Լրահոս

05.02.2014 14:09


Գոռ Վարդանյանի պարզաբանումը

Գոռ Վարդանյանի պարզաբանումը

Վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների վերաբերյալ ցանկանում եմ հասարակությանը հայտնել հետևյալը:
Իսրայել Սարգսյանը աշխատել է ՀՀ «Դուքենդո» ֆեդերացիայում որպես անվտանգության բաժնի ղեկավար: 2013թ.-ի դեկտեմբերի վերջին Ի. Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են՝ Երևան քաղաքում մի շարք խաղատներ փակվելու պատճառով, և կրճատվել են որոշակի քանակությամբ աշխատողներ:
Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ ողջունում եմ ՀՀ ոստիկանությանը, այդքան արդյունավետ և օպերատիվ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու համար:
Ես՝ ինքս, նախկին իրավապահ համակարգի սպա եմ, հոգով և գործունեությամբ դեմ հանցագործություններին և բնավ նշանակություն չունի, թե հանցագործություն կատարողը կլինի ֆեդերացիայի նախկին անդամ, գործող ոստիկան, դատավոր, թե մարզպետ: Օրենքի առաջ բոլորն են հավասար:
Միջազգային «Դուքենդո» ֆեդերացիան ՀՀ-ում և արտերկրում ունի 150-ից ավելի դպրոցներ, 200-ից ավելի սև գոտու որակավորում ստացած մարզիչներ և 8000-ից ավելի մարզիկներ: Ես իմ քսանամյա գործունեությամբ ապացուցել եմ, որ մշտապես զբաղվել եմ մատաղ սերնդի դաստիարակությամբ՝ քարոզելով հայրենասիրություն և պետականամետ մտածելակերպ: Այսօր կապելով ինձ և իմ ղեկավարած ֆեդերացիան քրեական ինչ-որ հանցագործության հետ՝ ենթադրում եմ՝ նպատակ ունի սևացնել իմ անունը և ազդել իմ վարկանիշի վրա, որը, ցավոք սրտի, հանգիստ չի տալիս որոշ չկայացած գործիչների:
Ֆեդերացիայում հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել օրինական ճանապարհով, փաստաթղթային ձևակերպմամբ, ուժային կառույցներից՝ ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով:
Ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին անաչառ, օբյեկտիվ քննություն վարելու և բոլոր հարցերին արդար պատասխաններ գտնելու գործում:
Մոտակա օրերին հանդես կգամ ավելի ընդգրկուն պարզաբանումներով:

Գոռ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը