Մեկնաբանություն

31.01.2014 01:48


«Շնորհակալ եմ մեդալի համա»

«Շնորհակալ եմ մեդալի համա»

Եթե մեր երկրի հետ կապ չունեցող, օտարազգի մի մարդու ասես՝ Հայաստանում հերոսական գործեր են կատարվում, նա կամ քեզ գժի տեղ կդնի, կամ՝ մի կուշտ կծիծաղի քեզ վրա: Դե, մեր մասին էլ չենք ասում: Այդպիսի ապուշություն ոչ ոք դուրս չի տա: Եթե, այնուամենայնիվ, մեկնումեկն էլ հանդգնի նման բան ասել՝ նրան լսողները այն անծանոթ օտարի պես կմտածեն, որ ասողը երկու օր առաջ է փախել Սեւանի գժանոցից:

Բայց իշխանությունն իրեն այնպես է դրսեւորում, կարծես՝ բացառապես հերոսական արարքների ու գործերի հեղինակ է:

Որքան երկրում իրավիճակը վատանում է, որքան ժողովուրդը թշվառանում է, այնքան իշխանությունն ավելի ու ավելի շատ է զարդարվում մեդալներով եւ շքանշաններով: Ինքն իրեն պարգեւատրելու մոլուցքը կենսաձեւ դարձրած իշխանությունը առիթ է փնտրում իր ներկայացուցիչներին, պատգամավորներին, կառավարության անդամներին, մանր ու մեծ տրամաչափի պաշտոնյաներին պետական պարգեւներ բաժանելու համար:

Եթե նրանց «դոշերից» ու դարակներում պահած այդ բոլոր պարգեւները հավաքես, հավանաբար, ողջ բեռը մի քանի վագոն կկազմի: Սովետական գենսեկ Բրեժնևի օրն են ընկել։ Նա էլ էր սիրում ինքն իրեն ու շրջապատին պարգևներ և մեդալներ բաժանել։

Ապշում ես՝ ախր, ի՞նչ եք արել երկրի ու ժողովրդի համար, ի՞նչն եք զարգացրել, ո՞ր չափով եք դեպի դրականը փոխել ժողովրդի կյանքը, որ ինքներդ ձեզ արժանի եք համարում պարգեւատրման:

Ընդ որում վաղուց պետական պարգեւներով էլ չեն բավարարվում: Դե, սահմանված բոլոր տեսակի ու արժեքի մեդալներն ու շքանշանները ստացել են: Վաղուց արդեն անցել են Հ/Կ-ների սահմանած մեդալներին ձեռք գցելուն: Նույն ախորժակն է. ինչպես բյուջեն են թալանում, այդպես էլ պարգեւները: Ավելին՝ նաեւ գիտական կոչումները. Տարոն Մարգարյանի «պաշտպանությունը» վկա։

Երեկ «Հայոց արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանը իր կազմակերպության մեդալով պարգեւատրեց ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանին, ինչին, բնականաբար, շատերը բացասաբար արձագանքեցին:

Հակադարձելով «չուզողներին» այսօր Ասրյանը կայքերից մեկին ասել է.

«Վլադիմիր Գասպարյանի կերպարը յուրաքանչյուրիս համար հայրենասերի կերպար է, ի՞նչ PR-ի մասին է խոսքը: Եվ նրանք, ովքեր, իրենց պադվալներում կեղտոտ պահածոների տուփերի մեջ օղի խմելով, փորձում են մեր հայրենանվեր աշխատանքի վրա ցեխ շպրտել, վստահաբար ասում եմ, որ այդ ցեխը առաջին հերթին կպնելու է իրենց ու իրենց ողջ գերդաստանին: ՀՀ ոստիկանապետը երբեք` մինչև հիմա ու այսուհետ, PR-ի կարիք չի ունեցել և չունի»:

Տվյալ դեպքում հարցը ոստիկանապետը չէ՝, այլ իշխանության համոզմունքը՝ «փորձում են մեր հայրենանվեր աշխատանքի վրա ցեխ շպրտել»:

Իրոք, զավեշտալի է: Այդ ո՞րն է ձեր հայրենանվեր աշխատանքը, մտցրեք մեր աչքը՝ տեսնենք, էլի:

Այն, որ ձերը շքեղ առանձնատուն է, մերն էլ՝ պադվա՞լ: Ո՞րն է, ցույց տվեք՝ տեսնենք:

Հայրենանվեր աշխատանքների մի երկար շարք, այո՛, կարող ենք թվարկել. Օրինակ՝ չդադարող արտագաղթի ծավալներ, աղքատության ավելացում, տնտեսության փլուզում, մանր ու միջին բիզնեսի ոչնչացում, արտաքին պարտքի եռապատկում, բոլոր տեսակի «նախաձեռնությունների» տապալում, օֆշորային սկանդալ, կաշառակերություն, կոռուպցիա, «ատկատներ», անօրինություն…

Ահա՛ ձեր «հայրենանվեր աշխատանքի» ՕԳԳ-ն:

Այս ամենի համար իրականության զգացողությունը չկորցրած ցանկացած իշխանություն, որն իրեն պատասխանատու է համարում, ոչ թե ինքնապարգեւատրմամբ է զբաղվում, այլ ուղղակի հեռանում է:

Իսկ սրանք ամեն օր Զիմզիմովի դերն են խաղում՝ «Շնորհակալ եմ մեդալի համա, շնորհակալ եմ պատվի համա, շնորհակալ եմ կամպանի համա…»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը