Լրահոս

30.01.2014 13:14


Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ներկայացել է ոստիկանություն

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին ներկայացել է ոստիկանություն

Ի լրումն 24.01.2014թ. պարզաբանման՝ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 29-ին՝ ժամը 20.00-ին, Մայիս Խաչատրյանը և Վիտալիկ Մեսրոպյանը ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին:

Հիշեցնենք, որ 24.01.2014թ. ոստիկանությունից պարզաբանել էին. «Որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, որ հունվարի լույս 23-ի գիշերը Գորիս քաղաքի բնակիչ Մայիս Խաչատրյանը մարմնական վնասվածքներ է հասցրել համաքաղաքացի Վիտալիկ Մեսրոպյանին: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները մեղադրանք են ներկայացրել ոստիկանությանը, թե դեպքը ոստիկանության Գորիսի բաժնում չի գրանցվել:
Մեղադրանքը անհիմն է և իրականությանը չի համապատասխանում:
Նշված դեպքը ոչ միայն գրանցվել է, այլև ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:
Իրողությունը հետևյալն է:
Հունվարի 23-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 22-ի երեկոյան Գորիսի բնակիչ Վիտալիկ Մեսրոպյանը ծեծի է ենթարկել Յուրա Մանուչարյանին, ինչից հետո վերջինս իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ գնացել է Գորիս քաղաքի Երևանյան խճուղում գտնվող բենզալցակայան ու ծեծել Վիտալիկ Մեսրոպյանին և Արթուր Հարությունյանին:
Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել, ինչի ընթացքում պարզվել է, որ մինչ այդ Արթուր Հարությունյանը հանդիպել է Յուրա Մանուչարյանին և պահանջել, որ չանհանգստացնի իր քրոջը: Նրանց միջև վիճաբանություն է ծագել, որին միջամտել է Վիտալիկ Մեսրոպյանը: Յուրա Մանուչարյանը հեռացել է և վերադարձել իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ: Նրանք վիճաբանել են Վիտալիկ Մեսրոպյանի և Արթուր Հարությունյանի հետ, ինչի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վիտալիկ Մեսրոպյանին և Մայիս Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն»։

Նշենք, որ Մայիս Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին է, իսկ Յուրա Մանուչարյանը՝ նրա ազգականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը