Լրահոս

06.02.2014 12:13


Ակնկալիքների և անակնկալների տարի

Ակնկալիքների և անակնկալների տարի

«Սիվիլիթաս» հիմնադրամը հրապարակել է 2013-ի իր տարեկան զեկույցը, որը թվով արդեն վեցերորդն է: Զեկույցը կրում է «Ակնկալիքների և անակնկալների տարի» խորագիրը: Այն ամփոփում է անցած տարվա քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական և տարածաշրջանային զարգացումները, կանխատեսում 2014-ի հեռանկարներն ու առաջարկում լուծումներ:
Տարին լի էր ակնկալիքներով բոլոր կողմերից։

Երկու՝ նախագահական և Երևանի քաղաքային ընտրությունները աչքի առաջ ունենալով՝ այս անգամ հույսերն ու ակնկալիքները մեծ էին, որ ինչ-որ բան տարբեր է լինելու, և ընտրություններն ընկալվելու են օրինական՝ անկախ նրանից, թե ով է հաղթելու։ Վերջիվերջո, ընդդիմադիր ուժեղ թեկնածուի բացակայության պայմաններում խոհեմ էր ակնկալել, որ վերընտրության համար կարիք չկա դիմելու վարչական լծակների և ռեսուրսների։ Այս ակնկալիքը ևս չիրականացավ, բայց տեղի ունեցավ անակնկալ. ընդդիմադիր թեկնածուն ստացավ ձայների մեկ երրորդ քվեներից ավելին, ինչը բավարար էր, որպեսզի հասարակությունը ցանկանա և ակնկալի այլ արդյունք։ Դա տեղի չունեցավ։

Միջազգային հանրությունը և Հայաստանի քաղաքացիները ակնկալում էին, որ Հայաստանը կշարունակի հավատարիմ մնալ այն քաղաքականությանը, որն ընտրել էր գրեթե երկու տասնամյակ առաջ` ավելի խոր ինտեգրվել եվրոպական կառույցներին։ Վերջին պահին, սակայն, հանրության համար անակնկալ, Հայաստանի նախագահը ընտրեց Ռուսաստանի կողմից խրախուսվող Մաքսային միությունը։ Արևմուտք, թե Ռուսաստան հարցի պատասխանը արդեն հստակ է` Ռուսաստան։ Նախկինում Հայաստանը կարողանում էր աշխարհաքաղաքական երեք կենտրոնների՝ Մոսկվայի, Բրյուսելի և Վաշինգտոնի հետ պահպանել բնականոն և ողջախոհ հարաբերություններ, իսկ հնարավորության դեպքում` նրանց շահերը համադրել` ի շահ Հայաստանի։

Անակնկալի եկած Արևմուտքի և սպասողական Ռուսաստանի աչքում Հայաստանն ընկալվեց որպես ոչ կանխատեսելի և վստահելի գործընկեր։
2013-ին աղքատներն ու գործազուրկները ակնկալում էին, որ իրենց կյանքը փոքր-ինչ կբարելավվի։ Նախագահը խոստացավ, որ եթե կառավարությունը յոթ տոկոս տնտեսական աճ չապահովի, պետք է հրաժարական տա: Անակնկալ չէր, որ դա իրականություն չդարձավ, անակնկալ չէր նաև, որ որևէ մեկը պատասխանատվություն չկրեց։ Հանրային հարցումները ցույց են տալիս, որ հնարավորություն ունենալու դեպքում ևս հարյուր հազարավոր հայաստանցիներ կլքեն երկիրը։ Պաշտոնական վիճակագրությունը հաստատում է հանրային հարցումների միտումները։

2013-ի ինը ամիսների ընթացքում երկրից հեռացել էր ավելի քան 120 000 մարդ: Տարվա արդյունքներով նրանցից ավելի քան 33 000-ը չի վերադարձել: Ներկա կառավարության վեց տարիների ընթացքում երկիրը լքել է յուրաքանչյուր տասներորդ քաղաքացին՝ ժամանակավոր կամ ընդմիշտ։ Նախանշաններ չկան, որ 2014-ի ակնկալիքները պետք է տարբեր լինեն։ Տնտեսությունը գրեթե չի աճում, աղքատությունը չի նվազում, արտագաղթը չի դադարում, կամ չի խրախուսվում ներգաղթը։ Նաև հույսեր ու հեռանկարներ չկան, որ մասնակի լուծումներ կգտնվեն Հայաստան-Թուրքիա հարաբերություններում և ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Ակնկալիքներ չկան, որ լուրջ փոփոխություններ կկրեն Վրաստանի հետ հարաբերությունները։

Եթե լինեն անակնկալներ, դրանք կլինեն ներքաղաքական տիրույթում։ Ավելի ակտիվ քաղաքացիական ներգրավվածություն, ավելի վճռական ընդդիմություն և իշխանություններից առավել բազմազան պահանջներ. ահա սրանք են ակնկալիքները, որին ձգտում են շատերը։

Այս խորագրի վերջին նյութերը