Մեկնաբանություն

04.02.2014 00:10


«Մայդանն» ու «մեյդանը»

«Մայդանն» ու «մեյդանը»

Վերջին շրջանում իշխանությունն իրեն «ապահովագրված» է զգում: Ինքն իրեն համոզել է, որ Հայաստանում «Մայդան» չի լինի: Ինչ հարց տալիս ես՝ պատասխանում է՝ Հայաստանում հնարավոր չի, որ «Մայդան» լինի:

Իսկ ֆեյսբուքյան իր ակտիվիստներին էլ հանձնարարում է «մեյդան» գալ ու ամեն օր գրել, որ ««Մայդանը» բացառված է»: Սրանք էլ ինչ-որ «հանգամանքներ» նշելով՝ գրում են, թե ««Մայդանը» մեր մոտ բացառված ա»: Կարդում ես սրանց խառը շարադրանքները, որից իրենք՝ հեղինակներն էլ բան չեն հասկանում եւ, մեղմ ասած, զարմանում՝ եթե իշխանությունը համոզված է, որ ««Մայդանը» բացառված է», եթե համարում է, որ դա անհնարին բան է, ապա ինչո՞ւ է այդչափ անհանգստացած, ինչո՞ւ է շարունակ այդ թեման շրջանառում:

Լավ, ենթադրենք՝ Հայաստանում «Մայդան» չի լինելու, մի՞թե դա ազատում է իշխանություններին բոլոր խնդիրներից, որոնք արդեն վեց տարի իրենց լուծմանն են սպասում: «Մայդանի» առաջացման հավանականությունը համարելով զրոյական՝ ի՞նչ է՝ իշխանությունը ձեռնամուխ է լինելու տնտեսության վերականգնման, արտագաղթի ծավալների եւ աղքատության կրճատման գործի՞ն:

Լավ, հասկացանք, որ բացառում եք «Մայդանը», իսկ հետո՞, թեւերը քշտած օրինականությո՞ւն եք հաստատելու, կոռուպցիա՞ն եք վերացնելու, թե՞ օֆշորային սկանդալի մեղավորներին եք պատժի ենթարկելու։

Պարզ է, որ ոչինչ էլ չեք անելու:

Եվ զավեշտալին այն է, որ իշխանության, կառավարության մի հատվածը ներկայացնողներն էլ «Մայդանի» հնարավոր գոյության մասին այնպես են խոսում, կարծես նետվել են իրենց իսկ կողմից ավերած երկիրը փրկելու, բայց դեռ չեն շտապում լծվել փրկության գործին, քանի որ ուզում են վերջնականապես ճշտել՝ «Մայդան» կլինի՞, թե՞ ոչ: Ախր, էդ անտերը կարող է խանգարել փրկության գործին: Շա՜տ են ուզում օր առաջ լծվել «հայրենանվեր աշխատանքին», շա՜տ են ցանկանում «արարել». միայն թե «Մայդանի» հարցն է մի քիչ խանգարում: Ա՛յ, որ վերջնականապես համոզվեն, որ դա չի լինելու, երկիրը կսարքեն դրախտ կամ ապահով դրախտ:

Հետեւելով թեմայի վերաբերյալ շարունակվող սրանց տվայտանքներին՝ քիչ է մնում՝ մենք էլ մեր հերթին նրանց համոզենք ու հավատացնենք, որ «Մայդան» չի լինելու, անցեք գործի, կառուցեք ձեր խոստացած ապահով դրախտը:

Բայց, ախր, ո՞վ կարող է նման պնդում անել, երբ, մանավանդ, մեր առջեւ բոլոր առումներով ձախողված, խաբեբա, անպետք և անգործունակ իշխանություն է, որն ընտրությունների ժամանակ «մեյդան» էր դուրս եկել ու մեզ ապահով Հայաստան էր խոստանում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը