաններից» դուրս ապրող ազգերի ու ժողովուրդների նկատմամբ։

Վերցնենք Հայաստանի օրինակը։ Քանի դեռ Սերժ Սարգսյանը պարում էր Արևմուտքի պարկապզուկի տակ (հայ–թուրքական «ֆուտբոլ» խաղալ, Հայոց ցեղասպանության հարցն առևտրի առարկա դարձնել, Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պատրաստակամություն հայտնել, ԵՄ–ի ձեռքում հակառուսական գործիքի դեր կատարել), Արևմուտքը ոչ միայն աչք էր փակում Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական արժեքների ոտնահարման վրա, այլ նաև աջակցում էր ընտրակեղծիքներին ու «տոկոս խփելուն»։

Օբամաներն ու ֆյուլեները «տանիք» կանգնեցին Սերժ Սարգսյանին բացարձակ իշխանություն ունենալու հարցում։

Արևմուտքը ՀՀ քաղաքացիների թիկունքում գործարք էր կնքել ոչ լեգիտիմ իշխանության հետ և փորձում էր որպես մանրադրամ օգտագործել Հայաստանն իր աշխարհաքաղական ու տնտեսական խաղերում։ Սերժ Սարգսյանին պետք էր նախագահական աթոռի պահպանումը, իսկ Արևմուտքին՝ Հայաստանն ու Ղարաբաղը «խուրդելու» գնով սեփական շահերն առաջ մղելը։ Կողմերն իրար գտել էին։ Արդյունքում՝ տուժեց Հայաստանը՝ հայտնվելով Կրեմլի «չուլանում»։ Այդ ամենի հետևանքով վատացան ինչպես Արևմուտքի, այնպես էլ ՌԴ–ի հետ մեր հարաբերությունները։

Մաքսային միություն մտնելու սերժսարգսյանական որոշումից հետո Արևմուտքն իրեն «քցված» է զգում, բայց թող միայն իրեն մեղադրի։ Երկակի ստանդարտներով առաջնորդվելու վերջն այդպես պետք է լիներ։ Երկերեսանի քաղաքականությունը միշտ էլ տապալվում է՝ լինի դա Թունիսում, Մյանմայում, թե Հայաստանում։

Մեկ բան հստակ է՝ Հայաստանն այլընտրանք չունի, քան ժողովրդավարական քաղաքական համակարգ և մրցակցային շուկայական տնտեսություն ունենալը։ Պետք չէ, սակայն, շփոթել արժեքներն ու աշխարհաքաղաքականությունը, անվտանգությունն ու գեղեցիկ փաթեթավորված, բայց դատարկ ինտեգրացիոն նախագծերը։

Հայաստանի շահը որևէ պարագայում չի կարող ստորադասվել այլոց շահերին ու առանձին անհատների աթոռամոլությանը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ։ Արևմուտքը Հայաստանում կրկնակի է «քցվել»։ Բացի Սերժ Սարգսյանից՝ օբամաներին ու ֆյուլեներին «քցեցին» նաև հայաստանյան «արևմտամետները», որոնք վաղուց վերասեփականաշնորհվել էին Բաղրամյան 26–ի կողմից։

ՄՄ մտնելու որոշումից հետո Արևմուտքը Հայաստանում Եվրամայդան էր ակնկալում, սակայն «մանթո» մնաց, քանզի տեսավ, որ իր կողմից տարիներ շարունակ կերակրվողները նույնիսկ 100–հոգանոց միտինգ չեն անում Սերժի որոշման դեմ։

Ինչպես հին «արևմտյան» ասացվածքում է՝ «քցողին քցում են»։

Այս խորագրի վերջին նյութերը