Մեկնաբանություն

05.02.2014 12:00


Օֆշորային եռյակի թույլ օղակը

Օֆշորային եռյակի թույլ օղակը

Մինչ «Ամերիա» բանկը, որը վարչապետի մասնակցությամբ օֆշորային մեքենայության կարևորագույն օղակներից է, շտապ կարգով վաճառում է գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող գույքը կասկածելի ծագման կազմակերպություններին, հայտնաբերվել է օֆշորային եռյակի անդամ Աշոտ Սուքիասյանը։

Սուքիասյանը հայտնաբերվել է Թբիլիսիում, բայց դեռ չի հայտնվել Երևանում։ Որոշակի իրավական պրոցեդուրաներ կան, որոնք անհրաժեշտ են նրան հայաստանյան իրավապահներին հանձնելու համար։ Խնդիրը, սակայն, հանձնելը չէ (դա վաղ թե ուշ կլինի)։ Խնդիրն այն է, թե ինչ գործ «կկարվի»։ Իսկ այն, որ «կարվելու» է, որևէ մեկի մոտ կասկած չկա, քանզի իրավապահ համակարգն ամբողջովին կախված է Բաղրամյան 26–ից. ինչ ցուցում լինի, այնպիսի որոշում էլ կկայացվի։

«Էն գլխից» էլ պարզ էր, որ Աշոտ Սուքիասյանն օֆշորային մեքենայության մեջ գլխավոր դերակատարը չէ։ Գլխավոր դերակատարները Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն են, ովքեր «սուխոյ ատկազի» տարբերակն են ընտրել, իսկ Աշոտին վերապահել են սլաքավարի դերը։

Շատերին է հետաքրքրում, թե այդ ինչպես եղավ, որ Աշոտը հայտնաբերվեց, և ինչ է հետևելու այդ հայտնաբերմանը։ Շրջանառվում են մի քանի վարկածներ։ Նշենք դրանցից հիմնականները։

Վարկած 1–ին

Աշոտ Սուքիասյանը գիտակցաբար է բռնվել, որպեսզի գա Երևան, իր վրա վերցնի ամբողջ մեղքը, ազատազրկման դատապարտվի ու որոշ ժամանակ անց համաներմամբ դուրս գա։ Այսինքն, այս վարկածով գործ ունենք նախապես մշակված սցենարի հետ։

Վարկած 2–րդ

Աշոտ Սուքիասյանի հայտնաբերումը, անկախ դրան նպաստող հանգամանքներից, ներիշխանական «ռազբորկաների» և ներքին գզվռտոցի հետևանք է, և դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կլինեն։

Թե որ վարկածն է առավել հավանական, պարզ կդառնա շատ շուտով։ Հնարավոր է, որ այդ վարկածները միախառնվեն։

Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանն իր բաց նամակում գրել էր, որ ինքն առանց Տիգրան Սարգսյանին ու Նավասարդ Կճոյանին տեղյակ պահելու է գրանցել օֆշորային կազմակերպությունը՝ փորձելով, այդպիսով, զերծ պահել բիզնեսը ոտնձգություններից։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ ոտնձգությունից է փորձել զերծ պահել իր բիզնեսն Աշոտ Սուքիասյանը, ինչո՞ւ է մտածել, որ Նավասարդի ու Տիգրանի անուններն իր համար կարող են «կռիշի» ֆունկցիա կատարել, ո՞ւմ փորձը հաշվի առնելով է նա վարչապետին ու տերտերին «կռիշ» կարգել, «Ամերիա» բանկը Նավասարդի ու Տիգրանի անունները տեսնելո՞վ է միլիոնավոր դոլարներն առանց հիմնավորման փոխանցել Հայաստանից դեպի օֆշորային գոտի, իսկ այնուհետև ստացել օֆշորային գոտուց։ Կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք իրենց պատասխաններին են սպասում։

Եվ ամենակարևորը՝ Փայլակ Հայրապետյանը բազմիցս պնդել է, որ իրեն «քցողը» հենց վարչապետն է, իսկ իրեն համոզողը՝ Նավասարդը։

«Հայաստանի ղեկավարությունը մինչեւ հիմա գիտեր, թե ես Աշոտ Սուքիասյանի հետ եմ գործարքի մեջ մտել, չգիտեին, որ ես գործարքի մեջ մտել եմ ոչ թե Աշոտի, այլ հանրապետության վարչապետի հետ: Ես Աշոտին բոլորովին չեմ ճանաչել, դեմքով էլ չեմ ճանաչում: Այս գործում ներգրավված են և՛ վարչապետը, և՛ Նավասարդ Կճոյանը, և՛ «Ամերիա» բանկի տերերը: Պահանջում եմ, որ այս գործով հարցաքննվեն, եւ առերեսում լինի նաեւ նրանց հետ, ու ես գնալու եմ մինչեւ վերջ»,– «Առավոտի» հետ զրույցում նշել է Հայրապետյանը:

Այնպես որ, Սուքիասյանն այս գործում թույլ օղակ է, այլ ոչ թե գլխավոր մեղադրյալ։

Անկախ ամեն ինչից՝ մեկ բան ակնհայտ է՝ միայն ապուշը կհավատա, որ վարչապետի անունն արատավորելու համար, ինչպես ինքն էր պնդում, մարդիկ օֆշորային կազմակերպություն են գրանցել և միլիոնավոր դոլարների փոխանցումներ արել։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա այս թեմայով նրա լռությունը և վարչապետին ատամներով պահելը ցույց են տալիս, որ առնվազն նրա գիտությամբ կամ «պոստ ֆակտում» տված «ադաբրյամսով» է տեղի ունեցել օֆշորային մեքենայությունը։ Այլապես դժվար է պատկերացնել, որ Տիգրանը միլիոններ է «ալաֆ» արել, իսկ Սերժն այդ մասին չի իմացել, կամ էլ՝ իմանալուց հետո թողել է, որ տղաներն, առանց իրեն փայ տալու, վայելեն այդ միլիոնները։ Օֆշորային միլիոնները հո ցողունային բջիջնե՞ր չեն, որ միայնակ վայելես։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը