Մեկնաբանություն

14.02.2014 22:50


Ծառուկյանի ու Սարգսյանի հեռակա բանավեճի մեկնարկը տրվեց

Ծառուկյանի ու Սարգսյանի հեռակա բանավեճի մեկնարկը տրվեց

Սերժ Սարգսյանն այսօր հերթական այցն է կատարել նախարարություն։ Այս անգամ հերթը Քաղաքաշինության նախարարությանն էր։ Հերթական անգամ նրան հարց ուղղեցին ոչ թե լրագրողները, այլ լրագրողներին փոխարինող պետծառայողները, ովքեր հետաքրքրվում էին, թե արդյոք Մաքսային միություն մտնելուց հետո ապրանքներն ու ծառայությունները Հայաստանում կտրուկ թանկանալո՞ւ են։

Եթե նման հարց է հնչեցվել, նշանակում է Բաղրամյան 26–ում ցանկացել են այդ հարցին պատասխանել և նախապես պատրաստվել են դրան։

Հանրությանը բավական ուշագրավ տնային աշխատանք մատուցվեց։ Ս. Սարգսյանը գնաճին վերաբերող հարցին ի պատասխան նշեց, որ որոշ բաներ կթանկանան, իսկ որոշ բաներ կէժանանան, բայց կտրուկ թանկացում չի լինի։

Դե եթե ՀՀԿ ղեկավարն ասում է, որ կտրուկ թանկացումներ չեն լինի, ուրեմն չեն լինի այնպես,

ինչպես տնտեսական ճգնաժամի խոստացված շրջանցումը եղավ,

ինչպես նոր ատոմակայանի շինարարությունը սկսվեց 2009–ից,

ինչպես Իրան–Հայաստան երկաթգիծը գործարկվեց,

ինչպես Սերժ Սարգսյանը մեկնեց Թուրքիա հայ–թուրքական բաց սահմանով,

ինչպես նախորդ տարին փակեցինք 7 տոկոսանոց տնտեսական աճով,

ինչպես չթանկացավ գազի գինը,

ինչպես աշխատավարձերի աճի տեմպն առաջ ընկավ գնաճից,

ինչպես ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրեց Հայաստանը,

ինչպես ՄՄ մտնելուն խանգարեց ՌԴ–ի հետ ընդհանուր սահմանի բացակայությունն ու սուվերենության կորստի գիտակցումը,

ինչպես Սերժ Սարգսյանը քննադատեց Զորի Բալայանին՝ Պուտինին ուղղված հայտնի նամակից հետո։

Մի խոսքով, ՀՀ քաղաքացիները շատ լավ տեղյակ են Սերժ Սարգսյանի խոսքի ու խոստումների արժեքին։ Դե իսկ նրա ճշգրիտ կանխատեսումների առումով ընդհանրապես խոսք չկա։

Քաղաքաշինության նախարարություն այցի մասին պատմող մամլո հաղորդագրությունից ու պատասխանատու հեռուստաընկերությունների ռեպորտաժներից տեղեկացանք նաև, որ Սերժ Սարգսյանը կրկին անդրադարձել է գաղջ մթնոլորտի թեմային։ Ճիշտ է, նա այդ բառը չի օգտագործել, բայց ասելիքը գաղջին էր վերաբերում։

Սարգսյանը նշել է, որ իրենք լավ որոշումներ են կայացնում, բայց մի քանի լրատվամիջոցների ու քաղաքական ուժերի կողմից է առավոտից մինչև կեսգիշեր ամեն ինչ վատ ներկայացվում։

Փաստորեն, ըստ Սերժ Սարգսյանի՝ մեզանում ամեն ինչ լավ է, բայց կա դրա վատ PR։ Ահա այսպիսին է գործող նախագահի գնահատականը մեզանում առկա իրականությանը։

Հիշեցնենք, որ նմանատիպ կարծիք էր ամիսներ առաջ հայտնել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանն իր մի քանի ժամանոց ասուլիսի ժամանակ։ Ըստ Տ. Սարգսյանի՝ իրենք բարեփոխումներ են անում, իսկ ահա չար և մութ ուժերը (հատկապես լրատվամիջոցները) վատ լույսի ներքո են հանրությանը մատուցում դրանք։

Ըստ Սերժ և Տիգրան Սարգսյանների ստացվում է, որ ՀՀ շարքային քաղաքացիներն իրենց կյանքի որակի մասին դատում են ոչ թե սեփական եկամուտներն ու վճարունակ պահանջարկը համեմատելով, ոչ թե երկրում տիրող բիզնես–միջավայրը գնահատելով, այլ մամուլի մի քանի միջոցներին և ոչիշխանական քաղաքական ուժերի հայտարարություններին հետևելով։ Սա, ըստ էության, հոգեխանգարմունքի նոր տեսություն է,

երբ մարդը լավ է ապրում, բայց ինքը գլխի չի ընկնում դրա մասին,

երբ տնտեսությունն աճում է, բայց վիճակագրական ծառայությունը անկում է արձանագրում,

երբ իշխանությունները լավ որոշումներ են կայացնում, բայց մարդիկ արտագաղթում են։

Սրանք, կրկնենք, իշխանությունների ընկալումն ու գնահատականն է երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Որպես լուծում Սերժ Սարգսյանն առաջարկում է ակտիվորեն քարոզել իրենց լավ գործերը (երևի նկատի ունի «ֆուտբոլային» դիվանագիտությունը, մեկ գիշերվա ընթացքում 300 մլն դոլար գազի պարտքի գոյացումը կամ Որոտանի կասկադի խիստ մութ գործարքը)։ Իսկ դա նշանակում է, որ վարվող քաղաքականությունը շարունակվելու է և փոփոխության չնչին ցանկություն անգամ չկա (քանզի ամեն ինչ լավ է և մնում է միայն թունոտ լրատվամիջոցներին հակադարձել)։ Թե որքանով է այս տեսակետը հիմնավորված և անկեղծ, թողնենք հանրության դատին։

Ի դեպ, ընդամենը մի քանի ժամ անց ԲՀԿ համագումարի ժամանակ ելույթ կունենա Գագիկ Ծառուկյանը։ Կասկածից վեր է, որ նա գնահատականներ կտա մեր իրականությանը։ Հանրությունն, ըստ այդմ, փայլուն հնարավորություն կստանա համեմատել Ծառուկյանի ու Սարգսյանի խոսքերը, գնահատականները և լուծումները։ Դրանից հետո վստահաբար դժվար չի լինի սեփական եզրահանգումներն անել և կարծիք կազմել այդ երկու գործիչների պատկերացումների մասին։

Ընդամենը մի քանի ժամ, և կտեսնենք, թե ԲՀԿ և ՀՀԿ ղեկավարներից ում ընկալումն է ուղիղ, իսկ ումը՝ ծուռ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը