Լրահոս

29.01.2014 13:50


Մամուլի խոսնակ. «Աշոտ Սարգսյանը 6-7 ամիս առաջ է «Նաիրիտի» փոխտնօրենի պաշտոնից ազատման դիմում գրել»

Մամուլի խոսնակ. «Աշոտ Սարգսյանը 6-7 ամիս առաջ է «Նաիրիտի» փոխտնօրենի պաշտոնից ազատման դիմում գրել»

Հարցազրույց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանի հետ

–Ճի՞շտ են տեղեկությունները, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել է՝ այլևս փող չկա, նաիրիտցիներն աշխատավարձ չեն ստանալու, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ն էլ 2014թ. մարտի 1-ից փակվելու է։

–Այս տեղեկությունը հիմնավորող որևէ փաստարկ չկա։ Մենք հուսով ենք, որ և՛ աշխատավարձ կստանան, և՛ «Նաիրիտն», ի վերջո, կաշխատի:

2013թ. դեկտեմբերի 5–ին Արմեն Մովսիսյանը լրագրողներիս վստահեցրեց, որ բոլոր տեխնիկատնտեսական և տեխնիկաէկոլոգիական հաշվարկներն ավարտված են, և «Ռոսնեֆտը» նախնական համաձայնություն է տվել «Նաիրիտի» ծրագիրն իրականացնելուն, ընդ որում՝ ներգրավելով իտալական ճանաչված ընկերությունների։ Մնացած հարցերը՝ կապված ֆինանսական սխեմաների, պարտքերի և այլնի հետ, քննարկման փուլում են, և հույս ունեն, որ մինչև տարվա վերջ կավարտվեն։ Ավարտվե՞լ են այդ քննարկումները, և ե՞րբ «Ռոսնեֆտը» կսկսի «Նաիրիտում» իր ծրագրերն իրականացնել։

–2013թ. վերջին «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների միջև ստորագրվել է հուշագիր ՀՀ-ում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման վերաբերյալ: Բանակցությունների արդյունքն առայժմ այսքանն է: Ե՞րբ հուշագիրը կյանքի կկոչվի, ի՞նչ դեր է դրանում ունենալու «Նաիրիտը», կպարզվի առաջիկայում: Կարծում եմ՝ այս հարցի պատասխանն առավելապես կառավարությունից պետք է ակնկալել, քանի որ արդեն 4 տարի «Նաիրիտի» հետ կապված խնդիրներով զբաղվում է ՀՀ կառավարությունը:

–Մամուլում տեղեկություններ կային, որ «Նաիրիտի» փոխտնօրեն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, աշխատանքից հեռանալու դիմում է գրել, ինչպես նաև՝ վերջնահաշվարկից հետո նրան անմիջապես 42 մլն դրամ աշխատավարձ է վճարվել: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը։

–Աշոտ Սարգսյանն աշխատանքից հեռանալու դիմում գրել է, եթե չեմ սխալվում, 6-7 ամիս առաջ։ Որևէ պատճառ չի նշել։ Իսկ մնացած մասով «168.am» կայքի հրապարակումը պարզ սադրանք է: Նախ` Աշոտ Սարգսյանի աշխատավարձի պարտքը շատ ավելի փոքր գումար է կազմում, և հետո` նա իր աշխատավարձի վեջնահաշվարկի արդյունքը ստանում է այնպես, ինչպես ստանում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի ղեկավար անձնակազմը` իր ամսական աշխատավարձի 50 տոկոսը, և այն ժամանակ, երբ ընկերությունը աշխատավարձի ստացման համար միջոցներ է հայթայթում:

Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել էր Միջպետական բանկի՝ 107 մլն դոլարի հայցն ընդդեմ «Rhinoville Property Limited» ընկերության, որը պաշտոնապես «Նաիրիտ» գործարանի սեփականատերն է: Դատարանը վճռել է բռնագանձել 68.8 մլն դոլար հիմնական պարտքից, ինչպես նաև վարկի մարումն ուշացնելու համար նախատեսված տույժ-տուգանքները: Այս գումարն ամբողջապես պետք է մարի ՀՀ կառավարությո՞ւնը:

–Այդ հարցը պետք է ուղղել կառավարությանը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Հ. Գ. Նշենք, որ 2006թ. Միջպետական բանկը 70 մլն դոլարի չափով վարկային գիծ էր բացել (հիշեցնենք՝ Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ Միջպետական բանկի խորհրդի նախագահն էր), իսկ 2009թ. բանկը «Նաիրիտին» ևս 100 մլն դոլար վարկ էր հատկացրել, որի համար որպես երաշխավոր էր հանդես եկել Հայաստանի Հանրապետությունը՝ գործարանում իր 10% բաժնեմասով:

Այս խորագրի վերջին նյութերը