Մեկնաբանություն

30.01.2014 18:53


Սերժ Սարգսյանը շտապում է և զարմացնում

Սերժ Սարգսյանը շտապում է և զարմացնում

Վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանն ունի մի յուրօրինակ «խասիաթ»։ Նա ինչ խոստանում է՝ դրա հակառակն է ապահովում, ուր գնում է՝ հակառակ կողմում է հայտնվում, ինչ նպատակ դնում է՝ հակառակ նպատակին է հասնում։

Սերժ Սարգսյանը նաև «խասիաթ» ունի շտապելու և զարմացնելու։

Այսպես, ՀՀԿ ղեկավարը այնպես էր շտապում կյանքի կոչել «ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում առաջ քաշած նպատակները, որ պարզապես զարմացրեց Թուրքիայի նախագահ Գյուլին։ Վերջինս զարմացած էր այն բանից, որ Սարգսյանը կողմ արտահայտվեց Թուրքիայի՝ Ղարաբաղի հարցում օժանդակություն ցուցաբերելու առաջարկին։ Թե ինչ եղավ «ֆուտբոլային» դիվանագիտության արդյունքում, հիշեցնելու կարիք չկա։

Ս. Սարգսյանը Գյուլին զարմացնելուց հետո շտապես զարմացնել Արևմուտքին։ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու և դրա դիմաց խոստացված փողը ստանալու հարցում Սարգսյանն այնքան էր շտապում, որ զարմացած եվրաչինովնիկների կողմից ստացավ եվրագերազանցիկի «կոչում»։ Թե ինչով ավարտվեց նրա «արևմտամետությունը» նույնպես հիշեցնելու կարիք չկա։

Այժմ Սարգսյանը շտապում է դեպի Մաքսային միություն։ Այնպես է շտապում, որ զարմացրել է Պուտինին։

Ի դեպ, ՄՄ շտապելու և Կրեմլին զարմացնելու թեմային անդրադառնալով՝ Սարգսյանը, պաշտոնական այցով Չեխիայում գտնվելու ընթացքում, հայտարարել է. «Ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է հնարավորինս արագ եւ որակով անել: Եթե մենք որոշել ենք միանալ ՄՄ-ին, ապա դա պետք է անենք հնարավորինս արագ, ինչո՞ւ դանդաղեցնենք»։

Թե ինչով է ավարտվելու ՄՄ շտապելու սերժսարգսյանական որոշումը՝ կարելի է միայն կռահել։

Առայժմ «արևմտամետ» և «նախաձեռնող» Սարգսյանը շտապում է Զորի Գայկովիչի շուրթերով հավատարմության երդումներ տալ Գյուլիստանի պայմանագրին։ Հուսանք, որ նրա այս շտապողականությունը Թուրքմենչայի պայմանագիրը հիշեցնող որևէ փաստաթղթով չի ավարտվի։

«Նախաձեռնող» Ս. Սարգսյանից և օֆշորասեր Տ. Սարգսյանից ամեն ինչ սպասելի է։ «Թուրքմենչայը» կանխելու համար, հետևաբար, իշխանափոխություն է պետք։ Ա՛յ, այդ հարցում հաստատ արժե շտապել։ Բայց շտապողն այս դեպքում ՀՀ քաղաքացիները պետք է լինեն, այլապես Հայաստանը կդատապարտվի դանդաղ մահվան։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը