Լրահոս

11.02.2014 14:40


Թուրքագետ.«Մերկելի և Օլանդի հայտարարությունները 2015–ին ընդառաջ ուղերձներ են»

Թուրքագետ.«Մերկելի և Օլանդի հայտարարությունները 2015–ին ընդառաջ ուղերձներ են»

Այսօրվա ասուլիսին թուրքագետ Լևոն Հովսեփյանն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ուղղված հորդորին՝ ընդունել Հայոց ցեղասպանության փաստը։

Թուրքագետը նշել է, որ վերջերս մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունեցել։ Առաջինը Ֆրանսիայի նախագահ Օլանդի այցն էր Թուրքիա, այնուհետև՝ Գյուլի այցը Իտալիա, Մերկել–Էրդողան հանդիպումը, որին հաջորդեցին Մերկելի՝ Էրդողանին արած դիտողությունն ու որոշակի ուղերձները։

Թուրքագետի խոսքերով՝ Օլանդի և Մերկելի հայտարարությունները 2015–ին ընդառաջ ուղերձներ են. «Մերկելի և Օլանդի հայտարարությունները Ցեղասպանության հետ կապված միտումներ են, որ որոշակիորեն առնչվում են 2015 թվականին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցն ուղղակիորեն զուգորդվում է նաև Առաջին աշխարհամարտի 100-ամյա տարելիցի հետ, և Եվրոպան ուղղակիորեն առնչվել է այդ իրադարձությանը, ավելի մեծ հնչեղություն է ստանում»։

Բանախոսն անդրադարձել է նաև ԵՄ–ի՝ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքին. «Էրդողանի ուժգնացող ավտորիտար կառավարման բնույթն է, որ մտահոգում է Եվրոպային... որքան մոտենա 2015 թվականը, այնքան որոշակի գործընթացներ կսկսվեն թե՛ Թուրքիայի կողմից, թե՛ միջազգային հանրության»։

Բանախոսը դժվարացել է ասել՝ ինչպիսի միտումներ ու զարգացումներ կլինեն։ Լրագրողի դիտարկմանը՝ կարծիք կա, որ Ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային հարթակում քաղաքականացված է, բանախոսը պատասխանել է.

«Քաղաքականացվածը վերաբերում է նրան, որ տարբեր երկրներ ուղղորդվում են իրենց պետական քաղաքական շահերով, և սա ընկալելի է։ Մենք չենք կարող այդ շահային ատրիբուտն առանձնացնել և դա տեղափոխել զուտ մեզ համար ընկալելի ու ցանկալի հարթություն։ Իհարկե, գործում է պետությունների շահը։ Այլ բան է, որ նրանց շահը համընկնի այն իրական գործընթացի հետ, որը մենք ակնկալում ենք։ Օրինակ՝ Ասադի հայտարարությունը քաղաքական հայտարարություն էր, սակայն ցանկացած նման հայտարարություն պետք է դիտարկել տվյալ պետության շահերի տեսանկյունից»։

Ինչ վերաբերում է մեր մոտեցումներին, թուրքագետը նշել է, որ, 2015–ին ընդառաջ, թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի կողմից բազմակողմ աշխատանքներ պետք է իրականացվեն, ավելի ինտենսիվ բնույթ կրեն ու լայնընդգրկուն լինեն։ Այդ ուղղությամբ արդեն իսկ սփյուռքը և Հայաստանը լուրջ աշխատանքներ են տանում։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում Հայաստանի կողմից Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, թուրքագետը տեղեկացրել է, որ ստեղծվել է պետական հանձնաժողով, և, հավանաբար, կլինի նաև պետական ծրագիր, որը հստակ գործողությունների մեջ կդրվի։ Ծրագիրը նախատեսում է լինել բազմակողմ՝ բաղկացած տարբեր փուլային բաժիններից, որը, 100-ամյակին ընդառաջ, պատրաստ կլինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը