Լրահոս

15.02.2014 15:09


Նաիրա Զոհրաբյան. «Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու տաբու չկա»

Նաիրա Զոհրաբյան. «Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու տաբու չկա»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության այսօրվա համագումարից հետո լրագրողները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ ԲՀԿ–ն չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն ասել է, որ այսօր իրենց օրակարգում կառավարությա՛ն հրաժարականի խնդիրն է, և 4 քաղաքական ուժերը այդ հարցի շուրջ, կարծեք թե, կարողանում են գալ համախմբման։ Օսկանյանը բացատրել է՝ այն խնդիրները, որոնք լուծումներ են ենթադրում, հենց կառավարության լիազորությունների շրջանակներում են։ Օրինակ՝ կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգը, գազի թանկացումը, ժողովրդի կենսամակարդակի հարցը, արտագաղթը և այլն։

–Առավել ևս, որ սա խորհրդարանական գործընթաց է՝ վարչապետի նշանակումը մեծամասնության լիազորությունն է, դա խորհրդարանական լիազորություն է, և մենք ուզում ենք այդ ծիրի մեջ մնալ։ Բայց մենք ոչինչ չենք բացառում. մենք գիտենք, թե երկրի իրավիճակի գլխավոր պատասխանատուներն ովքեր են։ Ըստ իրավիճակի թելադրանքի՝ մենք համապատասխան դիրքորոշում կորդեգրենք,–ասել է Վ. Օսկանյանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ վստահեցրել է.

–Չկա՛ որևէ հարց, որը քննարկելի չլինի 4 քաղաքական ուժերի օրակարգում, կամ տաբու լինի, այդ թվում և՝ ձեր բարձրացրած հարցը։ Որովհետև չկա՛ որևէ պաշտոնյա ՀՀ–ում, ով մտածի, որ ժառանգաբար այդ պաշտոնը ստանձնել է, և ժառանգաբար կցված է իրեն։ Ցանկացած հարց քննարկելի է։ Մեզ համար առաջին հերթին ամենակարևորը ժողովրդից եկող իմպուլսներն են լինելու։ Մենք արձագանքելու ենք այդ իմպուլսներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը