Մեկնաբանություն

13.02.2014 15:04


Սերժ Սարգսյանն ընտրել է Մուբարաքի տարբերակը

Սերժ Սարգսյանն ընտրել է Մուբարաքի տարբերակը

Երեկ տեղի ունեցած միջադեպը մարտի 1–ի հանրահավաքի իրազեկման թռուցիկ բաժանող ՀԱԿ ակտիվիստների և սերժամետ հայկուլիկների միջև ցույց տվեց, թե ինչպիսի մարտավարություն է ընտրել Բաղրամյան 26–ը։

Սցենարը հետևյալն է՝ թռուցիկներ բաժանող ՀԱԿ ակտիվիստներին են մոտենում հայկուլիկները, բողոքում են թռուցիկի բովանդակությունից, պաշտպանում են Սերժ Սարգսյանին, սադրում են կռիվ և «կաշի տոն» տալիս։ Այդպիսով Սերժ Սարգսյանն ուզում է ցույց տալ, թե հասարակական տեսակետը կիսվել է՝ մի մասն իր դեմ է, իսկ մյուս մասը՝ կողմ։ Ոստիկանությանը վերապահված է կողմերին հավասարեցնելու և նրանց բաժանելու ֆունկցիան։

Նկատենք, որ այս սցենարն ավտորիտար ռեժիմների ամենասիրածն է, բայց կյանքը ցույց է տվել, որ այն չի աշխատում։ Այդ սցենարը տարբեր երկրներում ապացուցել է իր անարդյունավետությունը, բայց միևնույն է, բոլոր ավտորիտար ղեկավարներն ընտրում են այդ տարբերակը և վերջում, բնականաբար, քաշվում։

Հիշեցնեմ, որ երբ Եգիպտոսում բողոքի ցույցեր էին ընթանում ընդդեմ Մուբարաքի, նա մի քանի հարյուր կամ հազար վարձկանի ձիերով քշել տվեց Թահրիրի հրապարակում հավաքվածների վրա։ Մուբարաքն այդպիսով ուզում էր բախում հրահրել հակաիշխանական ցույցի մասնակիցների և իր վարձկանների միջև՝ վարձկաններին փորձելով ներկայացնել որպես իր ինքնաբուխ կողմնակիցներ։ Մուբարաքի պլանն այն էր, որ բախում լինի, իսկ ինքն էլ փորձի արբիտրի դեր ստանձնել ու արանքից պլստալ։ Պլանն այդ չստացվեց, քանզի վարձկաններով ժողովրդին չես հաղթի։

Թե ինչպես ավարտվեց Մուբարաքի պլանը, բոլորիս է հայտնի։ Ցուցարարներն ավելի ագրեսիվ դարձան, ու Եգիպտոսի նախագահը հայտնվեց ուղղիչ աշխատանքային գաղութում՝ ծայրահեղ ծանր առողջական խնդիրներով։

Ի դեպ, Ուկրաինայի նախագահ Յանուկովիչն էլ է Մայդանի դեմ սեփական Մայդանն ուզում սարքել՝ փողով կողմնակիցներ գնելով, սակայն դա էլ չի աշխատում, քանզի փողով հանրային լեգիտիմություն չես գնի, և փողով կողմնակիցներդ էնտուզիազմով քեզ չեն պաշտպանի։

Այս փորձն իր աչքի առաջ ունենալով՝ Սերժ Սարգսյանն, այդուհանդերձ, գնում է Մուբարաքի տարբերակով։ Թե ինչով կավարտվի սա, «հերձումը» ցույց կտա։

Մեզ մնում է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, սեփական փորձից էլ հետևություններ չի արել։ Իսկ փորձն այդ կապված է 2008–ի հետընտրական փուլի հետ։

Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի հակահանրահավաք նախաձեռնեց Սերժ Սարգսյանը, և ինչով դա ավարտվեց։ Ազատության հրապարակում հավաքվածներին նա փորձեց հակադրել Հանրապետության հրապարակում ստիպողաբար հավաքվածներով, սակայն այդ էժանագին շոուն ավարտվեց նրանով, որ ի պաշտպանություն Սերժի հանրահավաքի բերված մարդկանց մեծ մասը նետեց ՀՀԿ դրոշներն ու միացավ Ազատության հրապարակին։

Հիմա եթե Սերժ Սարգսյանն ուզում է սեփական կողմնակիցներն ունենալու իմիտացիայի ապահովմամբ պայքարել հակաիշխանական տրամադրությունների դեմ, ապա տե՛ս Մուբարաքի օրինակը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը