Մեկնաբանություն

05.02.2014 12:35


«Ձախից վերջին հանգրվանը»

«Ձախից վերջին հանգրվանը»

Այնպես է ստացվում, որ Հայաստանի իշխանություններն աստիճանաբար միջազգային ճանաչում են ձեռք բերում ամենևին ոչ շնորհիվ քաղաքականության մեջ ունեցած հաջողությունների։ Սրանից պետք է օգտվել։

Օրինակ՝ նկարահանվել որևէ ֆիմում։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Նման օրինակները շատ են... Բացի այդ, մեծ գումարներ աշխատելու ստուգված տարբերակներից է հաջողված ֆիլմ նկարելը։ Ու քանի որ մեր իշխանությունը մեծ փողերին հեշտ ու արագ ձեռք գցելու մեծ սիրահար է, առաջարկում ենք անհապաղ անցնել մեծ բյուջեով ժապավենի նկարահանումներին։ Ընդ որում, հարկ չի լինի ներգրավել դերասանների, սցենարիստների և այլն։ Դրանք կան. հենց իշխանությունն էլ կկատարի այդ գործը։ Կմնա միայն ռեժիսորի հարցը լուծել՝ աշխարհահռչակ ու սկանդալային։

Ֆիլմի նկարահանումների վայրն էական չէ. դա կարող է լինել Հայաստանում, Կիպրոսում, Հարավային Կորեայում...

Ֆիլմը, բնականաբար, լինելու է թրիլլերի ժանրում։ Ընդ որում, սա կլինի այն բացառիկ ժապավեններից, որտեղ դրական հերոս չի լինի։ Դա նաև կհեշտացնի ստեղծագործական խմբի՝ ՀՀ իշխանությունների աշխատանքը։

Կինոնկարը բաղկացած կլինի տարբեր կտորներից, որոնք վերջում միանալով՝ կկազմեն են մեկ ընդհանուր պատկեր։ Տարբեր մարդիկ, տարբեր ճակատագրեր, որոնց միավորում են փողն ու արյունը (Տարանտինոյի ոճով):

Էրոտիկ տեսարաններ չեն լինի։ Այդ բացը կլրացվի հոգեբանական հնարքով։ Ֆիլմում պարբերաբար, կարճ ռեպլիկներով, կերևան մեզ այնքան հոգնեցրած գործող իշխանության սպասավորները։ Դա հաստատ կտա իր արդյունքը։ Դրսում նման սթրեսների պարզապես սովոր չեն՝ ճղճղան ձայներ, քառակուսի գլխով կերպարներ, ցելյուլիտից տառապողներ... Մի խոսքով, այս մասով էլ ոչ մի խնդիր չկա։

Ֆիլմի հաջողությունը կապահովեն նաև երկխոսությունները՝ հերոսը խոսում է, խոսում է, խոսում է, դու ոչինչ նրա ասածից չես հասկանում, նյարդայնանում ես, ու դրանից ավելի շատ ես ուզում, որ նրա հետ ինչ–որ բան կատարվի (Պազոլինիի ոճով)։

Ու ամենադժվարը՝ անհրաժեշտ է բարձրաճաշակ սատիրա։ Այ դա արդեն դժվար կլինի ապահովել մեր իշխանության պարագայում, բայց դե, մի բան կարելի է մտածել։ Մնաց վերնագրի ընտրությունը։ Տարբերակներ՝ ինչքան ուզես (աշխատանքային վերնագիրը կարող է լինել «Ձախից վերջին հանգրվանը»)...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը