Մեկնաբանություն

08.02.2014 11:15


«Հելնում ենք». «իջնել» չկա

«Հելնում ենք». «իջնել» չկա

Կայքերից մեկում մի ծավալուն հարցազրույց աչքովս ընկավ: Այնքան ծավալուն, որ, ասենք, այդքան երկար կարելի է զրուցել աշխարհահռչակ արվեստագետի, համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտի, նկարչի, բեմադրիչի, գիտնականի, կամ՝ հռչակավոր այլ դեմքերի, հասարակական, քաղաքական գործիչների, սենատորների, դիվանագետների հետ:

Հարցազրույցի այդ ծավալը եւ մանավանդ՝ մատուցման լրջությունը նորմալ կընկալվեր, եթե լիներ, օրինակ, Հռոմի պապը:

Չէ, բայց ովքե՞ր են համաշխարհային դեմքերը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի 8-ամյա որդու համեմատ:

Պարզվում է՝ արդեն հարցազրույցներ են անում իշխանավորների անչափահաս երեխաների հետ: Շուտով նրանց շների ու կատուների, թութակների ու կրիաների, ձիերի ու «բուռան»-ների հետ էլ հարցազրույց կանեն:

Չգիտես՝ անհեթեթություն որակե՞ս, թե զավեշտ այդ ամենը: Անհասկանալի է, թե ինչու են երեխաներին ներգրավում այդ ամենի մեջ։ Հրապարակում են գեներալի երեխայի հետ մի հարցազրույց ու… տեքստից պարզապես սարսռում ես:

Հարցազրույց վարողը «Վազգեն ջան»-ով է դիմում ու հարցերն էլ լուրջ-լուրջ տալիս է:

Խայտառակություն:

Եվ ի՞նչ է պարզվում: «Վազգեն ջանը», որ մտադրվել է հետագայում «սպարապետ» դառնալ, ամեն ինչ ունի, «այփադ», «այֆոն», ձի, «բուռան», պապան ոչինչ չի մերժում, ինչ ուզում է՝ առնում է, ուր գնում է՝ իրեն հետը տանում է, «պանսիոնատից մինչեւ Փարիզ»: Ամեն տեղ: Մի քիչ էլ մեծանա՝ պապան մեքանաներ է առնելու՝ «Ռոյս» ու «Ռենջ»:

Դե, «կասսում» էլ փող է հավաքում, պապան միայն 100 դոլարանոցներ է տալիս, ու դրանք է գցում «կասը»: Դրանից մանր՝ բացառվում է: Հետո Վազգեն ջանը պատմում է իրենց տան աշխատողների մասին, մի երկու բառով էլ ներկայացնում է, թե ինչպես է պապան կարեւորում «ռազմահայրենասիրական դաստիարակությունը» ու իրեն ասում է. «Լա՛վ սովորի, լա՛վ պարապի, որ առողջ լինես: Դու էս երկրին հլը պետք ես»:

Հա, նաեւ շատ կարեւոր է պարզել, թե ինչ է սիրում ուտել: Խաշ ու հարիսա:

Ծանոթանում ես 8-ամյա տղայի հետ «սխտորաքյաբաբային» հարցազրույցին եւ տագնապով մտածում՝ ի՛նչ կլինի, գոնե նրա հասակակիցները կամ ավելի մեծ երեխաները չկարդան այս ամենը: Սա արժեհամակարգ է, որը մետաստազներ կարող է տալ։

Վազգեն ջանի հազարավոր հասակակիցների համար գուցե եղել են պահեր, երբ նրանց ծնողները չեն կարողացել անգամ իրենց դպրոցական պայուսակով եւ կոշիկով ապահովել: Չեն կարողացել եւ չեն կարողանում իրենց երեխաների համար կենսականորեն ամենաանհրաժեշտ կարիքները հոգալ: Քանի՞ ազատամարտիկ է կառավարությունից չնչին նպաստ պահանջում ու չի ստանում։ Իսկ նրանց երեխաները «կասս» ունե՞ն։ Թշվառության այս պատկերը չնկատել ու որոշել «խոսեցնել» գեներալի որդո՞ւն:

Ինչպես գեներալի կուսառաջնորդը կասեր՝ «խոսեցնում» եք, որ ի՞նչ անեք: Որ գործազուրկ եւ գոյությունը մի կերպ քարշ տվող ազատամարտիկները կարդան այս հարցազրույցը եւ կրկին հիշեն Մանվել Գրիգորյանի հայտարարությո՞ւնը: Ով անցյալ տարվա ամռանը խորհրդարանում Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե.

«Ես ուզում եմ իջնեմ, հասնեմ իմ ընկերներին, իրավունք չունե՞մ: Ես ուզում եմ ոչ թե գեներալ-լեյտենանտ ըլնեմ, Հունան Ավետիսյանը չեմ՝ կուրծքս բացեմ, ուզում եմ՝ մեր տղերքից բարձր չըլնեմ: Էսօր, այո՛, շատ մեր ընկերներ, իրոք, վատ վիճակում հելնում են փողոց, գնում են և այլն»:

Օրենքի ընդունումից անցել է կես տարի, եւ ինչպես հասկանում ենք Վազգեն ջանի խոսքից, պապան դեռ որ թափով վեր է «հելնում»:

«Իջնելու» մտադրություն չունի, չի էլ ունեցել երբե՛ք: Գեներալի միակ գործը եղել է օրվա իշխանության հետ լեզու գտնելն ու ճիշտ պահին քաղաքական ճամբարը փոխելը՝ նախկին ճամբարակիցներից ճողոպրելու տարբերակով։ Արդյունքները տպավորիչ են՝ 100 դոլարանոցներով լեցուն «կասս», «Բուռան», ձի, սպասավորներ, «Ռենջ» և պատգամավորական մանդատ։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը