Մեկնաբանություն

04.02.2014 16:10


Վախը ստի մշտական ուղեկիցն է

Վախը ստի մշտական ուղեկիցն է

Իրոք, վախի աչքերը մեծ են: Դե, ասենք՝ տեսախցիկի «աչքի» չափ:

Շեքսպիրն ասում է. «Վախը ստի մշտական ուղեկիցն է»: Իսկ նրանից առաջ Պլատոնն արդեն ասել է. «Ամոթ-վախ անպատվության սպասումից առաջ»:

Ազգային ժողովի ղեկավարությունը որոշել է տեսախցիկներ տեղադրել խորհրդարանի շենքի ներսում եւ դրսում՝ ԱԺ ողջ տարածքում:

Դե, գիտեք, էլի, որ սա իշխանությունների նախաձեռնությունն է, քանի որ ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը իշխանական ՀՀԿ-ին է:

Ահաեւ՝ «Գող սիրտը դող» սկզբունքով իշխանությունը սեփական անվտանգության ապահովման համար հավելյալ միջոցառումներ է իրականացնում: Այն դեպքում, երբ իշխանական պատգամավորների մեծ մասը սեփական թիկնապահն ունի, եթե չասենք՝ թիկնապահական խումբը: Բայց դա էլ բավարար չեն համարում եւ ցանկանում են, որ տեսախցիկները ֆիքսեն իրենց կյանքին սպառնացող ցանկացած կասկածելի երեւույթ՝ օդում, ջրում եւ ցամաքում: Նորմալ է, քանի որ տոկոս խփելով են դարձել քաղաքական մեծամասնություն: Այլ պարագայում ցանկացած իշխանություն սեփական անվտանգությունը կարեւորելու խնդիր չէր ունենա:

Բայց իշխանությունը ունի՛ նման խնդիր, այն էլ՝ ինչպե՜ս ունի: Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանի նստավայրի ու կեցավայրի դիմաց բետոնապատեցին ու տեխնիկական միջոցներով հագեցրին։

Իշխանական մեծամասնությունն այնքան է ստել ու խաբել, այնքան է իր առաջնորդի քայլերով ու գործողություններով գործել երկրի ու ժողովրդի դեմ, որ նրան մնում է ուժեղացնել սեփական անվտանգությունը:

Կառավարությունը վերացնում է նպաստների համակարգը, զրկում կյանքի ու մահվան հետ կռիվ տվող նպաստառուներին ամսական 18 հազար դրամներից, որ թանկարժեք տեսախցիկներով պաշտպանության տակ առնի իշխանական «օրենսդիրներին»: Նրանց, ովքեր աղքատությունն ու համատարած թշվառությունը մեղմելու ուղղությամբ որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն եկել:

Հակառակը՝ օրենք են ընդունում պարտադիր կուտակայինի մասին, ինչով փորձելու են բառացիորեն կողոպտել երիտասարդ եւ արդեն միջին սերնդի աշխատավորներին:

Գազի պայմանագրերի, առեղծվածային 300 միլիոն դոլարի պարտքի հետ կապված դարի հանցագործությանը համարժեք հանցանք են կատարում եւ ուզում են տեսախցիկներով «պաշտպանվել»:

Թոշակառուների, ազատամարտիկների, եւ ընդհանրապես շարքային քաղաքացիների կենսամակարդակը գոնե տանելի մակարդակի հասցնելու փոխարեն, իշխանությունը հսկայական գումարներ է ծախսում սեփական անվտանգության ապահովման համար: Ինչը այլ բան չի կարող նշանակել, քան այն, որ այդ իշխանությունը ընտրված չէ եւ զգուշանում է ահագնացող ժողովրդական ցասումից:

Երկրում աղետալի վիճակ է, իսկ իշխանությունը «պաշտպանվում» է, ինչը նման է ջայլամի վարքագծին:

Այնուհանդերձ, ժողովուրդը ձեր հետույքը տեսնում է: Դրանի՛ց զգուշացեք:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը