Մեկնաբանություն

14.02.2014 02:08


Պարտադիր կուտակային դեմագոգիա

Պարտադիր կուտակային դեմագոգիա

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ ընդվզող քաղաքացիներին «խելքի բերելու» համար անցած ամիսներին իշխանության տարբեր ներկայացուցիչներ հազարումի անտրամաբանական «փաստարկ» են նշել: Հիմնականն էլ սա է. «Մենք ուզում ենք, որ դուք օր ծերության ապահով ապրեք»: Բայց ոչ ոք լսել չի ուզում եւ ուղղակի չի հավատում իշխանության այս կեղծ սրտացավությանը, քանի որ պարզ է՝ կառավարության «պռոշը չի ճաքում» երկրի քաղաքացիների համար: Նրան միայն հետաքրքրում է այն, թե ինչպես անի, ոնց անի, որ կարողանա «օրենքով» խփել քաղաքացու գրպանին և փող հավաքել:

Պարտադիր կուտակայինի թեմայով խոսելու հերթը հասավ Արմեն Աշոտյանինն, ով որոշեց բարոյախրատական ու հայրենասիրական բնույթի «նատացիա» կարդալ բողոքող քաղաքացիների գլխին:

Ըստ Աշոտյանի՝ մարդիկ բողոքում են այդ համակարգի դեմ, քանի որ չեն վստահում կառավարությանը եւ պետությանը: Այս համատեքստում նախ մի ուրախ լուր հայտնեց, նշելով, որ 40 տարվա ընթացքում կառավարությունները փոխվում են. «Մեզանից ոչ ոք չի պատրաստվում 40 տարի մնալ վարչապետ ու նախարար»:

Այսինքն՝ էսօր կանք, վաղը՝ չկանք: Կարելի է երջանկությունից պարել, իհարկե, որ չեն պատրաստվում էլի 40 տարի մնալ: Բայց մյուս կողմից էլ հարցը մնում է՝ դուք փողերն առնեք ու թռնենք, հետո ումի՞ց է ժողովուրդը պահանջելու իր կուտակած գումարները:

Այնպես, որ գործող կառավարության նկատմամբ անվստահությունը, որ իբրեւ «ալիբի» է ներկայացնում Աշոտյանը, ամենեւին, չի համոզում: Իհարկե, ոչ ոք չի վստահում ոչ միայն կառավարությանը, այլեւ իշխանությանն ընդհանրապես, սակայն համարել, որ հետագայում կառավարությունը փոխվելու է եւ այդ պատճառով թույլ տալ, որպեսզի աշխատավարձերից պահումներ անեն՝ անհեթեթություն է:

Շարունակելով միտքը Աշոտյանը դիմել է մարդկանց հայրենասիրական զգուցմունքների վրա խաղալու մեթոդին. «Եթե մենք չենք վստահում Հայաստանի Հանրապետությանը՝ որպես գոնե 50 տարվա ընթացքում հեռանկար ունեցող, իր գոյությունը պահպանող քաղաքական, տնտեսական ուրույն միավոր, ապա ինչո՞ւ ենք ապրում մեր երկրումԵթե չեք հավատում պետությանը, որտեղ ապրում եք և որը հիմնադրել եք, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ եք հավատում այս պետությանը մնացած բոլոր գործառույթներում՝ հարկ մուծելուց մինչև երեխաներին դպրոց տանելը կամ ամուսնացնելը, և չեք հավատում հենց կուտակայինի հետ կապված խնդրին»։

Այս սրտաճմլիկ, դեմագոգիկ և ցինիկ հարցադրումները լսելուց հետո, ճիշտն ասած, մի պահ թվում է, թե Աշոտյանը նկատի ունի «Արեւելյան Հայաստանի Հանրապետությունը»: Դե, մարդն ուզում է փոխել երկրի անունը: Բայց՝ ոչ, խոսում է ՀՀ-ի մասին, որտեղից անցած 6 տարիներին հեռացել է մոտ 300 հազար մարդ: Եվ հեռացել է ոչ թե պետությունից, այլ Աշոտյանի կուսակցության եւ դրա ղեկավարի վարած քաղաքականությունից՝ չվստահելով եւ չհավատալով գործող իշխանությանը եւ ոչ պետությանը: Բայց Աշոտյանը սա չի խոստովանում, քանի որ իրեն ու իր կուսակցությանը դա ձեռնտու չէ: Ավելի հարմար է նույնացնել պետությունն ու իշխանությունը եւ զբաղվել հայրենասիրական դեմագոգիայով:

Թեպետ, այո՛, եթե մեկ-երկու տարի էլ այս իշխանությունը մնա, ապա պետության հեռանկարի հարցում լուրջ կասկածներ կարող ենք ունենալ:

Այս իշխանության հեռանալու դեպքում միայն կարող է վերականգնվել ժողովրդի հավատը ամեն ինչի նկատմամբ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը