Տնտեսական

03.02.2014 15:27


Նախարարն աշխատողներից կուտակայինները գանձող գործատուներին համարում է պարտաճանաչ

Նախարարն աշխատողներից կուտակայինները գանձող գործատուներին համարում է պարտաճանաչ

Ինչպես հայտնի է, հունվարի 24–ին Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում կայացրեց՝ կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, սակայն, աշխատողներից կուտակային կենսաթոշակները գանձող և ֆոնդերին վճարող գործատուներին համարում է պարտաճանաչ։

Այս մասին այսօր նա հայտարարել է ՀՀ ԱԺ–ում՝ միաժամանակ ընդգծելով, որ քաղաքացին էլ իրավունք ունի դիմել դատարան։

–ՍԴ–ն կասեցրել է մեկ հոդված և մեկ հոդվածի մի մաս։ 76–րդ հոդվածը վերաբերում է պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում տույժ ու տուգանքներ չգանձելուն։ Ես չեմ կարծում, որ պարտաճանաչ գործատուներն իրենց պարտավորությունները կատարում են միայն այն դեպքում, երբ այդ պարտադիր կատարման ենթակա նորմը չկատարելու համար գործում է պատասխանատվության միջոց։ Ես կարծում եմ՝ այն պարտավորությունները, որոնք օրենքով սահմանված են, իսկ պարտադիր կուտակային վճարներն ուժի մեջ են մտել 2014թ. հուվարի 1–ից, և այդ առումով որևէ հոդված կամ դրույթ կասեցված չէ։ Եվ պարտաճանաչ գործատուներն օրենքով սահմանված իրենց պարտավորությունները կատարում են, և դա կարծում եմ, որ ճիշտ է, որովհետև օրենքի դրույթների կատարումը չպետք է պայմանավորված լինի բացառապես դրանց չկատարման համար պատասխանատվություն սահմանված լինելու հանգամանքով,–հայտարարել է նախարարը։

Ի պատասխան՝ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ընդգծել է, որ սա ճիշտ դիրքորոշում չէ։

–Մենք չենք կարող, լինի նախարար, թե պատգամավոր, սկսել մեկնաբանել ՍԴ որոշումը։ Ո՞նց եք մեկնաբանում, ի՞նչ իրավունքով։ ՍԴ–ն ասում է՝ մի՛ փոխանցեք, և վե՛րջ։ Դուք փորձում եք փրկել այդ օրենքը։ Ի՞նչ եք ուզում, ալիք եք ուզում բարձրացնել, ի՞նչ եք ուզում,–ասել է Բագրատյանը։

ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ նկատել է, որ ոչ թե ՍԴ որոշումն են մեկնաբանում, այլ ուղղակի կարդո՛ւմ են այդ որոշումը։

Ի դեպ, նախարարն ընդգծել է, որ ինքը կամավոր հիմունքներով միացել է պարտադիր կուտակայինի համարգին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը