Լրահոս

29.01.2014 15:28


Արմեն Աղայան. «Նախագահականին կից՝ կան մարդիկ, որոնք զբաղվում են ազգայնական դաշտը վերահսկելու խնդրով»

Արմեն Աղայան. «Նախագահականին կից՝ կան մարդիկ, որոնք զբաղվում են ազգայնական դաշտը վերահսկելու խնդրով»

Այսօրվա մամուլի ասուլիսին «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը և «Հայազն» կուսակցության երիտթևի պատասխանատու Վահե Մելքումյանն անդրադարձել են «Հայազն» կուսակցության անդամների հետ կապված քրեական պատմության նոր մանրամասներին։

Արմեն Աղայանն, անրադառնալով Կարեն Վրթանեսյանին պատկանող և նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանի՝ Գրիգոր Ամիրյանին դանակահարելուն, նշել է, որ, իր տեղեկություններով, գործը կարճվելու փուլում է. «Դանակահարող երիտասարդը շատ ուշացումով, ենթադրում եմ՝ իր ղեկավարի սխալ քայլերի պատճառով, եկավ, տուժողից ներողություն խնդրեց, բժշկական ծախսերը հոգաց և այլն»։

Ըստ Աղայանի՝ նրանք երբևէ որևէ պարագայում ցանկություն չեն ունեցել պետության միջոցով մարդկանց հետ հարցեր լուծել. անհատական մակարդակի վեճ է եղել։ Սակայն, ըստ բանախոսի, նախագահականին կից՝ կան մարդիկ, որոնք զբաղվում են ազգայնական դաշտը վերահսկելու խնդրով. «Մարդկանց այդ խումբը պատրաստված է, և նրանք մի քանի նպատակ են հետապնդում»։

Այդ նպատակներից մեկը բանախոսը նշել է հայրենասեր երիտասարդներին «գողանալը», այսինքն՝ այդ խմբի կողմից ազգայնական գաղափարներ կրող երիտասարդներին օգտագործելը սեփական իշխանական շահերի համար. «...պոտենցիալ այդ երիտասարդներն ապազգային իշխանությունների քննադատող պետք է դառնան։ Դառնալով ապազգային իշխանություններին ընդդիմադիր՝ հավանաբար, այդ տղան կհայտնվեր կա՛մ մեր կազմակերպությունում, կա՛մ իր համախոհների հետ մեկ այլ նմանատիպ կազմակերպությունում, որը կունենար ընդդիմադիր տրամադրություններ»։

Աղայանի նշած նախագահականի այդ խումբը նրա համար է, որ ամայացնի կամ իր վերահսկողության տակ վերցնի ազգայնական երիտասարդներին՝ ներգրավելով նրանց տարբեր ծրագրերի մեջ։ «Զորակնը» այդպիսի ծրագրերից է։ Ըստ Աղայանի՝ իշխանությունը հետևյալ թեզն է ուզում առաջ տանել. «Տեսեք՝ իրականում իշխանությունը լավն է. ընդդիմությունն է, որ շատ վատն է։ Ընդհանրապես, ընդդիմադիր լինելը շատ վատ է։ Ազգայնականը չի կարող ընդդիմադիր լինել...»։

Նմանատիպ թեզեր առաջ քաշելով, Աղայանի կարծիքով, ինչպես նաև կարիերա, կրթություն ապահովելով՝ երիտասարդներին օգտագործում են։

Լրագրողի հարցին՝ կա՞ն արդյոք բավարար փաստեր, բանախոսը պատասխանել է. «Այո. «Հայազն» կուսակցությանն է առաջարկվել, ոչ թե, ասենք, անդամներին։ Կարեն Վրթանեսյանի կողմից ժամանակին առաջարկվել էր մի ակցիա՝ ուղղված, պայմանական ասած, «ֆաշիզմի» դեմ՝ այն ազգայնականների, որոնք օգտագործում են սվաստիկա։ Այսպիսով, դրդել էին «Հայազնին» պայքարել ծայրահեղ ազգայնականների դեմ, որը «Հայազնին» այդպես էլ անհասկանալի մնաց»։

Աղայանն այդ ամենում մեկ պատճառ է տեսնում. «Հավանաբար, խնդիր կար՝ իրար դեմ հանելու ազգայնական երկու թև դաշտը վերահսկելու նպատակով»։

Բանախոսը հիշեցրել է, որ «Զորակն» հիմնադրամն ընդլայնել է իր գործունեության շառավիղը (այցելություններ սահմանամերձ գյուղեր, սեմինարներ լավ սրահներում և այլն) այն բանից հետո, երբ Կարեն Վրթանեսյանը դարձել է նախագահականի պաշտոնյա։

Լրագրողի դիտարկմանը՝ հնարավո՞ր է՝ «Հայազնի» հետ կապված վերջին իրադարձությունները ինչ–որ քաղաքական միտում ունենան, Աղայանը պատասխանել է.

–Վրթանեսյանի հետ կապված՝ շատ բարդ է հարցը։ Մենք, վերլուծելով իրավիճակը, չենք հանգել միանշանակ եզրակացության այն մասին, թե սա պետական պլանով կազմակերպված ինչ–որ մի բա՞ն է, թե ուղղակի կոնկրետ անձանց ոչ համարժեք վարքի դրսևորում։ Պետական պլանի օգտին է խոսում այն փաստը, որ օգտագործվել են թերթ, մարդիկ, որոնք ինչ–որ ստատուսներ են գրել, և այլն։ Բայց դանակահարության պահը, կարծում եմ, այդ պահին ինչ–որ էքսցեսի նման մի բան է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը