Լրահոս

06.02.2014 16:16


Հրայր Թովմասյանը ներողություն խնդրեց «էդ ի՞նչ տոնով» խոսող իր տեղակալի համար (տեսանյութ)

Հրայր Թովմասյանը ներողություն խնդրեց «էդ ի՞նչ տոնով» խոսող իր տեղակալի համար (տեսանյութ)

Այս պահին ԱԺ-ն քննարկում է բոլոր 6 խմբակցությունների ներկայացրած «Դատախազության մասին» և ԱԺ կանոնակարգ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Խոսքը ՀՀ գլխավոր դատախազի կողմից խորհրդարանում բանավոր տարեկան հաշվետվություն ներկայացնելու մասին է։

Հիշեցնենք, որ կառավարությունը մերժել էր այս նախագիծը։

Ավելին՝ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս հարցի քննարկումը բավականին թեժ էր ընթացել։ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի և պատգամավորների միջև ծագած վեճի ժամանակ վերջինները փոխնախարարին սաստել էին. «Լսի՛, դու էդ ի՞նչ տոնով ես խոսում»։

Այս ընթացքում, այդ թվում նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ, բոլոր խմբակցությունների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումներից հետո որոշվել է, որ գլխավոր դատախազը հանդես պետք է գա մինչև մեկ ժամ զեկույցով, ապա պատգամավորները հարցեր ուղղեն նրան և վերջում դատախազի զեկույցն ընդունեն ի գիտություն, գլխադասային հանձնաժողովն էլ եզրակացություն չներկայացնի։

Այսօր ԱԺ ժամանած արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ ահա այդ տարբերակին կառավարությունն արդեն կողմ է։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ տեղին է համարել նախարարին հիշեցնելու, որ նրա տեղակալը հանձնաժողովում բոլորովին այլ բան էր ասում՝ պնդելով, թե դատախազությունը քաղաքական մարմին չէ, և նրան չի կարելի պարտադրել զեկույցով հանդես գալ։

–Ներողություն եմ խնդրում, որ իմ տեղակալի քննարկման ժամանակ նման ընկալում է եղել։ Բայց մենք դեմ չենք եղել. մեր վերապահումը միայն հարակից զեկուցմանն է վերաբերել, ինչի մասին ես հայտնել եմ նաև կառավարության նիստում։ Հրապարակայնորեն քննարկման պրոցեսին կառավարությունը կողմ է,–ասել է Հ. Թովմասյանը։

–Առաջին անգամ ես ձեզանից ստացա հստակ և սպառիչ պատասխան,–արձագանքել է Տ. Ուրիխանյանը, ում նախարարը հակադարձել է.

–Դա կարող է միայն ինձանից կախված չլինի, դա կարող է՝ նաև ձեզանից է կախված։

Միջամտել է նաև Հովիկ Աբրահամյանը.

–Աշխատենք միասին։ Տեսնո՞ւմ եք՝ համերաշխությունն ինչ լավ բան է։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այս հարցում քննադատել էր կառավարությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը