Մեկնաբանություն

05.02.2014 21:07


Ի պաշտպանություն Տիգրան Սարգսյանի

Ի պաշտպանություն Տիգրան Սարգսյանի

Որոշել եմ հոդվածաշար ներկայացնել ու «պաշտպանության» տակ առնել Սերժ Սարգսյանի նեղ շրջապատի ներկայացուցիչներին։ Հոդվածաշարի նպատակն այն է, որ ամեն մեկին իր ճիշտ գնահատականը տրվի՝ «Վատը կա, վատից էլ վատը կա» ծրագրի շրջանակներում։

Վերջերս Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկին, էի անդրադարձել՝ փորձելով ցույց տալ, որ Սաշիկից ավելի «սաշիկներ» կան իշխանության ամենավերին օղակներում։ Ասելս այն է, որ Սաշիկը, բնականաբար, մի բարի պտուղ չէ, բայց իրական «սաշիկներն» ավելի հրեշավոր քայլերի են դիմում, ավելի գիշատիչ են ու շատ ավելի մեծ վնասներ են հասցնում բիզնես միջավայրին ու Հայաստանին։ Պարզապես իրական «սաշիկները», դա անում են «արևմտամետ» դիրքերից, «ֆուտբոլային» դիվանագիտություն խաղալով, տերտերական առոգանությամբ, վերևից օլիգոպոլիաների դեմ խոսելով, իսկ «տակից» տոտալ թալան կազմակերպելով, Աստծո անունը տալով կամ էլ՝ «գեբելսյան» քարոզչամեքենայի հետևում թաքնվելով։

Եթե օբյեկտիվ լինենք, ապա մեր երկրի թիվ մեկ «Սաշիկը» Սերժ Սարգսյանն է, բայց դե Սաշիկի անունն է դուրս եկել, քանզի նա այնքան խելք չունի, որ լրատվամիջոցներին փող տա ու այդ «անկախ» լրատվամիջոցներն իրենից հակաօլիգարխիկ պայքարի առաջամարտիկ սարքեն կամ էլ արևմտամետության ռահվիրա։

Սաշիկից շատ ավելի «բեթար» է, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Հայկական աշխարհի» ճարտարապետի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների թիվը պակասել է 300 հազարով։ Բայց դե Տիգրանից ավելի «Տիգրան» էլ կա։

Շատ է խոսվում այն մասին, որ վարչապետը պետք է հրաժարական տա, քանզի չի կատարել Սերժ Սարգսյանի պահանջը՝ ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և այնպես անել, որ ինֆլյացիան ավելի շատ չլինի, քան միջին աշխատավարձի աճի տոկոսը։ Տիգրան Սարգսյանը ոչ մեկն է արել, ոչ էլ՝ մյուսը։

Այն, որ Տիգրան Սարգսյանը վաղուց պետք է հրաժեշտ տված լիներ վարչապետի աթոռին ու զբաղվեր ՀՀ քրեական և քրեադատավարական օրենքների ուսումնասիրությամբ, երկրորդ կարծիք լինել չի կարող։

Հարկ է, սակայն, նկատել, որ 7 տոկոս տնտեսական աճ չապահովելը մանկական չարաճճիություն է այն ամենի համեմատ, ինչ արել է Տիգրան Սարգսյանը Հայաստանի տնտեսության, բյուջետային միջոցների, պահուստային դոլարների, ոսկու պաշարի, բիոզուգարանների, օֆշորային գոտիների և այլնի հետ։

7 տոկոս աճ չապահովելը, ես կասեի, մեղմացուցիչ հանգամանք է։ Բայց եթե խոսք է գնում խոստումներից ու դրանց չկատարելու համար պատասխանատվությունից, ապա թիվ մեկ խոստում տվողն ու չկատարողը Սերժ Սարգսյանն է։

Հիշենք, թե ինչեր էր նա խոստանում 2007թ. ԱԺ և 2008թ. նախագահական ընտրություններից առաջ. է՛լ նանոտեխնոլոգիաների Հայաստան, է՛լ ՀՆԱ կրկնակի աճ, է՛լ աշխատավարձերի շեշտակի բարձրացում, է՛լ ամեն ընտանիքի մեկական ավտոմեքենա ...

Հիշենք նաև, թե ինչ էր ասում Սերժ Սարգսյանն ԱԺ–ում հնչեցրած իր ուղերձում (2–ը հոկտեմբերի, 2008թ.)։

«Ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա և հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ ևս տեղեկացված լինեն, որ.

ա/ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել,

բ/ առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, և

գ/առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու»:

Ահա այսպիսի «գիգանտ» խոստումներ էր տվել Սերժ Սարգսյանը «հեղափոխական» այն օրերին՝ խոստման վերջում էլ նշելով. «Հարցնում եք` կկարողանանք, պատասխանում եմ, որ կկարողանանք»։

Ինչպես հայտնի է, արտերկյա և հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները տեղյակ են, որ այդ խոստումներից ոչ մեկը չի կատարվել։ Ավելին՝ դրանց կատարման հոտն անգամ չի գալիս։

Համահայկական բանկով մեծամասշտաբ ծրագրերի ֆինանսավորման փոխարեն ունենք ներդրումների կրճատում 60 տոկոսի չափով, ինչպես նաև կապիտալի արտահոսք 6 միլիարդ դոլարի չափով։ Իսկ դա նշանակում է, որ ներսի ու դրսի գործարար աշխարհը հետևել է Սերժ Սարգսյանի ու նրա նեղ թիմի վարած քաղաքականությանը և հասկացել իրական մեսիջը, այն է՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման նպատակը։ Հասկացել է ու հեռացել Հայաստանից։

Կապիտալի արտահոսքն ու բիզնես միջավայրի վատացումն էլ իր հերթին բերել է ՀՀ անվտանգությանը սպառնացող արտագաղթի ծավալներին։

Այնպես որ Տիգրան Սարգսյանն իր «նյուվասյուկիստական» ծրագրերով, օֆշորներով ու բիոզուգարաններով անմեղ գառնուկ է բլեֆ–խոստումներ տված և բոլոր ոլորտներում ձախողված Սերժ Սարգսյանի համեմատ։ Արտաքին «նախաձեռնողական» ավերածությունններն ու Գյուլիստան մտնելու որոշումն էլ ձեզ «փեշքեշ»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը