Լրահոս

14.02.2014 22:26


Յուրի Վարդանյանի որդին թմրանյութով մատնոցը կուլ է տվել, երբ նկատել է ոստիկաններին

Յուրի Վարդանյանի որդին թմրանյութով մատնոցը կուլ է տվել, երբ նկատել է ոստիկաններին

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին` 29-ամյա Դավիթ Վարդանյանը իրեն մեղավոր է համարում միայն թմրամիջոցը ձեռք բերելու և օգտագործելու համար։ News.am–ի փոխանցմամբ, այս մասին ամբաստանյալը հայտնեց փետրվարի 14-ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում կայացած գործով հերթական նիստին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 2013թ. հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 12-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում առանց իրացնելու նպատակի 106 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոց գնելու համար, որից 7 գրամը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ և կուլ տվել, իսկ մնացածը պահել ձեռքի պայուսակում և հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ի դրությամբ մաքսանենգ ճանապարհով անցկացրել ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով։

15 րոպե ուշացումով սկսված դատական նիստում ամբաստանյալի պաշտպան Վահան Հայրապետյանը առաջին հերթին շեշտեց, որ երիտասարդը թմրամիջոցը փաթաթել է ոչ թե մատնոցների, այլ ռետինե ձեռնոցի մեկ մատնոցի մեջ։ Սա, ըստ պաշտպանի, միակ անհամապատասխանությունը չէ։

«Երբ Դավիթ Վարդանյանը ԻԻՀ-ից մուտք է գործել ՀՀ Մեղրու մաքսակետով, քննիչը անհասկանալի միտումով չի հարցաքննել մաքսավորներին և չի պարզել, թե ովքեր են կատարել Դավիթ Վարդանյանի մաքսային զննումը՝ պարզելու, թե ինչ փաստաթուղթ կամ հայտարարագիր է գրանցվել այդ օրը, երբ պաշտպանյալս հատել է սահմանը։ Եթե օպերատիվ տվյալներով հայտնի է եղել, որ Դավիթ Վարդանյանը մաքսանենգ ճանապարհով թմրանյութ է տեղափոխում Հայաստան, ապա ինչու՞ նրան չեն ձերբակալել հենց մաքսակետում»,-ասաց Վահան Հայրապետյանը։

Պաշտպանը միջնորդեց որպես վկաներ ցուցմունք տալու համար դատարան հրավիրել Դավիթ Վարդանյանին մաքսային զննում կատարած Մեղրու մաքսակետի աշխատակիցներին։ Սակայն մեղադրող կողմը դատարանին ներկայացրեց իր դիրքորոշումը, ըստ որի, մաքսավորներին հրավիրելու կարիք չկա, քանի որ դա «տակտիկական օպերացիա էր», որը ենթադրում էր բացահայտել թմրանյութերի իրացման խնդիրը։

Մեղադրող կողմն ընթերցեց մեղադրական եզրակացությունը, ինչից հետո, ըստ կարգի, դատավոր Նապոլեոն Օհանյանը ամբաստանյալից պարզեց, որ վերջինն իրեն մեղավոր է համարում միայն թմրամիջոցը ձեռք բերելու և օգտագործելու համար։

Դավիթ Վարդանյանը պատմեց, որ ինքը ոչ թե Իրանում է գնել թմրամիջոցը, այլ Ագարակի գազալցակայանում կայանած իրանցիներից, ուր գնացել էր ծխախոտ գնելու։

«Հանդիպեցի իրանցի երիտասարդներին, հարցրեցին՝ ծխախոտ որտեղից կարող են գնել, տեղը ցույց տվեցի և իմ ձեռքի տուփից հյուրասիրեցի, ծանոթացանք, անգլերեն էինք խոսում։ Ծխախոտ տվեցի, կրակայրիչ ուզեց, տվեցի, կատակով հարցրեց՝ ծխում ե՞ս,ասեցի՝ ծխում եմ՝ սիգարետ և ուրիշ բաներ։ Առաջարկեցին, ես էլ ասացի՝ այո, ուզում եմ, ո՞նց կարող եմ ձեռք բերել, այն մտքով,որ ինքը ինձ պիտի մի քիչ ծխելու տար։ Բայց հարցրեց՝ ինչքա՞ն գումար կարող ես տալ, 2000 դրամից բացի մոտս կար նաև 100 ամերիկյան դոլարանոց, ասեցի՝ էսքան որ տամ, ինչքա՞ն կարաս տաս, ասաց՝ սպասի հեսա կգամ։ 10-15 րոպե հետո ձեռով կանչեց, մոտեցա իրան, ինձ տվեց շոկոլադե պլիտկայի չափ, ես էդքան չէի տեսել,արագ սեղմել եմ, դրել գրպանս և հեռացել եմ»,- պատմեց նախարարի որդին։

Նրա խոսքով՝ զանգվածի մի կտորը գիշերը ծխել ու քնել է, իսկ առավոտյան պոկած կտորի մնացորդները տեղավորել է իր ուղեկցի՝ հոր ընկերոջ՝ Կարապետ Գևորգյանի պայուսակից հանած ռետինե ձեռնոցի մատնոցի մեջ և տեղավորել իր ջինսե տաբատի գրպանում։

Մանրամասները՝ News.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը