Մեկնաբանություն

09.02.2014 17:30


Ինքնակամ եւ ինքնակոչ թամադա դարձած հայ ինտելիգենցիայի մասին

Ինքնակամ եւ ինքնակոչ թամադա դարձած հայ ինտելիգենցիայի մասին

Այսօր հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու եւ հասարակական-քաղաքական գործիչ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ծննդյան օրն է:

Չարենցը մեծ ակնածանքով է գրել Տերյանի մասին: Ամեն անգամ, երբ հիշում է, որ իր գրասեղանի դարակում պահված են Վահան Տերյանի իսկական ձեռագրերը, Չարենցը մի զարմանալի՜ քնքուշ եւ խնդագին զգացում է ունենում, եւ երբ անչափ տխուր է լինում, հանում եւ նայում է դրանք. «Կարծես արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում»:

Հենց այսօր պետք է նորից ու նորից հիշենք Վահան Տերյանի «Հոգեւոր Հայաստան» հրապարակախոսական հոդվածը, որ ամենեւին էլ միայն իր ապրած ժամանակաշրջանին չի վերաբերում: Ավելի քան արդիական է այսօր, երբ, մանավանդ, այդ հոդվածում բանաստեղծը ներկայացնում է հայ ինտելիգենցիայի կեցվածքն ու մոտեցումները, որդեգրած դիրքն ու վարքագիծը հայրենիքի, «Հոգեւոր Հայաստան» կառուցելու գաղափարի հանդեպ:

Ոչինչ չի փոխվել: Հայ ինտելիգենցիան նույնն է եւ այսօր:

Թեպետ 1914 թվականին է Տերյանը գրել այդ հոդվածը, սակայն որքան էլ զարմանալի ու տարօրինակ, եւ կամ՝ ծանր ու ցավալի համարենք՝ նրա խոսքն ուղղված է նաեւ այսօրվա մտավորականությանը:

Ահա.

«Ի՞նչ եք որոնում դուք Հայաստանում, եթե արհամարհում եք այն, ինչ հոգին եւ սիրտն է նրա… Ինչպե՞ս հավատամ ես ձեր այդ հանկարծակի, դյութական մի գավազանի շարժումով ծնված ազգասիրությանը: Դուք, որ ինքնակոչ հյուրեր եք այսօրվա արյունալի հանդեսում, մի՞թե չեք զգում ձեր դրության տարօրինակությունը, անհարմարությունը: Դուք, որ հարսանյաց հյուր եք միշտ եւ երբեք ազնիվ աշխատանքի եւ սրտակեղեք ցավի հետ լինել չկամեցաք մեզանում:

Դուք, որ ժառանգ եք դարձել մեր հայրենիքի եւ երբեք չեք գնահատել նրա հոգեղեն ավանդը: Բայց կանցնի այս արյունալի հանդեսը, որի մեջ դուք ինքնակամ եւ ինքնակոչ թամադա եք դարձել, եւ կգա նորից տաժանելի ու չարքաշ աշխատանքի առօրեականը, եւ դուք, եկվորներ, նորից կփախչեք այնտեղ, ուր ձեր որկորն ավելի կուշտ է, ուր ձեր որջն՝ ավելի տաք…

Մինչեւ անգամ այսօրվա ձեր արածների համար դուք պատասխանատվությունը կնետեք նույն ձեր այսօր այդքա՜ն սիրեցյալ հայրենիքի չարքաշ ու դժբախտ, քաղցած ու հուսախաբ զավակների վրա…

Եվ դարձյալ Հայրենիքի, Հոգեւոր Հայաստանի կառուցման ծանր ու վշտալի, բայց ազնիվ աշխատանքը կվերցնեն իրենց վրա նրանք, ում դուք չեք ճանաչել երբեք, չեք ուզում ճանաչել այսօր եւ չեք կամենա ճանաչել առավել եւս վաղը: Անուններ տալու կարիք չկա, ձեր սրտին ոչինչ չեն ասի այդ անունները:

Իսկ ձեր անուննե՞րը: Դա էլ կարեւոր չէ, մանավանդ որ Nomina odiosa sunt! (անուններն ատելի, անցանկալի են – խմբ.):

Իսկ ինչ վերաբերում է այն ազգային ինտելիգենտին, որին զայրացրել է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության վրա մտածողների մտորումը, մենք կարծում ենք այժմ նրա համար պարզ պիտի լինի, որ մենք մտահոգվում ենք այդ ֆիզիկական գոյության մասին ոչ լոկ մարդասիրական զգացմունքներից դրդված, այլեւ որոշ ազգային տեսակետ ունենալով: Մենք չէինք կամենա, որ մեր ժողովուրդը ոտնատակ գնար այս շփոթ օրերում, որ նա զոհ լիներ սխալ գաղափարախոսության, սխալ ըմբռնված ազգային իդեալի եւ վերջը հուսահատության ու հիասթափության գիրկն ընկներ:

Մենք թերահավատ ենք դեպի այդ՝ մի հարվածով, մի թեկուզ հերոսական ճիգով ստեղծվելիք Հայաստանը: Մեր խորին համոզումով, որքան եւ կարեւոր ու խոշոր լինի այսօրվա այդ հերոսական ճիգը, այնուամենայնիվ նա չէ, որ պիտի որոշի, վճռի հայության ապագայի վիճակը, ստեղծի այն Հայաստանը, որ մեզ համար բաղձալի է: Այդ Հայաստանը մենք վերը կոչեցինք Հոգեւոր Հայաստան»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը