Մեկնաբանություն

02.02.2014 16:40


«Գազի նոր պայմանագրեր» են սպասվում

«Գազի նոր պայմանագրեր» են սպասվում

Շատերը Հայաստանում կարծում էին, որ դեկտեմբերի 23-ին ստորագրված գազի պայմանագրերը դեռ սկիզբն են վասալացման: Կարծիք կար, որ նոր պայմանագրեր կհայտնվեն Ազգային ժողովում, որոնք է՛լ ավելի կսահմանափակեն Հայաստանի ինքնիշխանությունը:

Այդ կարծիքը իրականություն է դառնում: Կառավարությունը ընդունել է Մաքսային Միությանը միանալու ճանապարհային քարտեզը: Պատգամավոր Արտակ Դավթյանն էլ հայտարարել է, որ ԱԺ գարնանային նստաշրջանում քննարկման կդրվեն Մաքսային Միության հետ կապված տասնյակ նոր օրենքներ:

Պարզ է, որ այդ պայմանագրերը իրենց բնույթով մեծ հաշվով չեն տարբերվելու գազի պայմանագրերից: Այդ օրենքները միանշանակ սահմանափակելու են Հայաստանի ինքնիշխանությունը և նոր վտանգներ են ստեղծելու Հայաստանի գոյության համար: Սեպտեմբերի 3-ից սկսված Հայաստանի անկախության վաճառքը օրենսդրական բնույթ է ստանալու:

Փաստացի, Աժ-ում Հանրապետական կուսակցությունը օրենսդրական տեսք է տալու Սերժ Սարգսյանի որոշմանը: Մաքսային Միությանն է հանձնվելու Հայաստանի հետ կապված հիմնական որոշումների լիազորությունը:

Այդ մասին ավելի հստակ խոսել է էկոնոմիկայի նախարար Գարեգին Մելքոնյանը: Լրագրողների հետ հարցազրույցում նա նշել է, որ Եվրամիության հետ առևտրային բանակցություններ հետայսու Հայաստանի փոխարեն կվարի Մաքսային Միությունը: Փաստացի Հայաստանը զրկվել է արտաքին քաղաքականություն վարելու լիազորությունից: Եվ դա բացառապես Սերժ Սարգսյանի նախաձեռնողական կոչված քաղաքականության արդյունքում. Կրեմլին մեղադրելն այս առումով առնվազն անմեղսունակություն է։

Եթե այսօր, հանուն սեփական աթոռի և ինչ–ինչ հաշվարկների, զիջում են առևտրի վերաբերյալ լիազորությունը, վաղը նաև կզիջեն Արցախի կարգավորման խնդրի հետ կապված բանակցությունների լիազորությունները:

Ի դեպ, Արցախի հարցում ձեռքերը լվանալու և մի կողմ քաշվելու նպատակով նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Պատահական չէր, որ Զորի Բալայանի միջոցով գովերգվում էր Գյուլիստանի պայմանագիրը։

Փաստացի, Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականությունը թե՛ Արևմուտքի, թե՛ ՌԴ–ի ուղղությամբ Հայաստանի անվտանգության ու գոյության համար վտանգ են ստեղծել։ Այդ վտանգը չեզոքացնելու միակ տարբերակը Սերժ Սարգսյանին որոշումներ կայացնելու հնարավորությունից զրկելն է:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը