Աշխարհ

24.01.2011 14:28


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդի միակ ճանապարհը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդի միակ ճանապարհը

Հունվարի 24-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական հանդիպումն է արտգործնախարարների ձևաչափով. ինչո՞ւ հերթական, որովհետև այն, ինչպես նախորդները և ինչպես գալիք հանդիպումները, բեկում չի արձանագրի հակամարտության լուծման հարցում:

Չենք անդրադառնա ադրբեջանական ռազմաշունչ հայտարարություններին ու Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը' որպես բանակցություններում առաջընթացի հասնելու դեմ խոչընդոտների. դրա մասին բազմիցս խոսվել է: Նաև հերթական անգամ չենք դատապարտի ԼՂՀ-ի դեմ ադրբեջանական դիվերսիաները. բազմիցս դատապարտել ենք ու դատապարտելու ենք (տե՛ս Աստանայում' ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում, Վահան Դիլանյանի ելույթը' http://www.osce.org/home/73797):

Գլխավոր հիմնախնդիրը հետևյալն է. պատերազմի վերսկսման վտանգը հետզհետե ուժեղանում է, պատերազմը դառնում է անխուսափելի. այս տարի, մեկ թե հինգ տարի անց այն կծագի, եթե բանակցային գործընթացն այս հունով ընթանա:

Չփորձելով նաև վերլուծել ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի մարտական պատրաստականությունը հնարավոր ռազմական բախման ժամանակ, անհրաժեշտ ենք համարում առաջարկել պատերազմից խուսափելու մեր բանաձևը, որովհետև պատերազմը, լինելով անհրաժեշտ մեղք, ամեն դեպքում մեղք է:

Մի բան պարզ է' ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել, եթե միայն հակամարտող կողմերի ղեկավարները քաղաքական կամք ունենան, ինչը և անընդհատ պնդում են արևմտյան երկրները: Ի տարբերություն աշխարհում եղած ու առկա հակամարտությունների, դրա լուծման բանալին ղարաբաղյան, ադրբեջանական և հայաստանյան հասարակությունների ձեռքում է: Այս պարագայում քաղաքական կամքը կարող է միայն նպաստել հասարակական կամքի ձևավորմանը:

Ո՞վ կմտածեր, որ տասնամյակներ շարունակ թշնամի մնացող ու ցեղասպան Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման փորձ կարվի, ո՞ր մի հայը կմտածեր, բայց եղավ քաղաքական կամք, ու հայ հասարակության մի մեծ հատված սկսեց ողջունել այդ գործընթացը: Եվ հասարակական այդ աջակցության համար թերևս գլխավոր շարժառիթը դարձավ տնտեսական շահը:

Կարծում ենք' ղարաբաղյան հակամարտության լուծման սկզբնական քայլը կարող է լինել միայն տնտեսական շահի հիման վրա:

Հասարակական գործունեության բոլոր բնագավառներն առանձնահատուկ կարևորություն ունեն: Սակայն բոլոր ժամանակներում, նույնիսկ այնպիսի ժամանակաշրջաններում, ինչպիսին է, օրինակ, Վերածննդի ժամանակաշրջանը, երբ գերակա էր մշակույթի կամ հոգևոր հարստության դերը, տնտեսության դերն, այնուամենայնիվ, ամենակարևորն է եղել. մարդկության պատմության մեջ բոլոր հեղափոխությունների հիմքում ընկած է եղել տնտեսական գործունեության փոխակերպումը:

XXI դարում մարդկանց գործունեության հիմնական դրդապատճառը նույնպես շարունակում է մնալ տնտեսականը: Ավելի պարզ ասած' ապրում ենք տնտեսական մարդու (еconomic man) դարաշրջանում. բոլորն ինչ-որ բան են վաճառում և ինչ-որ բան գնում. հոգևոր մշակույթը նույնպես տեխնոկրատական բովանդակություն է ստացել:

Ուրեմն այսօր ամեն տեսակի հարցերի կարգավորման դեպքերում, եթե մարդը կամ հասարակությունը տնտեսական շահ ունի, ինքնըստինքյան ընդունում է այդ տարբերակը:

Պետք է հստակ սահմանել, որ հասարակության տնտեսական շահի հետապնդում չի նշանակում ազգային շահերի ժխտում, ինչպես, օրինակ' Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած "տնտեսական շահ տարածքի դիմաց" բանաձևը. սա նոնսենս է:

Տնտեսական շահն ինքնին ենթադրում է ազգային շահ, այս դեպքում' ազգային տարածքների ու դրանցում ապրող բնակչության տնտեսական զարգացման երաշխիք:

Ահա այս ելակետն էլ պետք է դնել Ադրբեջանի հետ խաղաղ համագոյակցության կայացման հիմքում. այն փոխզիջումային տարբերակ է վերջերս Հայաստանի հնարավոր ագրեսիայի մասին ակտիվորեն խոսող ադրբեջանական իշխանությունների համար:

Պետք է խոհեմ գտնվել և գիտակցել, որ ղարաբաղյան հակամարտությունն իր կառուցվածքով ու բովանդակությամբ այնքան բարդ է, որ կարող է ամեն վայրկյան պայթել ու վերածվել կարճատև կամ երկարատև պատերազմի: Դրա համար միակ այլընտրանքային ճանապարհը հակամարտության սառեցումն է և դրա հետ մեկտեղ, որպես սկզբնական քայլ, տնտեսական կապերի ակտիվացումը մանր ու միջին առևտրականության ոլորտում:

Անցյալ տարվա հունվարին Իրանի արդյունաբերության և հանքերի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի Անկարա այցը լուսաբանող արտասահմանյան ԶԼՄ-ներում սկսեց շրջանառվել Իրանի ու Թուրքիայի միջև ստեղծվելիք Ազատ տնտեսական գոտիում (ԱՏԳ) Հայաստանի ու Ադրբեջանի ներկայության թեզը: Ասվում էր, որ 2009 թ. հոկտեմբերին Իրան այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է ստեղծել ԱՏԳ, որին ապագայում կարող են միանալ նաև Ադրբեջանը և Հայաստանը:

Ըստ պայմանագրի' թուրքական կողմը պետք է ապահովի ԱՏԳ ենթակառուցվածքը, իսկ Իրանը' էլեկտրականությունը. կառուցվելու են օդանավակայաններ, ճանապարհներ և երկաթգծեր: ԱՏԳ-ն պետք է ստեղծվեր Վանի ու Իգդիրի միջև ընկած տարածքում:

Թե ինչքանով էր իրատեսական նման հնարավորությունը Հայաստանի համար, հստակ չէ: Բայց որ Թուրքիայի կողմից նախաձեռնված նախագծում պետք է մասնակցեն տարածաշրջանի երկրները, սա արդեն Էրդողանի AKP կուսակցության ռազմավարության հետ է զուգորդվում: Այն, կարելի է ասել, 2008 թ. օգոստոսից հետո Թուրքիայի կողմից առաջարկված "Կովկասյան պլատֆորմի" կատարելագործված տարբերակն է: (Վերջինիս անկատարությունը որոշ փորձագետներ համարում էին Իրանին չներառելը:)

Այդուամենայնիվ, ՀՀ արտաքին քաղաքականության' Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափից խուսափելու սկզբունքի տեսանկյունից նվազ հավանական է Հայաստանի մասնակցությունը նմանատիպ նախագծին: Այսինքն' որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը ներկայացված են միաժամանակ, այնտեղ հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան խնդրի հետ կապելու անուղղակի կամ ուղղակի ռիսկ է առաջանում: Հետևաբար, եթե անգամ պաշտոնական առաջարկ եղել է Երևանին, բնականաբար, այն մերժվել է:

Սակայն սա Հայաստանը ներառող ԱՏԳ-ի վերաբերյալ միակ առաջարկը չի եղել: Դեռևս 2009 թ. հոկտեմբերին Մոսկվայում ռուս, հայ և ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպման ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԱՏԳ ստեղծման հարցը թերևս ավելի առարկայական է քննարկվել: Ադրբեջանցի պատգամավոր Սաբիր Հաջիևը հաստատել է ԱՏԳ մասին քննարկման փաստը: «Թեև մեր հիմնական խնդիրը դրա մասին խոսելը չէր, բայց այն աջակցություն էր նախագահների ու ԱԳՆ-երի մակարդակով բանակցություններին»,- ասել էր Հաջիևը' մեկնաբանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանի առաջարկը Ադրբեջանի ու Հայաստանի միջև ԱՏԳ ստեղծման մասին:

Առաջարկվել էր ԱՏԳ ստեղծումը Հայաստանի Իջևանի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի միջև: "Այստեղ ապրանքաշրջանառությունը երկրորդական խնդիր է, այստեղ մերձեցման խնդիր է լուծվում»,- նշել էր հայ պատգամավորը:

Եթե հիշենք, անգամ հին դարերում, երբ արժեքային փոխանակությունը տարբեր ազգերի  միջև ավելի դժվար էր, քանի որ տեղեկատվական այլ տեսակի տեխնոլոգիաներ չկային, այդ մերձեցման գործառույթը կատարում էր առևտրականությունը: Գործում էին տոնավաճառներ, և մարդիկ տարբեր երկրներից գալիս էին ու վաճառում, գնում, փոխանակում ապրանքներ: Եվ այդ մի քանի օրվա ընթացքում առևտրի համատեքստում փոխանակված արժեքները վերցնելով' անուղղակիորեն ներմուծում էին իրենց հասարակություններում: Սա նաև շատ դրական կողմեր ուներ թշնամական երկրի վարքուբարքը ճանաչելու առումով:

Խոսքը, իհարկե, այս կամ այն ժողովրդի հոգևոր արժեքներն իրենը սարքած, արհեստական ազգային պետություն դարձած Ադրբեջանի արժեքները վերցնելու մասին չէ. խնդիրը մարդկային պարզ շփումների ու տնտեսական պարզ շահերի մասին է, ինչը և առժամանակ սառեցված կպահի հակամարտությունը: Հայաստանի հակահետախուզական համակարգը, վստահ ենք, այնքան ներուժ ունի, որ կարող է ապահովել այդ գործընթացների անվտանգությունը:

Մյուս ռիսկը առևտրական հարաբերություններում հնարավոր կոնֆլիկտների առկայությունն ու դրա հետևանքներն են. այս խնդիրը նշվում է հատկապես ասիա-աֆրիկյան երկրներում առևտրով հակամարտության լուծման վերաբերյալ հետազոտություններում. երբ հակամարտության կարգավորմանն ուղղված տնտեսական հարաբերությունները կարող են դառնալ հակամարտության ավելի խորացման պայման:

Այդուամենայնիվ, հաշվի առնելով հայ և ադրբեջանական հասարակությունների տնտեսական ակտիվ համագործակցության փորձը խորհրդային ժամանակաշրջանում, նշված ռիսկը ցածր է, քանի որ առևտուր անելու շանս տալու դեպքում նրանց պատմահոգեբանական համակարգի միջոցով անցյալի համագործակցության փորձը կարդիականանա արդեն նոր իրականությունում:

Նույն առևտուրը մերձեցմանը նպաստելու հետ մեկտեղ կզարգացնի նաև կառուցողական բանակցությունների հմտությունները: Կտակարանում նշվում է, որ Արևելքում հին ժամանակներում առևտրականները ճանապարհորդում էին իրենց ապրանքներով վայրից վայր (Գիրք Ծննդոց 37:25) և առևտուր անում' գլխավորապես բանակցելով կամ սակարկելով  (Գիրք Ծննդոց 37:28; 39:1), և սա, ըստ պատմական աղբյուրների, նպաստում էր արդեն քաղաքական բանակցություններում կառուցողական դիրքորոշումների դրսևորմանը:

Ամեն դեպքում, ԱՏԳ ստեղծման համար քաղաքական կամք է հարկավոր. դրանց ստեղծման վերաբերյալ քաղաքական որոշումից բացի, անհրաժեշտ կլինի ստորագրել ուժի չկիրառման պայմանագիր, որը, ինչպես նախագահ Սերժ Սարգսյանն է նշել, կամրապնդի վստահությունը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի բնակչության մեջ:

Համոզված ենք, որ ադրբեջանցիները ևս վստահության խնդիր ունեն. ոչ վաղ անցյալում կրած ջախջախիչ պարտության  հավաքական ենթագիտակցականը չի վերանում:

Ուստի ներկա պայմաններում լավագույն տարբերակը այդ վստահության բավարար մակարդակի ապահովումն է ու կյանքի սպառնալիքի չեզոքացումը: Առևտուրը դրա համար լավ երաշխիքներ է տալիս:

Վահան Դիլանյան

http://ankakh.com/2011/01/87496/

Այս խորագրի վերջին նյութերը