Լրահոս

30.01.2014 13:58


ԲՀԿ պատգամավոր. «Մենք դեմ ենք «պարտադիր» բաղադրիչին»

ԲՀԿ պատգամավոր. «Մենք դեմ ենք «պարտադիր» բաղադրիչին»

Այսօրվա ասուլիսին ԲՀԿ կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և ՀՀԿ–ական Մկրտիչ Մինասյանն անդրադարձել են «Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին» օրենքին։

Մ. Մինասյանի խոսքերով՝ կենսաթոշակային բարեփոխումը քննարկվել է մոտ տաս տարի, իսկ ավելի բուռն քննարկման է արժանացել 2010–ին։ ԲՀԿ պատգամավորը նշել է, որ դեռ այն ժամանակ է իր կուսակցության առաջնորդը երկու պատգամավորի հետ արտահայտել իր դիրքորոշումը. «Մենք դեմ չենք կենսաթոշակային բարեփոխմանը. մենք դեմ ենք «պարտադիր» բաղադրիչին։ Այսօր էլ ԲՀԿ–ն դեմ է «պարտադիր» բաղադրիչին»։

Մելքումյանն անդրադարձել է նաև օրենքի կիրառման ժամկետներին. «2008–ից հետո հետճգնաժամային փուլ էր, մակրոտնտեսական ցուցանիշները շատ ցածր մակարդակի վրա էին։ Հույս կար, որ մենք արդեն 2013-2014 թթ. հաղթահարած պետք է լինեինք ճգնաժամի հետևանքները՝ ունենալով այլ ցուցանիշներ»։

Ըստ Մելքումյանի՝ գաղափարը ժամանակավրեպ է. 45.000 նվազագույն աշխատավարձի պայմաններում 5-6 հազար դրամ տանել 120.000 աղքատ մարդուց սոցիալական վնաս է քաղաքացուն։ Մարդկանցից տարեկան տանել 150 մլն դոլար և ներդնել ռիսկային ոլորտներում անթույլատրելի է։

ԲՀԿ պատգամավորը չի շրջանցել հանրային աջակցության հարցը կատարվող բարեփոխումներում. «Այսօրվա դրությամբ՝ կենսաթոշակային բարեփոխումը վերաբերում է 245.000 մարդու, բայց ընդամենը 3.000–ն է ընտրել իր ֆոնդերը։ ՍԴ որոշումն էլ վերաբերում է ֆոնդն ընտրելու մեխանիզմին. չի կարելի պարտադրել, որ քո փոխարեն ընտրի ծրագիրը։ Երկրորդը՝ տույժերին»։

Միքայել Մելքումյանը ՍԴ որոշումը գնահատել է որպես քաղաքական դադար, որն իշխանությունը վերցրել է՝ համակողմանի հասկանալու, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ (նկատի ունենալով հասարակության արձագանքը)։

ՀՀԿ–ական Մկրտիչ Մինասյանն էլ հիշեցրել է Մելքումյանին, որ 2010–ին ԲՀԿ–ն ամբողջությամբ կողմ է քվեարկել։

«Այս պահին գուցե դժգոհությունները շատ են, բայց մենք այլընտրանք չունենք. աշխարհում ուրիշ մեխանիզմ չկա»,–ապա խոստովանել է, որ միակ սխալը եղել է ժողովրդին լիարժեք չբացատրելը։

ՀՀԿ–ական պատգամավորին ուղղված լրագրողի հարցին՝ նա իր գումարը մի քանի տարով պարտքով կտա՞ մեկին, որն իրեն «քցելու» է վերջում, հնչել է. «Անիմաստ հարցերին չեմ պատասխանում»։

Այս խորագրի վերջին նյութերը