Լրահոս

07.02.2014 22:47


Հավասարեցման վտանգավոր խաղը

Հավասարեցման վտանգավոր խաղը

Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի վրա եւ վերջերս նաեւ դեպի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների նկատմամբ ադրբեջանական հարձակողապաշտության դիմաց պատասխանատվության առումով համահավասարեցման միջազգային խաղը նոր երեւույթ չէ:

Քաղաքականորեն ակնկալել, որ արդար գնահատականներ տրվեն եւ միջնորդական խաղաղարար առաքելություն ստանձնած տարբեր կառույցները ճիշտ եզրակացություններ հայտարարեն, թվում է, որ իրատեսական չէ: Ի վերջո, այս կառույցները քաղաքական էություն ունեն, ոչ իրավական եւ բնականաբար դատաստանական վճիռներ չպիտի արձակեն մատնացույց անելով հրադադար խախտող կողմը:

Բայց այս կառույցները իրականացնում են մշտադիտարկումներ, աշխատանքային եւ բանակցային այցեր: Կառույցները օժտված են անշուշտ ֆինանսական լայն հնարավորություններով, փորձագետներով, վերլուծաբաններով, զինվորական մասնագետներով եւ առհասարակ բանակցային յուրաքանչյուր հանգրվանի համար թղթածրար պատրաստող արհեստավարժ մարդուժով:

ԵԱՀԿ-ի առաքելությունը ուրեմն միայն բանակցային գործընթացի ապահովումը չէ կամ միջնախագահական ու միջնախարարական ձեւաչափերով հանդիպումների կայացումը: Գործընթացն իր ամբողջական հասկացողության մեջ նաեւ զինվորական է եւ հատկապես` հրադադարի պահպանման բազմակողմանի պարտավորություն:

Հրադադարի պայմանավորվածությունը իհարկե տարբեր է խաղաղության համաձայնագրից: Հրադադարը ինքնին հուշում է պատերազմական իրավիճակի առկախում կամ լավագույն դեպքում դեպի համաձայնագրի կնքման փուլ: Եւ եթե մի կողմից զինվորական սահմանափակ գործողությունների երեւույթը կարող է օրինաչափությամբ մեկնաբանվել` տրված լինելով, որ խաղաղության համաձայնագիր կնքված չէ, մյուս կողմից սակայն նման քայլերը մեկնաբանվում են իբրեւ որոշակի պայմանավորվածության խախտում:

Այս խախտումների հաճախակիացումը կարող է կապված լինել սպառման շարժառիթների: Այլ դեպքերի պարագայում` քաղաքական ուղերձներ փոխանցելու: Ներքին սպառման կարգով պարզ է, որ կորցրած կողմը Բաքուն է, եւ հետեւաբար իրեն է վերագրվում հարձակողապաշտությամբ բնութագրվող նման որեւե քայլ: Արտաքին ճակատում դարձյալ Բաքուն է, որ չի թաքցնում իր անհանգստությունը, հաճախ բարձրաձայնում է ուժի կիրառման անհրաժեշտության մասին եւ մանավանդ կրկնում իր ակնկալությունը ԵԱՀԿ-ից հատկապես ՄԱԿ տեղափոխելու միջնորդական պարտականությունը:

Քաղաքական այս հիմնավորումների կարիքը չունեն ԵԱՀԿ-ի փորձագետներն ու մշտադիտարկողները` համոզվելու համար, թե ո՛վ է նախաձեռնողը դիվերսիոն գործողությունների, ո՛վ է հրադադար խախտողը, ո՛վ է դիպուկահարներ գործի լծողը, ո՛վ է կացինահարողը, ո՛վ է մարդասպան հերոսացնողը եւ տակավին նմանատիպ գործողությունների հեղինակը:

Եւ եթե այսքան պարզ է նման քայլերի հետևում կանգնող կողմը, ինչո՞ւ հայկական կողմը ադրբեջանականի հետ հրավիրվում է զգաստության, պայմանավորվածությունը հարգելու եւ խաղաղության պահպանման նախանձախնդիր մնալու: Այնքան որքան Բաքուն:

Անկողմնակալ միջնորդի հռչակը պահպանելու համար կողմնակալ համահավասարեցում կատարելը ինքնին կողմնակալություն է դիտվում: Իրերը իրենց անուններով չկոչելու միջնորդական այս պահվածքն էր, որ Բաքվին արտոնեց հարձակման միջավայրը Արցախի եւ Ադրբեջանի շփման գծից տեղափոխելու նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններ: Այս եւս բավարարար չէր, որ խախտեին հավասարեցման խաղի կանոնները:

Ադրբեջանական այս սադրանքները պատերազմական գործողությունների վերսկսում չեն. քնած ժամանակ գործածված կացինը, թաքուն դիպուկահարը կամ գիշերվա ընթացքում փորձված դիվերսիան ճակատային պատերազմից խուսափելու փորձեր են: Ներքին սպառման եւ արտաքին ուղերձների հղման սատարող միջոցներ պարզապես:

Միջնորդը պիտի գիտակցի, որ սադրանքի հեղինակը մատնացույց չանելն ու նման երեւույթների հեղինակին առանձնապես չդատապարտելը սպառնում է նույնինքն այն առաքելության, որը ստանձնել է ինքը: Կոչերն ու պահանջները պետք է ուղղել Բաքվին: Միայն:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը