Մեկնաբանություն

14.02.2014 18:24


ԲՀԿ–ի «X» ժամը

ԲՀԿ–ի «X» ժամը

Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժի հերթական համագումարը։ Այն առաջինն է ԲՀԿ–ի՝ իշխող կոալիցիայից դուրս գալուց հետո։

Համագումարին հրավիրյալներ չեն լինելու։ Թեև սերժամետ լրատվամիջոցները տարածում էին, թե իբր Սերժ Սարգսյանը հրավեր ստանալու դեպքում չէր մասնակցի ԲՀԿ համագումարին ու դրա համար կուսակցության համագումարին հրավիրյալներ չկան, սակայն իրականությունը ճիշտ հակառակն է։ Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործելը «Աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է խակ է» ժողովրդական խոսքը։ «Անկախ» լրատվամիջոցներին այս ամենից հետո այլ բան չէր մնում, քան «մուտիտներ» տարածելը, թե իբր Սերժն է մերժել հրավերը։ Նման բան չկա, ՀՀԿ ղեկավարը կերազեր ներկա գտնվել վաղվա միջոցառմանը, որպեսզի դրանից հետո նույն «անկախներն» իրենց սիրելի «մուտիտներով» զբաղվեին։ Սա՝ իմիջիայլոց։

Ինչ վերաբերում է ԲՀԿ–ի համագումարի բովանդակային մասին, ապա այն ինչ որ առումով պետք է ջրբաժանային լինի, քանզի տեղի է ունենում մի այնպիսի ժամանակահատվածում, երբ երկրում սոցիալ–տնտեսական խնդիրները սրվել են ինչպես երբևէ, և այդ խնդիրները խորացման միտում ունեն։

Երկում ջրբաժանային իրավիճակ է։ Մի կողմում իշխանություններն են իրենց փողաքամիչ «բարեշրջումներով» և ռեկետային քաղաքականությամբ, իսկ մյուս կողմում՝ հանրությունն է։ Գագիկ Ծառուկյանի խոսքից, հետևաբար, շատ բան է կախված։

ԲՀԿ–ն իր գործունեությամբ ցույց է տվել, որ ռեկետորների հետ չէ, սակայն դա քիչ է։ Անհրաժեշտ է նաև ճանապարհային քարտեզ ներկայացնել, թե ինչպես են տեղի ունենալու փոփոխությունները, ինչ է առաջարկվելու հանրությանը և ինչ քայլերով է տեղի ունենալու իշխանափոխությունը։

Ակնհայտ է, որ փոփոխությունների պահանջը սուր է դրված։ Իշխանությունը չի վայելում հանրային որևէ շերտի աջակցություն և մնացել է միայն «դասախոս»–հայկուլիկների ու «մուտիլովկաների» հույսին։

«Բարեշրջիչ» իշխանության մնալու միակ շանսը հասարակական ու քաղաքական կոնսոլիդացիա թույլ չտալն է։ Այս առումով ԲՀԿ–ն շատ կարևոր առաքելություն ունի, այն ՝ նպաստել ԱԺ 4 ոչիշխանական ուժերի, արտախորհրդարանական քաղաքական միավորների և քաղաքացիական նախաձեռնությունների համախմբմանն ու գնալ անարյուն փոփոխությունների։

Պարզ է, որ իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ դիմադրելու են և փորձելու են ձեռքի տակ եղած բոլոր «դհոլներով» խոչընդոտել միասնական հակաիշխանական ճակատի ձևավորմանը։ Ահա այստեղ է որ կարևորվում է Գագիկ Ծառուկյանի դերը։ ԲՀԿ համագումարի ժամանակ նա պետք է հստակ «մեսիջներ» փոխանցի քաղաքական ուժերին ու ամենակարևորը՝ հանրությանը։

Գալիս է ԲՀԿ–ի «X» պահը։ ԲՀԿ–ն պետք է ստանձնի փոփոխությունների լոկոմոտիվի դերը։ Այլ տարբերակ չկա։ Այլ տարբերակը ձեռնտու չէ ո՛չ ԲՀԿ–ին, ո՛չ էլ Հայաստանի քաղաքացիներին։

Անարյուն և անցնցում փոփոխություններ (իշխանափոխության պարտադիր նախապայմանով (փուլային, թե փաթեթային՝ քննարկելու հարց է)). սա՛ պետք է լինի ԲՀԿ–ի գործունեության կարգախոսը։ Մնացածը ժամանակի ու տեխնիկայի հարց է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը